HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ավետիսյանների ընտանիքը վարկի պատճառով զրկվեց տնից

2007 թվականի նոյեմբերի 7-ին «Արֆին» վարկային միություն ՍՊԸ-ի եւ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչ Ավետիք Ավետիսյանի միջեւ 5 տարի ժամանակով կնքվել է անշարժ գույքի գրավի (հիպոթեքի) պայմանագիր` տարեկան 24% տոկոսադրույքով:

Ավետիքը տունը վերանորոգելու եւ սեփական բիզնես սկսելու նպատակով «Արֆին»-ից վերցնում է 3 միլիոն 300 հազար դրամ եւ որպես գրավ դնում իր տունը: Գրավի առարկա հանդիսացած տունն ունեցել է 93.4 քմ ներքին եւ 125.7 քմ արտաքին մակերես: Եղել են նաեւ կից շինություններ` 186.7 քմ, այդ թվում` 34.3քմ ավտոտնակ, սանհանգույց, ծածկոց` 28քմ, մառան` 66քմ, 10.3քմ թոնրատուն, թռչնանոց` 12.4քմ, կաթսայատուն` 4.8քմ, ծածկոց` 30.9քմ: 3.3 միլիոն դրամի դիմաց գրավ է դրվել նաեւ 0.14 հա մակերեսով հողատարածքը:

Այս ամբողջը 2007-ի նոյեմբերի 2-ին գնահատվել է «Տիգրիս» ՍՊԸ-ի կողմից եւ արժեցել 6 միլիոն 200 հազար դրամ: Պայմանագրով գրավ դրված տունը թողնվել է Ավետիքի տիրապետմանն ու օգտագործմանը եւ նրանք այդ ընթացքում ապրել են այնտեղ: Պայմանագրով կողմերը նախատեսել են կետեր, որոնք հետագայում կործանարար հետեւանքներ են ունեցել Ավետիքի համար:

Ըստ պայմանագրի` «Արֆինն» իրավունք ուներ Ավետիքին գրավոր պատշաճ ծանուցելուց հետո տան եւ գրավ դրված այլ անշարժ գույքի վրա, առանց դատարան դիմելու, բռնագանձում տարածեր, եթե Ավետիքը չկատարեր կամ ոչ պատշաճ կատարեր վարկային պարտավորությունները (տոկոսագումարների, մարման գրաֆիկ-պարտավորագրերով նախատեսված վարկի մասնակի մարումների եւ վարկային պայմանագրով նախատեսված այլ պարտավորությունների կետանց):

«Արֆին» վարկային միություն ՍՊԸ-ն իրավունք ուներ նաեւ ուղղակի վաճառքի ձեւով երրորդ անձին վաճառելու կամ «Ադամանդ» ապրանքահումքային բորսայի կամ լիցենզավորված այլ ընկերությունների կողմից կազմակերպվող հրապարակային սակարկություններում իրացնել գրավ դրված անշարժ գույքը: 2007 թ. հոկտեմբերի 17-ին առանձին վկայագրերով Ավետիքը, ըստ օրենքի, ժառանգություն է ստացել հորից եւ նույնքան էլ` մորից: Ծնողներից յուրաքանչյուրից 1/2-րդ մասով ժառանգություն ստացած Ակնաշեն գյուղի տունն էլ մի քանի օր անց դարձել է հիպոթեքային վարկի գրավի առարկա:

02_11-avetisyan-1

«Միանգամից ասեմ, որ կինս հետո է իմացել, որ վարկ եմ վերցրել: Ախպերս ընդհանրապես տեղյակ չի եղել դրանից: Հացի փուռ էի բացել, ուզում էի ներդրում անել, բայց վնասներ կրեցի ու չկարողացա աշխատացնել: Ճգնաժամը վատ անդրադարձավ մեզ վրա:

Վարկի պայմանագրով գրել են, որ իրենցից վերցրել եմ 3 միլիոն 300 000 դրամ, բայց ինձ տվել են 3 միլիոն դրամ: 300 000 դրամը վերցրել են որպես մաղարիչ: Սկզբում միշտ մուծել եմ, եթե ուշացրել եմ, տույժ ու տուգանքներն էլ եմ մուծել: Վարկային կազմակերպության 1.4 միլիոն դրամը փակել եմ, պարտքս մնացել է 1.6 միլիոն դրամ ու արդեն չեմ կարողացել վճարեմ: Ամսական մուծման գումարը կազմում էր 95 000 դրամ»,- «Հետքին» պատմեց Ավետիքը:

Նա ծնողներից ժառանգությունն ընդունել է միայնակ, որպեսզի կարողանա տունը գրավ դնելով վարկ վերցնել: Ավետիքը պատմում է, որ մի քանի անգամ զանգել է «Արֆին» վարկային կազմակերպության տնօրեն Էդիկ Նազարյանին, խոսել է, որպեսզի գումարը տոկոսներով մի փոքր ուշ վճարի, սակայն Է. Նազարյանն ասել է, որ գումարը միանգամից վճարի:

«Բայց ես ամսական 95 հազարը չէի կարողանում վճարել, ամբողջը ո՞նց պիտի վճարեի: Դեկտեմբերի կեսերին զանգեց, ասաց, թե արդեն տունը քոնը չի: Անցավ մի 15 օր, նորից զանգեց, թե` ի՞նչ ես մտածում, ես էլ ասեցի, որ այդ գումարից չեմ հրաժարվում ու կմուծեմ: Դրանից հետո Էդիկն անընդհատ զանգում ասում էր, թե` դուրս եկեք, տունն իմն ա: Իմ ընկերներից մեկը տաքսի սերվիս ուներ, ասեց` սերվիսը կվաճառեմ, հողդ կգնեմ ու այդ գումարը կտանես, վարկդ կփակես: Ընկերոջս հետ մայիսի 5-ին գնացինք Էդիկ Նազարյանին ասեցինք այդ մասին, որ ժամանակ տա, մինչեւ տաքսի սերվիսը վաճառի, բայց Էդիկը չհամաձայնվեց ու ասաց, որ մինչեւ մայիսի 10-ը տունն ազատեմ: Ես էլ ամսի 10-ին ընտանիքիս հետ տնից դուրս եմ եկել, որովհետեւ սպառնում էր, թե` քաղմասով կգամ, հաստավզերով կգամ ու հանրապետությունից կվտարեմ: Էդիկ Նազարյանն ասում էր, թե ինքն այդքան կա ու ոչ մեկը չի կարող իր դեմն առնի: Ես էլ իմացա, որ ինքն այդքան հզոր է, սխալն էլ ես էի` տանից դուրս եկա: Ինքն ասում էր` ով ուզում է լինի, պապուպապն էլ գա, իմ դեմ չի կարա առնի: Գումար էլ չունեի, որ փաստաբանի դիմեի»,- ավելացրեց Ավետիքը:

Ընտանիքը տանից դուրս է եկել գիշերով ու կարողացել են իրենց հետ վերցնել միայն մի քանի կտոր հագուստ: Մնացած իրերը թողել են Ակնաշեն գյուղի իրենց հարեւանի` Կարեն Հարությունյանի տանը: Մենք եղանք նաեւ գյուղում եւ զրուցեցինք Կարենի հետ: Նա ցավով էր պատմում, որ վարկային կազմակերպությունը կործանել է հարեւանի ընտանիքը եւ «տուն-տնավեր է արել»:

Կարենի փոխանցմամբ` «Արֆին» կազմակերպությունը Ավետիքի տունը վաճառել է 15 500 դոլարով: «Հերիք չի տունն այդ գնով վաճառել է, դեռ մինչ այդ Ավետիքի վճարած գումարներն էլ ետ չի տվել: Փաստորեն, մի քանի անգամ օգուտ է ստացել վարկային կազմակերպությունը»,- ասաց Կարենը: Ակնաշենի համայնքապետ Միսակ Միսակյանն էլ ասաց, որ Ավետիսյանների ընտանիքը հարգված ընտանիքներից է եղել գյուղում. «Ցավոք, ոչ մի բանով չեմ կարող օգնել իրենց: Գումարը շատ մեծ է, ոչ մի բան չեմ կարա անել»:

Ավետիքի տունը գնել է հարեւան գյուղի մի բնակիչ եւ արդեն շինարարություն է սկսել: Ավետիքն ասաց, որ իր տան առուվաճառքն առանց իրեն է արվել, ինքը չի իմացել այդ մասին:

«Ես Նազարյանին զգուշացրել եմ, որ տանս վրա կինս, երեխեքս գրանցված են, ասաց, թե իրանք ավտոմատ թռել են: Չեմ հասկանում, թե ո՞նց կարող են ավտոմատ թռնեն, եթե իրանք ոչ մի տեղ համաձայնություն չեն տվել ու չեն ստորագրել»,- ավելացրեց նա:

Պարզաբանում ստանալու համար դիմեցինք նաեւ «Արֆին» վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Էդիկ Նազարյանին: Նա չցանկացավ հանդիպել մեզ հետ` պատճառաբանելով, թե խիստ զբաղված է: Հեռախոսով միայն փոխանցեց, որ ամեն ինչ արել են օրենքի շրջանակներում: Այդպես էլ չկարողացանք պարզել, թե տունն ի՞նչ գնով է վաճառվել: Ավետիքն այժմ իրավաբանի օգնության կարիք ունի եւ ցանկանում է պարզել` արդյոգք վարկային կազմակերպությունը ճիշտ է վարվել, սակայն իրավաբանական խորհրդատվության եւ անհրաժեշտության դեպքում դատարան դիմելու գումար չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter