HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ն. Երիցյան. «Բնության վրա ազդեցությունները շատ ավելի փոքր են, քան աղմուկ ենք բարձրացնում»

30_10-N-EritsyanՀոկտեմբերի 25-ին  Ախթալայում կայացած «Խորովածի փառատոն»-ին մասնակցում էր նաեւ Էկոնոմիկայի նախարար  Ներսես Երիցյանը: Նա պատասխանեց «Հետքի» Լոռու մարզի թղթակցի հարցերին: Պրն նախարար, տեղյակ ե՞ք , որ Շամլուղի հանքավայրը  Ախթալայի «Մեթըլ Փրինս» ընկերությունը  շահագործում է առանց հասարակական իրազեկման,   բաց հանքավայրի  հողատարածքը  մեկ տարուց ավել օգտագործելով՝  նա առայսօր հողի հարկ չի վճարել: Մեր օրենքը հստակ սահմանում է այն ընթացակարգերը , որով հանքը  պիտի  շահագործվի, եւ բնական է` բնության վրա ազդեցությունը գնահատվում է առանձին, եւ դա դրվում է հանրային քննարկման մինչեւ հանքի շահագործումը: 30_10-ShamlughԳտնու՞մ եք, որ փաստորեն, Շամլուղում կատարվել է օրենքի խախտում: Ես մանրամասներին տեղյակ չեմ , ճիշտն ասած, բայց Ձեր ասածի հիման վրա ես կվերցնեմ այդ տեղեկատվությունը եւ կփորձեմ զբաղվել: Թումանյանի տարածաշրջանում, ինչպես տեղյակ եք, սփռված են բազմաթիվ պոչամբարներ, այդ թվում  խորհրդային տարիներից ժառանգություն մնացած Մադանի մկնդեղի գերեզմանոցը, Ախթալա  քաղաքի «Սվինեց» թաղամաս տանող ճանապարհի եզրին, Փոքր Այրում եւ  Ճոճկան գյուղերի տարածքներում գտնվող պոչամբարները: Սպասվում է նոր պոչամբարի շահագործում նաեւ Թեղուտում: Հանքարդյունաբերությունը տարածաշրջանում ընդլայնվում է, իսկ բնապահպանական հիմնախնդիրները շարունակվում են չլուծվել: Չե՞ք կարծում, որ դրանք աննախադեպ ազդեցություն են թողնում բնակչության առողջության վրա: Ասենք, որ Ալավերդու առողջապահական կենտրոնում 2009թ.-ի հունվարի 1-ի դրությամբ գրանցված են եղել 400 ուռուցքային հիվանդներ: Կենտրոնից մեր թերթին վերջերս տեղեկացրել են, որ գրեթե ամեն օր ուռուցքով  նոր հիվանդ են գործուղում Երեւան: Ուռուցքային հիվանդությունները հիմա տարածված են ամբողջ աշխարհում եւ բավականին երիտասարդանում են, դրա համար, ասենք թիվը, որ դուք  բերում եք, բնավ չի նշանակում, որ ազդեցությունների ցանկը արդյունաբերությունից է գալիս: Միջազգային առողջապահական կազմակերպությունները փաստում են, որ ուռուցքային հիվանդությունների 20 տոկոսը էկոլոգիական ազդեցությունների արդյունք է: Ընդհանրապես, աշխարհում այդ հիվանդությունը միջավայրից է գալիս, մարդը, եթե ստրեսներ է տանում, շատ դեպքերում քաղցկեղ է առաջանում: Եվ կարող է  էդ  տան դիմացը աղբ լինի, այն իրեն նեղություն տա, եւ 10 տարիների ընթացքում իմունային համակարգը հակառակ ազդեցությունը տա: Գիտե՞ք ինչ է, ցանկացած բան կախված է զարգացման մակարդակից: Եթե մարդիկ ձգտում են եկամուտներ ստեղծել, որովհետեւ դա է առաջնահերթ, քան ավելի բծախնդիր լինել բնության պահպանության հանդեպ, այդ ձգտումները շատ դժվար է պահպանել,  մանավանդ, եթե մենք ունենք օրենքներ,  եւ այդ օրենքները թույլ են տալիս, հիմա ամբողջ աշխարհում թույլ են տալիս շահագործել: Եվ ապագայի մասին խոսակցություն է լինում, կարող եք  եվրոպական երկրների փորձը նայել, որոնք զարգացման  տարբեր փուլեր անցնելով՝ վերջիվերջո հասել են նրան, որ փակել են այդ հանքերը կամ շահագործումը դադարեցրել են, որովհետեւ անցում են  կատարել  ավելի բարձր տեխնոլոգիաների: Մենք անցում պիտի կատարենք  եւ երեւի թե մի քիչ ավելի համբերատար պետք է լինենք, իսկ մեր գնահատականներով` բնության վրա ազդեցությունները շատ ավելի, կարծում եմ, փոքր են, քան մենք  աղմուկ ենք բարձրացնում դրա իմաստով, որովհետեւ այն օգուտները, որ մենք ստանում ենք բնակչության եկամուտների մասով, եւ կենսամակարդակը տարիների ընթացքում՝ բարելավման իմաստով, կարծում եմ, արդարացնում է այն գործողությունները, որ այսօր մեր օրենսդրությունը մեզ թույլ է տալիս: Ժամանակի ընթացքում միշտ հնարավոր է դա ուղղել, դա ցույց է տալիս, ինչպես ես վկայակոչում եմ, զարգացած եվրոպական երկրների փորձը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter