HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Ինչո՞ւ է ձեզ թվում, թե դուք ավելի շատ բնապահպան եք, քան մենք»

Գյումրու Արագած փողոցում կանաչ տարածքը կառուցապատելու քաղաքապետի որոշումը չեղյալ է համարվել

Գյումրիի Վարդանանց հրապարակից եղևնիների տեղափոխումը, Արագած ճեմափողոցում իրականացվող շինարարական ծրագրերն ու դրանցից բխող բնապահպանական խնդիրները ակտիվ հասարակական կազմակերպությունների ջանքերով հայտնվել էին նաև քաղաքաշինության նախարարության ուշադրության կենտրոնում:

Ի պատասխան «Գյումրու Վարդանանց հրապարակի և Արագած ճեմափողոցի քաղաքաշինական վիճակի ու պլանավորվող աշխատանքների վերաբերյալ» Գյումրիի 30-ից ավելի հասարակական կազմակերպության, լրատվամիջոցների ներկայացուցիչների և անհատ քաղաքացիների հայտարարությանը` ՀՀ քաղաքաշինության նախարարության առաջարկով տեսակետները հստակեցնելու և խնդրին վերջնական լուծում տալու նպատակով այսօր անցկացվեց քննարկում` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

«Եղևնիները ոչ թե կտրում ենք, այլ տեղափոխում ենք, և խոսքն էլ ոչ թե 7, այլ 3-4 եղևնու մասին է, որոնք ցանցառ են, «մակուշկեկը» վնասվել են ու գեղեցիկ չեն նայվում,- բացատրեց փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը:- Ես զարմանում եմ, թե ինչու եք ընդդիմանում դրան: Ինչո՞ւ է ձեզ թվում, թե դուք ավելի շատ բնապահպան եք, քան մենք: Մենք ուզում ենք ընդամենը բացել Ամենափրկիչ եկեղեցու տեսքը, որպեսզի լավ նայվի, աչքին ավելի գեղեցիկ լինի»:

Քաղաքաշինության ներկայացուցիչ, ճարտարապետ Ռազմիկ Օհանյանը համակարծիք էր Գագիկ Մանուկյանին: Ըստ նրա` ծառն ինքնանպատակ չի լինում, ինչպես նաև շինությունը, և դրանք պիտի համապատասխանեն քաղաքաշինական միջավայրին:

«Այդ դեպքում ինչո՞ւ չեք քանդում նախկին «Զիգզագի» անճաշակ շենքը, որ իր տեսքով խաթարում է ողջ հրապարակի քաղաքաշինական տեսքը, փակում Յոթվերք եկեղեցու արևմտյան հատվածը և ոչ թե լավ չի նայվում, այլ ընդհանրապես չի նայվում»,- հակադարձեցին դահլիճից:

Եթե եղևնիների տեղափոխման խնդրում Քաղաքաշինության ներկայացուցիչները քննադատական երանգ պարունակող որևէ խոսք չհնչեցրին, ապա նույն դիրքորոշումը չեղավ Արագած ճեմափողոցի` քաղաքաշինական և բնապահպանական նորմերի խախտումներով ընթացող կառուցապատման վերաբերյալ:

«Այն, ինչ արդեն արվել է, արվել է խախտումներով, ու փաստն արձանագրված է: Մենք չենք ասում էդ ամբողջը քանդեք. պարզապես ուզում ենք, որ շարունակությունը (քանի որ կառուցապատումն ընթացքի մեջ է) ճիշտ կատարվի,- առաջարկեց «Բիոսոֆիա» ՀԿ-ի ղեկավար Գևորգ Պետրոսյանը:

Գյումրու գլխավոր հատակագծի հեղինակ Սաշուր Քալաշյանն էլ իր հերթին վստահեցրեց, որ այսուհետև այդ հատվածում ինչ էլ արվի, միացյալ էսքիզային նախագծի համաձայն է արվելու, և ներկաներին խորհուրդ տվեց հետևել դրա իրականացմանը:

«Մենք բոլորս էլ ուզում ենք լինել օրինապաշտ, բայց երբեմն ազդակներ ու ուժեր կան, որոնց հարկադրված ենք լինում ենթարկվել,- խոստովանեց ճարտարապետը:- Եվ դա ոչ` միայն քաղաքաշինական ոլորտում, այլև քաղաքական»:

Հասարակական կազմակերպությունների ակտիվությամբ այմանավորված` նմանատիպ սխալի կանխման փայլուն օրինակ կարելի էր այս դեպքում նշել հենց նույն Արագած փողոցում ապակեպատ օբյեկտի կառուցման փորձը:

«Հարցը լուծվել է հօգուտ Գյումրի քաղաքի,- տեղեկացրեց Քաղաքաշինական պետական տեսչության պետ Սևադա Հայրապետյանը:- Չեղյալ է համարվել քաղաքապետի որոշումը, և տարածքի կառուցապատումը, փաստորեն, դադարեցվել է»:

Սևադա Հայրապետյանի կարծիքով` Գյումրիում կան ներկայումս քննարկվող թեմաներից շատ առավել կարևոր խնդիրներ, և դրանց լուծման նպատակով նա ներկաներին առաջարկեց նախ կազմել գյումրեցի հարուստ մարդկանց ցուցակը, ստեղծել բանկ, հավաքել գյումրեցի տաղանդաշատ ճարտարապետներից մի խումբ ու համատեղ լուծել բոլոր խնդիրները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter