Արծվիկ Մինասյան. «Տնտեսությունը խայտառակ անկում ապրեց, ու այդ անկումը դեռ շարունակվում է»
Կառավարությունն արդեն ներկայացրել է 2010 թ. պետական բյուջեի նախագիծը, որը կազմում է եկամուտների գծով` 701.7 մլրդ դրամ, ծախսերի գծով` 884.7 դրամ, իսկ դեֆիցիտը 183 մլրդ դրամ է: ՀՅԴ Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանում է Հետքի հարցերին
-2010 թ. պետական բյուջեի նախագիծը պետք է հաշվի առներ ճգնաժամի այն հետեւանքները, որոնց ականատես եղանք, եւ որոնք իրենց ուղղակի ազդեցությունը կթողնեն մեր երկրի տնտեսության վրա: Սակայն որքանո՞վ է այն համապատասխանում այս իրավիճակին: Ես այստեղ վատատեսական մոտեցում ունեմ` 2010 թ. պետբյուջեի նախագիծը, կարծում եմ, չի համապատասխանում այն մարտահրավերներին, որոնք սպառնում են մեզ: 2009 թ. բյուջեն այդպես էլ մնաց որպես սուպերլավատեսական մոտեցումների մի ամբողջություն, որը 9.2 տոկոս տնտեսական աճի ակնկալիք ուներ: Սակայն 2009-ի ընթացքը ցույց տվեց, որ բյուջեն որեւէ ձեւով չի արտացոլում իրականությունը: Հիմա էլ չեն նշմարվում այն թիրախները, որոնց մենք փորձում ենք հասնել 2010-ի բյուջեով: Կարծում եմ` 2009-ի ընդհանուր տնտեսական ուղենիշերի մեծ մասը 2010-ի բյուջեում արտացոլված չէ` թե' կառավարության հայտարարած հակաճգնաժամային քաղաքականության առումով, թե' ներգրավված վարկային միջոցներն արդյունավետ տեղաբաշխելու առումով:
-2010-ի պետբյուջեի նախագծից ելնելով` կարելի՞ է ենթադրել, որ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը տապալվել է:
-Անշուշտ, տապալվել է: 2009 թ. կառավարության դրսեւորած վարքագիծը, հատկապես այն գործողությունների առումով, որոնք կառավարությունը ներկայացրեց եւ իրականացնում է, որեւէ կապ չունի հակաճգնաժամային այն քաղաքականության հետ, որը հայտարարել էր նույն կառավարությունը: Թեեւ սկզբնական շրջանում նշվում էին այն հիմնական ուղղությունները, որոնցով պետք է իրականացվեր քաղաքականությունը, կառավարության հետագա գործողությունը ցույց տվեց, որ այդ ուղղություններից գրեթե ոչ մեկով կոնկրետ քայլեր չեն արվել: Հայտարարած քաղաքականությունը եւ ձեռնարկված գործողությունները իրար չեն համապատասխանում, ինչը բերեց ձախողման: Եվ 2010 թ. զարգացումները, որոնք ներկայացված են բյուջեի նախագծում, ցույց են տալիս, որ, ըստ էության, 2009-ին հայտարարված թիրախները որեւէ ձեւով հասանելի չեն լինում 2010-ի քաղաքականության մեջ: Ու այսպիսի պայմաններում կառավարությունը դեռեւս վարում է իր «դաս տալու» քաղաքականությունը` առանց հասկանալու, որ տնտեսությունը որոշակի օրենքների ենթակա հարաբերություն է, եւ դրանում պարտադրել սեփական վարքագիծը` առնվազն միամտություն կլինի:
-Իսկ ի՞նչ էր պետք անել իրականում, որպեսզի խուսափեինք նման իրավիճակից:
-2009 թ. կառավարությունը հայտարարում էր մի քանի վտանգներ: Առաջինը մակրոտնտեսական կայունության հնարավոր խարխլումն էր, երկրորդ` ֆինանսական հատվածի կայունության փլուզումը, երրորդ` տնտեսական աճի ապահովման համար լրացուցիչ խթանների բացակայությունը: Այս երեք հիմնական նպատակներին հասնելու համար կառավարությունն առաջ էր քաշում մի շարք գործողություններ, որոնցից առաջինը գործարար միջավայրի բարելավումն էր, այդ թվում` հարկային վարչարարության դաշտի պարզեցումն ու փոքր բիզնեսի համար վարչարարությունների հետ կապված ծախսերի էական կրճատումը: Սակայն ուղիղ հակառակ վարքագիծն է դրսեւորել կառավարությունը: Ավելին` նույն հարկային ներկայացուցչությունների ինստիտուտով փորձ էր արվում ուղղակի միջամտության բիզնես-որոշումների կայացմանը, մյուս կողմից էլ` փոքր ու միջին բիզնեսի հարկային վարչարարությունը չթեթեւացվեց, այլ հակառակը` ավելի ուժեղացվեց եւ հայտարարվեց, որ պետք է խոշոր բիզնեսին բերենք հարկման դաշտ` օգտագործելով փոքրին: Արդյունքում ստեղծվեց շահերի բախում, եւ տապալվեց ողջ ծրագիրը: Ու պատահական չէ, որ ներկայումս արդեն քննարկվող համակարգի շրջանակներում կառավարությունը հրաժարվեց 2009-ի հարկային մեկ կարեւոր մոտեցումից, որը պայմանավորված էր միակողմանի հաշվարկային փաստաթղթի ներկայացմամբ: Սա խոսում է այն մասին, որ կառավարությունն ի սկզբանե չէր գիտակցում քայլի տրամաբանական հետեւանքները: Արդյունքում հանդիպեց մի պատնեշի, որը չկարողանալով քանդել` հիմա մտածում է այլ ուղղությամբ փորձել դա անել: Բայց վերցված ուղղությունը նույնպես իրեն չի արդարացնելու, քանի որ այն հարկային փաթեթը, որը ներկայացված է, խոսում է տարեկան ընդամենը 36 միլիոն հնարավոր նվազեցումների մասին, եւ փոքր կամ միջին բիզնեսն այդքանի շրջանակներում կարող է առանց երկկողմանի փաստաթղթերի իրականացնել իր գործողությունները: Իսկ այդպիսի մեծությունը ակնհայտորեն քիչ է փոքր ու միջին բիզնեսի համար ու չի կարող նպաստել բիզնես միջավայրի զարգացմանը: Մյուս կարեւոր հանգամանքն այն էր, որ, այնուամենայնիվ, վարչարարությունը հարկային եւ մաքսային ոլորտներում այդպես էլ 2009-ի ընթացքում որեւէ էական թեթեւացում չապահովեց բիզնեսի զարգացման առումով: Մյուս գործողությունը` փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների ներգրավումը: Հսկայական վարկային միջոցներ ներգրավեց Հայաստանը, բայց երբ դիտարկում ենք, թե դրանցից որքանը մտավ տնտեսություն, ապա առնվազն անարդյունավետություն է այստեղ նկատվում: Նույն ռուսական վարկը` 500մլն ամերիկյան դոլարին համարժեք գումար վերցնելով, Հայաստանը վերցնելու իսկ պահից վճարում է տոկոսադրույքներ: Սակայն այս պահի դրությամբ դրանց շատ փոքր մասն է տեղաբաշխվել: Տնտեսության իրական ռիսկային ոլորտները, որոնք կարող էին այդ միջոցներով զարգանալ, անտարբեր են այս ռեսուրսների նկատմամբ: Կառավարությունը պետք է իրականացներ բնակչության առաջնային եկամուտների եւ երկրորդային եկամուտների բարձրացման քաղաքականություն` աշխատավարձերի, նպաստների, սոցիալական աջակցությունների եւ այլն: Ընդ որում` ուղիղ սպառողին դա պետք է արվեր, ոչ թե արտադրողին կամ ծառայություն մատուցողին: Կառավարության հայտարարած ամբողջական պահանջարկի եւ ամբողջական առաջարկի համատեղ խրախուսման քաղաքականությունը ձախողված է: Ընտրված չեն պահանջարկի, առաջարկի ճիշտ թիրախները: Արդյունքում` այսօր կանգնած ենք համակարգային ճգնաժամի առաջ: Դրա արձագանքը եղավ այն, որ մեր տնտեսությունը խայտառակ անկում ապրեց, ու այդ անկումը դեռ շարունակվում է, եւ 2010-ի վերականգնման համար իրատեսական որեւէ գնահատական չկա: Կառավարությունը 2009-ին դրսեւորեց մի վարքագիծ, որը հայտարարված քաղաքականության եւ իրականացվող քայլերի հետ որեւէ կապ չուներ:
-Դուք նշեցիք, որ ռուսական վարկի տեղաբաշխման ուղղություններն անարդյունավետ են: Ինչո՞ւ քննարկումներ չեն լինում նմանատիպ գումարների տեղաբաշխման ուղղությամբ:
-Նախ` ընդհանրապես վարկային միջոցների ներգրավման ու դրանք տնտեսության մեջ տեղաբաշխման առումով այսօր մեր երկրում գործում է բացառապես կառավարության նախաձեռնության ինստիտուտը: Այլ կերպ ասած` Ազգային ժողովն ու հասարակության լայն շերտերը օտարված են այդ գործընթացից: ԱԺ-ին կանգնեցնում են փաստի առաջ, երբ այս կամ այն բանակցությունների արդյունքում որոշակի վարկային ռեսուրսներ են ներգարվվում, կնքվում է համաձայնագիրը, եւ ԱԺ-ն ընդամենը պետք է ասի` համաձա՞յն է, թե` ոչ: Իսկ կառավարությունը խորհրդարանական մեծամասնության կառավարությունն է, այստեղ առողջ քննարկում ծավալել ուղղակի անհնար է: Այստեղ առողջ քննարկման արդյունքում ներկայացնում ես կոնկրետ հարցադրումներ, եւ առաջ է գալիս սեփական խմբին պաշտպանելու շահ: Միանգամից մեծամասնությունը սկսում է պաշտպանել կառավարությանը` առանց վերլուծելու, որ դրա արդյունքում արդյունավետ քննարկում չի լինում: Մյուս կարեւոր հանգամանքը` որպես կանոն կառավարությունը շարժվում է ոչ թե անկախ փորձագիտական գնահատականներով` այս կամ այն վարկային ռեսուրսը վերցնելիս, այլ կամ պաշտոնական ցուցանիշներով, կամ որոշակի ոլորտում արագընթաց ներդրումներ իրականացնելու ցանկությամբ: Արդյունքում վերցված վարկային միջոցները փաստացի բավականին ծանր իրադրության են հանգեցնում Հայաստանին: ԱԺ-ն ի սկզբանե պետք է մասնակիցը լինի այդ վարկային ռեսուրսների ներգրավման ու դրանց մեխանիզմների քննարկման: Հասարակության լայն շերտերն էլ պետք է կարողանան ձայն բարձրացնել: 2010-ի վերջում մենք ունենալու ենք ՀՆԱ-ի հետ համեմատած պարտքի մեծության շուրջ 46 տոկոս, ինչը չափազանց բարձր է: Ինչ վերաբերում է ռուսական վարկին, ապա այս միջոցների տեղաբաշխումը կարող է արդյունավետություն ապահովել, եթե մենք դրանք ուղղում ենք թիրախային ոլորտներ: Մի զգալի մասը հասկանալի է, որ անավարտ շինություններին են ուղղված` հատկապես աղետի գոտում, դա խրախուսելի է: Բայց մի զգալի հատված, որը պետք է նպատակաուղղված լիներ փոքր ու միջին բիզնեսի աջակցության ծրագրերին, այդպես էլ չի գտնում տեղաբաշխման արդյունավետ մեխանիզմներ:
-2010 թ. բյուջեն ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը «տնտեսության կայունացման բյուջե» է անվանել:
-Ինձ թվում է` իրենց այդ հայտարարությունները քաղաքական նպատակ ունեն ու իրականության հետ որեւէ առնչություն չունեն: Ի՞նչ կայունացման մասին կարելի է խոսել, երբ տնտեսական անկում է արձանագրվում, երբ տնտեսությունն իր խայտառակ ցուցանիշներով հանդերձ` օր-օրի ավելի վատ իրավիճակի է հասնում: Ի՞նչ կայունության մասին կարող է խոսք գնալ, երբ հայտարարվում է, օրինակ, պետական քաղաքականություն Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, բայց ոչ մի խոսք այդ սահմանի բացման տնտեսական-սոցիալական հետեւանքների մասին չկա: Պետական բյուջեի եկամուտները խայտառակ անկում են ապրել: Ի՞նչ կայունության մասին կարող է խոսել կառավարությունը, երբ իր համար նույնիսկ անկանխատեսելի է արտարժութային քաղաքականությունը: Այսքանից հետո խոսել կայունացման բյուջեի մասին` առնվազն նշանակում է, որ տեսականը չափազանց շատ է մեր կառավարության մոտ:
-Տիգրան Դավթյանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանների բացումը կբերի մեր երկրում տնտեսական աճի, որովհետեւ մրցակցությունը կսրվի, գները կնվազեն: Դա իրատեսակա՞ն է:
-Տնտեսական մակարդակով ամեն ինչ կարող ենք ասել: Որ, այո, ՀՆԱ-ն կաճի, տնտեսական զարգացում կունենա եւ այլն: Բայց մինչեւ տեսական մակարդակով դատողություններ անելը պետք է տեսնել իրական կյանքը, թե ինչպիսի՞ն է մեր տնտեսությունը, եւ արդյոք այդ ակնկալիքները կարո՞ղ ենք ունենալ: ՀՅԴ-ն իրականացրել է վերլուծություն: Մեր նպատակը չի եղել ցույց տալ, թե ձեռնտո՞ւ է սահմանի բացումը, թե՞ ոչ: Մեր նպատակն է եղել բացահայտել այն հիմնախնդիրները, որոնք կանգնած են Հայաստանի առջեւ սահմանի բացման պարագայում: Եվ դրանց թիվը` 53, ցույց է տալիս, որ ոչ միայն մեր տնտեսության ներքին մրցակցությունը չի կարող աճել, այլեւ էականորեն կարող է վնասվել: Նույնիսկ եղած պայմաններում օգտվելու են այն սուբյեկտները, որոնք Հայաստանում ունեն մենաշնորհային դիրքեր, եւ նրանք, օգտագործելով այդ հնարավորությունը, ավելի են ամրացնելու իրենց դիրքերը: Խոսել այստեղ մրցակցության մասին` կնշանակի չիմանալ Հայաստանի տնտեսության մենաշնորհի աստիճանն ու դրա պատճառները: Խոսել Հայաստանի տնտեսական զարգացումների մասին` նշանակում է չիմանալ, որ գյուղատնտեսությունը, որը սահմանի բացման պարագայում դառնում է Հայաստանի տնտեսության ամենախոցելի ոլորտը, ուղղակի անգործության է մատնվելու: Եվ այսպիսի իրավիճակում կառավարությունը առնվազն պետք է կանխարգելիչ գործողություններ իրականացնի, ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններ անի:
-Արժույթի միջազգային հիմնադրամը 2010 թ. համար 1,2 տոկոս տնտեսական աճ կանխատեսեց: Ինչքանո՞վ եք դա իրատեսական համարում:
-Ցանկացած նման վերլուծություն գերազանցապես տեսական մակարդակով է: Ընդհանրապես, Հայաստանը համարվում է ամենապարտաճանաչ երկրներից մեկը, որը կատարում է Արժույթի միջազգային հիմնադրամի կամ Համաշխարհային բանկի ցուցումները: Դրանց արդյունքը մենք տեսել ենք` այն, որ մի տարվա տնտեսական անկումը մոտենում է շուրջ 20 տոկոսի, այն, որ գործազրկությունը խայտառակ մակարդակի է, այն, որ տնտեսությունը անհամամասնական զարգացում է ունենում: Հիմա այսպիսի պայմաններում ԱՄՀ-ն այլ բան, քան թե նման դրական կանխատեսում, չէր կարող անել, որովհետեւ հակառակ պարագայում դա եւս մեկ հարված էր իրեն: Եվ, ի վերջո, ԱՄՀ-ի խորհրդատվությունը հիմնվում է այն քաղաքականության վրա, որ անխափան եւ անխոչընդոտ պետք է իրականացվի: Տեղական պայմանները հաշվի չեն առնվում այդպիսի խորհրդատվության ժամանակ: Բայց մենք ունենք այնպիսի առանձնահատկություններ, որոնք չեն կարող այս խորհրդատվությունը ամբողջությամբ իրացնելի դարձնել: Միայն կառավարման անարդյունավետ համակարգը մեզ մոտ արդեն բավարար խոչընդոտ է, որպեսզի այն խորհրդատվությունները, որոնք տալիս են իրենք, իրականում այլ դրսեւորումներ ունենան: Կարծում եմ, որ մեր կառավարությունը չունի այն բավարար ձգտումը, որ այդ խորհրդատվությունը տեղայնացվի, տեղական առանձնահատկությունները հաշվի առնելով նոր հայտարարություններ արվեն, թե որքան կլինի տնտեսական աճը կամ ինչպիսի զարգացումներ կլինեն: Ես համարում եմ, որ այդ կանխատեսումը տեսականորեն ճիշտ է, իսկ պրակտիկայում մեծ շեղումներ ունի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել