Լոռու մարզպետը հանձնարարեց մինչեւ տարվա վերջ մարել աշխատավարձի պարտքերը
Հոկտեմբերի 30-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը: Այն վարում էր մարզպետ Արամ Քոչարյանը: Նիստում քննարկվող օրակարգային առաջին հարցի` 2009թ.-ին մարզում գյուղատնտեսական աշխատանքների եւ բերքահավաքի ընթացքի մասին զեկուցեց մարզպետարարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը: Նա մարզի գյուղատնտեսական տարին որակեց բարդ և բնույթով խիստ հակասական: Նշեց, որ դժվարությունները սկսվել են հենց գարնանացանի աշխատանքների սկզբից:
«Ցանքերի վերջին տարիների դինամիկան պարզել է, որ համայնքներում աստիճանաբար նվազում են մարզի գլխավոր մշակաբույսերը համարվող տարածքների մշակումը: Խոսքը հացահատիկի, կարտոֆիլի և կերային մշակաբույսերի մասին է: Համարյա բոլոր տարածաշրջաններում մեծ ծավալի հողատարածքներ, նույնիսկ ոռոգելի տարածքներ ուղղակի չեն մշակվում: Բերքի բոլոր տեսակները, հիմնական ցուցանիշներով նախորդ տարիների համեմատությամբ նվազել են 11-25 տոկոսով: Ընդհանրապես գյուղատնտեսական ոլորտը կորցնում է իր ապրանքային արտադրությունը»,- ասաց Վոլոդյա Բունիաթյանը:
Զեկուցողը նշեց մարզի 29 գյուղերի տարերային աղետների հետևանքերը, որի ֆինանսական արտահայտությունը կազմել է 1 միլարդ 144 մլն դրամի վնաս: Մարզպետարանը արձանագրված վնասների մասին տեղեկացրել է Կառավարությանը, վերջինս էլ նախատեսել է մարզի համայնքներում 2010թ.-ին տեղադրել հակակարկտային կայաններ:
«Փոխվարչապետի կողմից հանձնարարվել է մարզպետարանին` համայնքապետերին տեղեկացնել, որ «Բարվա» ՍՊԸ-ից կարող են գնել «Զենիթ» հակակարկտային կայաններ` նախկին 10 մլն դրամի դիմաց, ներկայումս 6 մլն դրամով: Ֆինանսական հնարավորություն ունեցող համայնքները կարող են ձեռք բերել դրանք»,- ասաց Վ.Բունիաթյանը:
Նա խոսեց նաեւ այն կազմակերպությունների մասին, որոնց պատճառով տուժել են գյուղացիները: «Պարարտանյութի գումարները շատ համայնքներում գյուղացիներից հավաքվել էր այս տարվա փետրվար ամսից, սակայն գյուղացիներին այն տվեցին հուլիսի կեսերին: Այսօրվա դրությամբ որոշ համայնքներում գյուղացիներին դեռ պարտք են փետրվարին գումարները հավաքած պարարտանյութը, մատակարարող կազմակերպության` «Դվին» կոնցեռնի ֆինանսական դժվարությունների պատճառով»,-նշեց զեկուցողը:
Խոսելով Կառավարության կողմից 2009թ.-ի գյուղացիների սուբսիդավորման ծրագրի մասին էլ Վ. Բունիաթյանը նշեց. «Սուբսիդավորումը սոցիալական բնույթ չպետք է կրի, սուբսիդավորման տակ պետք է ընկնեն այն հողատերերը, որոնք իսկապես հող են մշակում»:
Անդրադառնալով շուկայում գյուղատնտեսական մթերքների ցածր գներին, մարզի գլխավոր գյուղատնտեսը ասաց, որ գյուղացիները իրենց արտադրանքից չեն կարողանում ստանալ սպասված շահույթը: Սակայն նա չխոսեց այն մասին, որ մարզի գյուղ-մթերքների հիմնական շուկաները «նվաճել» են վերավաճառողները: Այդ մասին բոլոր գյուղերում գյուղացիները նշում են մեզ հետ զրույցներում:
Մարզպետի պահանջով Վ. Բունիաթյանը անդրադարձավ աշնանացանին: «Արդեն 4000 հա-ի կարգի աշնանացան է կատարվել` անցյալ տարվա 5100 հա-ի դիմաց և վտանգներ կան աշնանացանի նախորդ տարվա ցուցանիշը ապահովելու գործում»,- տեղեկացրեց նա:
Պարզվեց, որ այս տարի մարզում 45 հազար տոննա կարտոֆիլի բերք է հավաքվել, բանջարեղենի նախորդ տարվա մակարդակը ապահովվել է: Կարևոր ցուցանիշ դիտվեց խոտի կուտակումը, որը նախորդ տարվա 76 հազար տոննայի դիմաց` այս տարի կազմել է 80 հազար:
Իրականում այստեղ ոգևորվելու լուրջ առիթ չկա, քանի որ ցուցանիշն ապահովվել է չմշակվող վարելահողերը գյուղացիների կողմից որպես խոտհարքներ օգտագործելու հաշվին: Զեկուցման մեջ շրջանցվեց գյուղատնտեսության կենսական ճյուղը` անասնապահությունը, այդ թվում` մսի, կաթի և մյուս մթերքների արտադրության վիճակը:
Մարզպետ Արամ Քոչարյանը զեկուցողին հիշեցրեց մարզպետարանի կողմից դեռ նախորդ տարի մշակված` մարզում ոչխարաբուծության զարգացման հայեցակարգի մասին:
«Շուկայում վերջին շրջանում ոչխարի մսի գների աճը, փաստում է, որ պետք է կյանքի կոչել մեկ տարի առաջ մշակված հայեցակարգը»,-ասաց Ա. Քոչարյանը:
Մարզպետը հանձնարարեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը միջոցներ ձեռնարկել առանձին համայնքներում ոչխարաբուծության զարգացման համար:
Օրակարգի 2-րդ հարցի`մարզի համայնքների սեփական եկամուտների 9 ամիսների ցուցանիշների վերլուծությամբ և աշխատավարձերի պարտքերի մարման ընթացքի մասին զեկուցեց մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ անցած 9 ամիսների ընթացքում համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման գործում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արձանագրվել է աճ:
Համայնքների վարչական բյուջեներով 2009թ.-ի նախատեսված 3 մլրդ 349 մլն մուտքերի դիմաց հավաքագրվել է 2 մլրդ 854 մլն դրամ, որից վարչական բյուջեի սեփական եկամուտները փաստացի կազմել է 889 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 740 մլն դրամի դիմաց:
Սևակ Հարությունյանը փաստեց, որ այս տարի ավել է հավաքագրվել 149 մլն դրամ եկամուտ: Այդուհանդերձ Սարատովկա, Միխայլովկա, Նովոսելցովո, Վահագնաձոր, Անտառամուտ, Քարաբերդ, Լոռի-Բերդ, Պուշկինո, Դարպաս, Կաճաճկուտ, Չկալով և այլ համայնքներում եկամուտների ցածր մուտքեր է ապահովվել:
«Եթե Գուգարքի տարածաշրջանից մենք հանում ենք Վանաձոր քաղաքը, ապա Գուգարքի տարածաշրջանում ստացվում է, որ սեփական եկամուտները կատարված է ընդամենը 52 տոկոսով, Ստեփանավանի տարածաշրջանը` 52,8 տոկոսով, Տաշիրի տարածաշրջանը` 52,9 տոկոսով»,-ասաց զեկուցողը:
Վարելահողերի մշակման ցածր տոկոսը չէր կարող ծանր հետևանքներ չթողնել համայնքների հողի հարկի հավաքագրմանը: Պարզվեց` հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների ընդհանուր ծավալում հողի հարկի փաստացի տեսակարար կշիռը կազմել է 28,5 տոկոս, գույքահարկինը՝ 27,3 տոկոս: Հողի հարկի նախատեսված 440 մլն դրամի դիմաց հավաքագրումը կազմել է 253 մլն դրամ:
«Նախորդ տարվա համեմատությամբ հողի հարկի առավել աճ ունեն Սպիտակը, Թումանյանը եւ Գուգարքը»,- տեղեկացրեց Ս. Հարությունյանը:
Հավաքագրման ցածր, մինչև 30 տոկոս ցուցանիշ են ապահովել 5 համայնքներ, իսկ մինչ 20 տոկոս հավաքագրում ունեն 3 համայնքներ: Հավաքագրման ծավալն առավել ցածր է Շամլուղ քաղաքում, այն կազմում է 9,7 տոկոս:
Երեք ամսում մարզի 36 համայնքներ, նախորդ տարվա համեմատությամբ ունեցել են հողի հարկի հավաքագրման նվազեցում: Սևակ Հովհաննիսյանը նաև փաստեց, որ համայնքների մեծ մասում եկամուտների 9 ամիսների արձանագրված ցուցանիշները կատարվել են մեծ մասամբ գյուղացիների նախորդ տարիների հողի հարկերի պարտքերի հաշվին:
«Գանձված ապառքների գումարները նվազեցնելուց հետո պարզվել է, որ հարկի արտոնությունների կիրառման արդյունքում ընթացիկ տարվա պարտավորությունները 79 համայնք չեն կատարել: Դուք կուտակում եք նոր պարտքեր 2009թ.-ից»,- համայնքապետերին զգոնացրեց ֆինանսատնտեսական վարչության պետը:
Նիստում ամփոփիչ խոսքով հանդես եկավ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը: Նա ասաց, որ մեխանիզմներ պետք է մշակել 10-15 տարով համայնքներից բացակայող եւ հողի հարկեր չվճարող քաղաքացիների հողերը հետ վերցնելու համար: Անընդունելի համարեց աշխատավարձի պարտքեր կուտակելը:
«Մոտ 42 մլն դրամ է նախկին տարիների հետ միասին այսօրվա աշխատավարձի պարտքը: Տարեվերջին այս պարտքերը պետք է մարված լինեն, աշխատավարձի պարտքի մասին այլևս չենք խոսելու»,- համայնքապետերին հանձնարարեց մարզպետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել