HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղում չեն պատրաստվում տարածքներ զիջել

«Մենք, Արցախի տարածք ասելով, հասկանում ենք Սահմանադրությամբ ամրագրված ներկայիս փաստացի տարածքները»,- այսօր լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարեց ԼՂՀ վարչապետ, արդեն «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արա Հարությունյանը` ընդգծելով, որ չեն պատրաստվում տարածքների զիջման: Արա Հարությունյանը միաժամանակ շեշտեց, որ կառավարության ծրագրերը` Քարվաճառում բազմաբնակարան շենքերի շինարարության, Խաչենում ջրամբարի կառուցման, Աղդամ-Մարտակերտ ճանապարհահատվածի, Վարանդա ջրամբարի վերակառուցման, ոռոգման համակարգի զարգացման, առաջիկայում Կովսականի դպրոցի վերանորոգման եւ այլ աշխատանքների հետ կապված, հենց վկայությունն են այն բանի, որ Ղարաբաղում չեն պատրաստվում տարածքներ հանձնել: «Մենք ունենք մեր տեսակետը եւ առաջնորդվելու ենք մեր սկզբունքներով»,- հավելեց նա: Լրագրողներից մեկի այն հարցին, թե որքանով է ՀՀ իշխանությունների դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում տարբերվում ԼՂՀ դիրքորոշումից, Արա Հարությունյանը պատասխանեց, որ Հայաստանի իշխանությունները եւս ունեն նման կարծիք (խոսքը վերոնշյալ կարծիքի մասին էր-հեղ): «Ազատ Հայենիք» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ վստահում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ նրա վարած արտաքին քաղաքականությանը, որի մի մասն է կազմում նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում «մադրիդյան սկզբունքների» շուրջ բանակցելը, իսկ այդ սկզբունքները ենթադրում են նաեւ տարածքների հանձնում: «ՀՀ իշխանությունները շարունակում են բանակցել, իսկ Դուք պնդում եք, որ տարածքների զիջման չեք գնա: Սա, Ձեր կարծիքով, դիրքորոշումների տարբերություն չի՞ նշանակում» «Հետքի» հարցին ի պատասխան` վարչապետը հիշերեց, որ «մադրիդյան սկզբունքները» մշակվել են ավելի վաղ` ոչ ՀՀ այսօրվա նախագահի օրոք, և նշեց, որ իրենք, հաշվի առնելով ՀՀ նախագահի վերջին 20 տարվա գործունեությունը, իրավունք չունեն կասկածելու, որ նա հակահայկական կամ Արցախի հանդեպ ինչ-որ սխալ քայլ կանի: Անդրադառնալով «մադրիդյան սկզբունքներին»` նա շեշտել է, որ Արցախը դրանք պաշտոնապես չի ստացել, այդ մասին տեղեկանում են ԶԼՄ-ներից, եւ այդ սկզբունքներն իրենց համար չեն կարող ընդունվել որպես փաստաթուղթ: Նա վստահեցրել է, որ Արցախին առաջարկվող փաստաթուղթը կընդունվի միայն ու միայն ժողովրդի հավանությանն արժանանալուց հետո: Վերջին շրջանում շրջանառվող այն լուրերը, թե իբր Սերժ Սարգսյանը Ղարաբաղում սպայական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ խոսել է մասնավորապես Աղդամի հանձնման մասին` շանտաժի ենթարկելով նրանց, վարչապետը անվանել է հերյուրանքներ եւ որոշ մարդկանց ձեռնտու հայտարարություններ: Նա միաժամանակ ընդգծել է, որ հենց նույն Սերժ Սարգսյանի առաջարկությամբ է հիմա վերակառուցվում Մարտակերտ-Աղդամ ճանապարհը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter