HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Տղաները «Հայրենիք չունեն, որ ծառայեն»

«Բանակից եկա, մեր տունը չգտա, տան տեղը մի մեծ փոս էր, երեւի 20 մետր խորությամբ,- հիշում է 23-ամյա Հովհաննեսը,- ինձ չէին ասել, որ պետությունը մեր տունը վերցրել է, որ ծառայության ընթացքում վատ չզգայի, եկա` իմ աչքով տեսա»:

Հովհաննեսն իրենց ընտանիքի միակ տղան է, որ ծառայել է հայոց բանակում, նրա երեք եղբայրները չեն զինվորագրվել, քանի որ, ինչպես իրենք են ասում, «Հայրենիք չունեն, որ ծառայեն»: «Ես պաշտպանության նախարարությունում ասել եմ` թող ծառայեն նրանք, ովքեր հայրենիք ունեն, իմ էրեխեքը հայրենիք չունեն,- ասում է 5 երեխաների մայր Մարիամ Գիշյանը,- Հայրենիքը նրա համար է, որ պաշտպան կանգնի քաղաքացուն, աջակցի նրան, մարդն էլ պարտավոր է հայրենիքին ծառայել նրա համար, որ թշնամին չգա իր տունը զավթի, թալանի: Եթե այդ բոլորն արդեն արել են մեր իշխանությունները, էլ ի՞նչ հայրենիք»: Մարիամը 4 որդի եւ մեկ դուստր ունի: Գայանեն ընտանիքի ավագ զավակն է, նա եւս չի ցանկանում, որ եղբայրները ծառայեն, քանի որ չափազանց վիրավորված է հայրենիքից: «Ինչո՞ւ կամ ո՞ւմ համար ծառայեն, եթե մեր պետությունը մեզ հետ այդքան դաժան է վարվել, մենք փոքր էինք, դպրոց էինք գնում, ամեն ինչ գողացան- տարան, ես այդ օրը որ հիշում եմ...շատ ահավոր օր էր»,- ասում է Գայանեն: Այդ օրը 2004 թվականի փետրվարի 15-ն էր, գիշեր էր: Լալայանց փողոցում (ներկայիս Հյուսիսային պողոտայում) բնակվող Մարիամն ու նրա զավակները հանգիստ քնած էին` չիմանալով, որ րոպեներ անց իրենց տունը պետք է քանդեն: «Գիշերը տրակտորը պատս քանդեց, մտավ տան մեջ, ոչ մի բան չենք հասցրել վերցնել, հազիվ երեխաներիս եմ ներքնազգեստով փախցրել, որ պատի տակ չմնան: Մենք հետո ենք իմացել, որ մեր տան վերաբերյալ դատարանը 1 տարի 3 ամիս առաջ որոշում է կայացրել, որ պիտի քանդեն, մեզ էլ վտարեն»,- հիշում է Մարիամը: Րոպեների ընթացքում տնից զրկված ու փողոցում հայտնված ընտանիքը առաջիկա 8 օրն անցկացնում է հյուրանոցում, այնուհետեւ տուն է վարձակալում: «Դատական ակտերի հարկադիր կատարողների բերած բանվորները ինչ հասցրեցին` այդ գիշեր թալանեցին: ԴԱՀԿ-ի պահեստ մտավ իմ իրերի մի փոքրիկ մասը միայն»,-ասում է Մարիամը: Մարիամը դատարանում միշտ պարտվել է, քանի որ որոշվել էր իր եւ բազմաթիվ այլ քաղաքացիների հաշվին Հյուսիսային պողոտա կառուցել` նվազագույն գնով եւ առավելագույն շահույթ ստանալու ակնկալիքով: Իսկ տան եւ հողամասի նկատմամբ Գիշյանի սեփականության իրավունքը դատարնն անվավեր է ճանաչել, ընտանիքին տվել է օգտագործողի կարգավիճակ, այնուհետեւ վճռել է վտարել նրանց: «Իմ սեփականության վկայականը տարան, այնպիսի բաներ փոխեցին, գրեցին, որ ես այդ տարածքի սեփականատերը չեմ, քաղաքապետարանում ինձ ասացին` մեր ձեռը չի՞, ինչ կուզենք` կգրենք, կուզենք` կգրենք, որ չես էլ ծնվել,- հիշում է Մարիամը:- Ինձ 20 հազար դոլար առաջարկեցին, բայց ես մի կոպեկ չեմ վերցրել, ոչինչ չեմ ստորագրել, ինձ իրանց ողորմությունը պետք չի, ինձ իմ ունեցվածքն է պետք»: «Մեր տների տեղը պողոտա ենք սարքել, գնացեք` տեսեք, այդ շենքերում մարդ չի ապրում, պողոտայում քայլում ես` ոնց որ գերեզմանոց լինի»,- նգում է Գայանեն: «1135 քմ հողատարածք եմ ունեցել, ներկայիս Հյուսիսային պողոտա-Տերյան խաչմերուկի փողոցի տեղը իմ հողամասն է եղել, միայն իմ տան տեղը 12 հարկանի շենք է կառուցվել: Մեր տունը 6 սենյակ էր, 2 խոհանոց եմ ունեցել, 2 մուտք, 2 սանհանգույց,- բարկությամբ պատմում է Մարիամը,- մենք լավ ենք ապրել, բայց հիմա դարձել ենք բոմժ, որովհետեւ «մեջք» չունեի, միայնակ կին եմ` 2-րդ կարգի հաշմանդամ, ուղեղի կանտուզիայով, էրեխեքս էլ անչափահաս էին, իսկ մեծ տղաս բանակում էր, դրա համար էլ պետությունը մեզ շպրտեց փողոց»: ««Ես իմ երեխաներից ամաչում եմ, որովհետեւ չկարողացա իրենց ունեցվածքը պահել: Միշտ էլ միայնակ եմ եղել: Ես որոշ խնայողություններ ունեմ, որի միջոցով մինչ օրս գոյատեւել ենք, բայց էլ չենք կարող, անընդհատ ծախսում ենք, շուտով կպրծնի ունեցածս»,- ասում է մայրը:

Հասցեն՝ «Ոչ մի տեղ հաշվառված չէ»

«Ես կարող էի բանակ չգնալ, որովհետեւ մորս միակ խնամակալն էի, բայց ինքնակամ գնացի հայրենիքիս պարտքը կատարելու, երբ վերադարձա, ոչ տուն ունեի, ոչ էլ կարողանում էի անձնագիրս վերցնել, գրանցում չունեի, չէին ուզում տալ: Մի տարի հետո տվեցին, բայց հասցես ջնջեցին, տակը գրեցին` «Ոչ մի տեղ հաշվառված չէ»,- ասում է Հովհաննեսը: Իսկ Մարիամ Գիշյանի անձնագրում նշված Լալայանց փողոցի հասցեն այլեւս գոյություն չունի, այն վերանվանվել է Հյուսիսային պողոտա: Մարիամի մյուս տղաները` Գարեգինը, Տիգրանը եւ Գրիգորը, անձնագիր չունեն: Գրանցում չունենալու պատճառով ընտանիքում ոչ ոք չի աշխատում, միայն Հովհաննեսն է ժամանակ առ ժամանակ ինչ-որ գործեր անում, սակայն չի կարողանում մշտական աշխատանքի անցնել:

«Մենք կարծես այս երկրի քաղաքացի չենք, ոչ ընտրություններին ենք կարողանում մասնակցել, ոչ նորմալ կրթություն ստանալ, ոչ աշխատանք գտնել, միայն գոյատեւում ենք»,- ասում է 25-ամյա Գայանեն: «Էս վիճակի պատճառով մեր անձնական կյանքն էլ չենք կարողանում դասավորել»,- քրոջը լրացնում է Հովհաննեսը:

02_11-m_gishyan

«Նամակ եմ գրում պաշտոնյաներին, պատասխան են ուղարկում, ծրարի վրա գրում են` «քաղաք Երեւան, Մարիամ Գիշյանին», որովհետեւ մենք հասցե չունենք, օդի մեջ ենք ապրում: Հիմա որ տղերքս գնան բանակ, ինձ նամակ պիտի գրեն` «քաղաք Երեւան, մամայիս», դրա համար էլ չեմ թողում, որ բանակ տանեն,- ասում է Մարիամը,- պետությունն իր բանակով է գոյատեւում, իսկ բանակը ժողովուրդն է տալիս, չկա ժողովուրդ` չկա բանակ»: 6 անդամից բաղկացած ընտանիքը 6 տարի շարունակ տուն է վարձակալում:

«Սա մեր ծանոթի տունն է, մի քանի օրից Մոսկվայից գալու է, չգիտենք` ուր ենք գնալու: Էս 6 տարվա մեջ էնքան տուն ենք փոխել, որ հաշիվը կորցրել ենք արդեն»,- ասում է մայրը: Տունը կորցրած Մարիամն ամեն հինգշաբթի գալիս է կառավարության շենք` իր բողոքը վարչապետին հասցնելու:

«18 տարին չլրացած տղայիս` Գոքորին, հացի խանութից բռնել էին, տարել Սովետաշենի բերդ, 10 օր նստեց, մենք բերդի դռներից այն կողմ չէինք գնում: Ինձ եկան, ասացին` մի հատ էլ միտինգ անես, ինչ-որ բան պահանջես պետությունից, տղուդ գլխին այնպիսի բան կսարքենք, բերդից դուրս չի գա»,- հիշում է Մարիամը: Գրիգորին ազատ են արձակում, իսկ Մարիամը շարունակում է մասնակցել բողոքի ցույցերին:

«Մի օր հրապարակում ցույց էինք անում, մի թուրքական թերթի խմբագիր կար այնտեղ, գրեց իմ մասին, Թուրքիայում մարդիկ կարդացին, եւ մի թուրք եկավ ու ինձ հովանավորեց, ասեց` 15 թիվը ինձ չի վերաբերում, քո ներկայիս վիճակն ավելի վատ ա, քան 15 թիվը,- պատմում է Մարիամը:- Այդ թուրքը 2 տարի մեզ պահել է, տան վարձն է վճարել: Բայց ինչո՞ւ պետք է մեր երկիրն իմ հսկայական կարողությունը թալանի ու մեզ թողնի թուրքի հույսին, սա նորմալ չի, չէ՞, բա մեր թասիբն ո՞ւր մնաց»:

Այժմ թուրք հովանավորը չի ֆինանսավորում Մարիամի ընտանիքին, փոխարենը հրավիրում է Թուրքիա` խոստանալով այնտեղ ապահովել կյանքի արժանապատիվ միջոցներ:

«Գագիկ Բեգլարյանը խոստացավ, որ պիտի մեր հարցը լուծի, հիմա էլ ասում է` չեմ անում, ես էլ ասացի` ինձ գրավոր պատասխան տվեք, որ չեք փոխհատուցում, ես կգնամ Թուրքիա: Ինձ Թուրքիայում սպասում են, ասում են` եկեք քաղաքական ապաստան խնդրեք, ձեզ այստեղ ամեն ինչով կապահովենք: Որ դեսպանատունը դիմել ենք, մերժել են, որովհետեւ էրեխեքս անձնագիր չունեն, իսկ Թուրքիայից մեզ փող են ուղարկելու, որ թողնենք այստեղից գնանք»,- ասում է Մարիամը:

Նա հասկանում է, որ եթե իրենք Թուրքիայից քաղաքական ապաստան խնդրեն, թուրքերը կարող են շահարկել այդ փաստը քաղաքական նկատառումներով. «Թուրքերին էլ է դա ձեռնտու, որ սաղ աշխարհով ցույց տան, թե Հայաստանն իր քաղաքացուն ջարդում է, գալիս են Թուրքիա, ապաստան են խնդրում: Դրանից հետո ամբողջ աշխարհի հայությունը թքելու է սրանց երեսին, ասելու են` մենք պայքարում ենք, որ Ցեղասպանությունը ճանաչվի, դուք էս մարդկանց կոտորում, քշում եք Թուրքիա: Չեմ ուզում գնամ, բայց այլ ելք չկա: Ես այստեղ ծնվել-մեծացել եմ, երեխաներս այստեղ են ծնվել, տղաս ծառայել է, ուզում ենք այստեղ ապրել, բայց ինչպե՞ս ապրենք, եթե մեր պետությունը հրաժարվել է իր քաղաքացիներից»,- ասում է Մարիամը: 50-ամյա կինը լի է վրեժխնդրությամբ, նա ատում է այն պաշտոնյաներին, որոնց անմիջական մասնակցությամբ կամ ամենաթողության հետեւանքով իրենք հայտնվել են փողոցում: «Եթե գնացի Թուրքիա, մեր նախագահից ու վարչապետից վրեժխնդիր կլինեմ, այնպես պիտի անեմ, որ նրանք էլ իմ նման էրեխեքի հետ ձյանն ու անձրեւին փողոցում քնեն: Նախագահը, վարչապետը, քաղաքապետը երեքով պետություն են, իսկ ժողովուրդը ոչ մի բա՞ն: Պետության արմատը ժողովուրդն է, իսկ մեր իշխանությունը կոտորում է ժողովրդին, չի լինի ժոովուրդ` չի լինի պետություն»: Երբ զրույցն արդեն ավարտել էինք, Մարիամն ավելացրեց. «Եթե Թուրքիայում ինձ ոչինչ էլ չտան, միայն վրեժ լուծելու համար կգնամ: Իրենք ինձ այնպիսի վերք են տվել, որը երբեք չի սպիանա ու միշտ կմխա... սա հնարավոր չէ մոռանալ, ես ամեն գիշեր հիշում եմ` ոնց տունս փլեցին մեր գլխին ու չեմ կարողանում քնել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter