
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԼՂՀ Ազգային ժողովի «ՀՅԴ-Շարժում 88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի վերջին նիստում հանդես էր եկել հայտարարությամբ, որում առաջարկվում է քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր կփորձեն կասկածի տակ դնել ԼՂՀ տարածքային ամբողջականությունը: Նա կասկածի տակ դնելը որակեց հակասահմանադրական քայլ:
«Հետքի» այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք համապատասխան օրենքի նախագիծ ներկայացնել ԱԺ քննարկմանը, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Այս պահին զգոնության կոչ եմ արել, ու հարցը տեղափոխել իրավական հարթություն»:
Նա միաժամանակ ընդգծեց, որ «երկրի գլխավոր օրենքում` Սահմանադրությունում, հստակ ամրագրված է այդ ամենը, եւ ստորադաս օրենքի անհրաժեշտություն առայժմ չկա»:
«Գուցե հետո անհրաժեշտություն լինի, բայց այս պահին դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում»,- հավելեց Ա.Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել