HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

ԼՂՀ պատվիրակության հանդիպումները Մարսելում

Ինչպես հայտնում են ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ԼՂՀ պատվիրակության Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում օրերս ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը Մարսել քաղաքում հանդիպում է ունեցել քաղաքի եւ հարակից շրջանների հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ միությունների ներկայացուցիչների հետ: Հանդես գալով մարսելաբնակ հայրենակիցներին ուղղված ողջույնի խոսքով` ԼՂՀ ԱԺ նախագահը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց պատվիրակության այցելության ծրագիրը, կայացած հանդիպումներից ստացած տպավորությունները և Ֆրանսիայում անցկացվելիք առաջիկա հեռախոսամարաթոնի հետ կապված խնդիրները: «Հանդիպմանը հանգամանալից զրույց ծավալվեց հայության համար հրատապ քաղաքական հարցերի, այդ թվում` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի եւ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումների շուրջ»,-նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Մարսելի քաղաքապետարանում կազմակերպվեց նաեւ պաշտոնական ընդունելություն ԼՂՀ պատվիրակության պատվին: Ընդունելությանը, Մարսելի քաղաքապետի անունից ողջունելով ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին,  քաղաքապետի առաջին տեղակալ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ռոլան Բլյումն ընդգծեց Մարսելի բնակչության ու քաղաքի իշխանությունների համակրանքը ԼՂՀ անկախության պայքարի հանդեպ: Ռոլան Բլյումը Մարսելի քաղաքապետի անունից Պատվո մեդալ հանձնեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին: Իր հերթին Աշոտ Ղուլյանը Ղարաբաղյան շարժման 20-ամյակին նվիրված հուշամեդալ հանձնեց Մարսելի փոխքաղաքապետին: Նա միաժամանակ վերահաստատեց Արցախի ժողովրդի հավատարմությունը ազատության եւ անկախության համամարդկային արժեքներին: Մշակութային եւ երիտասարդական բնույթի համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու առաջիկա անելիքներն են քննարկել մեր պատվիրակության անդամները «Ֆրանսիայի հայ երիտասարդություն» (JAF) միության մշակութային կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter