HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ընտանիքին զրկել են նպաստից. նրանք չենք կարողանում պարզել, թե ինչու

Գյումրիի «Ավտոկայան» կոչվող տնակային թաղամասում կես ժամից ավելի պտույտ եմ տալիս` փորձելով գտնել 104 տարածքի 047 տնակը: Մկրտչյան Ասատուրի ընտանիքի մասին տեղեկությունները փոխանցել էր Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակցուհին, որը սոցիալապես անապահով այս ընտանիքին հայտնաբերել էր հերթական տունայցի ժամանակ:

Սոցիալ-կրթական կենտրոնի սոցիալական բաժնի ղեկավար Լուսիկ Մուրադյանը զգուշացրեց. «Մկրտչյանները դժվար են կոնտակտի մեջ մտնում, իսկ լրագրողների հետ հանդիպելիս կտրականապես հրաժարվում են խոսել: Տեղի հեռուստաընկերության աշխատակիցներին դուրս են արել տնից՝ հրաժարվելով նկարահանումից, եւ ասել են, որ չեն ուզում խայտառակվել քաղաքով մեկ,- բացատրեց տիկին Մուրադյանը,- բայց դուք փորձեք, գուցե ինչ-որ բան ստացվի, շատ վատ վիճակում են»: Երբ հասկացա, որ եթե 2 ժամ էլ ծախսեմ, մեկ է, անհասկանալի տրամաբանությամբ համարակալված տնակների լաբիրինթոսում չեմ կարողանալու գտնել 047 տնակը, զանգահարեցի Կենտրոնի տրամադրած հեռախոսահամարով: Սկզբում երկար ժամանակ չէին պատասխանում: Երկրորդ զանգից հետո մի կին բավական զգուշորեն, մի փոքր էլ ագրեսիվ տոնով նախ հետաքրքրվեց, թե ինչու եմ իրենց փնտրում, ինչ գործ ունեմ իրենց հետ: Միայն 3-րդ զանգից հետո հնարավոր եղավ պայմանավորվել, որպեսզի ինչ-որ մեկը գա ու ինձ ուղեկցի իրենց տնակ, թեպետ մինչեւ վերջ էլ զգուշացա ասել, որ լրագրող եմ: Ռուզաննա Մկրտչյանն ինձ դիմավորեց տնակի մոտ ու անմիջապես ներողություն խնդրեց հեռախոսով կոպիտ խոսելու համար: «Հետո որ ասիք Կենտրոնից են համարս տվել, հանգստացա, որովհետեւ սկզբից ընձի թվաց, թե պարտքատերերն են զանգել, փողը կուզեն»,- բացատրեց Ռուզաննան: Իմանալով, որ լրագրող եմ, բայց թերթում եմ աշխատում, ոչ թե հեռուստատեսությունում, համաձայնվեց խոսել: «45 հազար «Օրիֆլեյմին» պարտք եմ, գիտեի Գայանն էր զանգողը,- անընդհատ արդարանում էր փոքրամարմին կինը,- իբր ուզեցի գործ անել, էն էլ պարտքերի մեջ ընկա: Ում ապրանք էի տվել, իրանք էլ փողը չեն տվել, ըդպես գումարը մնացել է վրես, ես պիտի փակեմ: Ահա, էսօր էլ իմացել եմ, որ նպաստն են կտրել: Ամուսինս գնացել է, որ մեր տեսուչից պատճառն իմանա»: Մկրտչյանների ընտանիքին այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ են զրկում նպաստից: «Տարվա սկզբից 4 ամիս նպաստ չտվին, իբր 16 հազար դրամ փող կուտան, էն էլ շատ կհամարեն,- ասում է Ռուզաննան,- Արտաշին` մեր տեսուչին, կհարցնեմ` ինչի եք կտրել, հեչ բան չի պատասխանե, վերջն էնքան բողոքեցի, որ առանց պատճառը բացատրելու վերականգնեցին, հմի էլի կտրել են, հոկտեմբերի նպաստը չտվին»: 02_11-ruzanՌուզաննան 46 տարեկան է, 2-րդ կարգի հաշմանդամ, 14 հազար դրամ թոշակ է ստանում: Ամուսինը` Ասատուրը, ծնունդով Կիրովաբադից է: Տանը ոչ մեկը չի աշխատում, թեպետ Ասատուրը նկարիչ-քանդակագործ է ու ժամանակին աշխատել է Կիրովաբադի ու Վեդու ճենապակու գործարաններում: Հիմա 50-ամյա Ասատուրը փայտից խաչեր է պատրաստում ու, ժամերով կանգնելով փողոցում, փորձում վաճառել: «40 հազար դրամ եմ ասում, բայց չեմ հիշում դեպք, որ էդ գնով վաճառած լինեմ: Ամիսը մի հատ հազիվ կծախեմ, էն էլ` ջրի գնով: Մարդիկ օգտվում են վիճակիցս ու 10-15 հազարից ավել չեն տա», – պատմում է Ասատուրը: Նա չի կարողացել պարզել նպաստից զրկվելու պատճառները: 02_11-asaturԱսատուրը բավական պարտքեր ունի շինանյութի խանութներին: Նյութերը, որ օգտագործում է, թանկ են, խաչված Քրիստոսի փայտե արձանի վաճառքից իրեն ընդամենը 6-7 հազար դրամ է մնում: «Ասատուրը շատ խեղճ է,- ասում է կինը,- ըդուր համար էլ կխաբեն: Ինքը խոպան էր գնացել, 4 տարի խաբար չունեինք, հետո իմացանք, որ ստրուկի նման աշխատցրել են: Մենակ Աստված գիտե, թե ինչ օրեր եմ քաշել»: Ասատուրը պատմեց, որ 2001 թ.-ին 8 հոգանոց բրիգադով մեկնել են Կազան՝ արտագնա աշխատանքի: Տանող հայը 8 ամիս աշխատացնելուց հետո հրաժարվել է գումարը տալ: Ստիպված է եղել ինքնուրույն տեղավորվել աշխատանքի մի թաթար մեծահարուստի մոտ ու մի փոքր գումար աշխատելով՝ վերադառնալ հայրենիք: Հաջորդ տարին արդեն Ասատուրը միայնակ մեկնել է նույն թաթարի մոտ եւ 4 տարի գտնվել փաստացի գերության մեջ: «Ինքը սկզբում իմ հետ լավ կվարվեր: Հետո փաստաթղթերս վերցրեց մոտիցս, ինձ էլ կպահեր մի դաչայում: Ես իրա համար մեծ, քանդակազարդ ոտքերով սեղաններ կշինեի,-պատմում է Ասատուրը,- հավնոցը կքնեի: Առավոտվա 8-ից մինչեւ գիշերվա 3-4-ը կաշխատեի: Էդ մարդը խոստացել էր, որ իմ աշխատավարձը տուն կուղարկե, բայց, փաստորեն, հեչ մի կոպեկ էլ չէր ուղարկել: Օրերով սոված կմնայի: Բակում երկու-երեք հատ մեծ շուն կար, որ էդտեղաց աշխատողները չփախնեին: Մե մեծ կնիկմ կուգար, ճաշ կեփեր, կթողներ կերթար»: Ամուսնու անհետանալուց հետո, որպեսզի կարողանան գոյատեւել, Ռուզաննան վաճառել է տան եղած բոլոր արժեքավոր իրերը: «Ինչ կգտնեինք պետքական, կծախեինք,- հիշում է Ասատուրի 19-ամյա դուստրը,- մամայի հետ կերթայինք կարտոֆիլ ու գազար հավաքելու: Շատ դժվար էր, մենք երեք երեխա, հիվանդ տատս, պապան էլ չկար»: Հետո Ասատուրին հաջողվում է նկուղի պատուհանից փախչել եւ տեղի ոստիկանության միջոցով վերադառնալ հայրենիք: 2001 թ.-ին Գյումրիի Բուլվարնի թաղամասում ստացած 2 սենյականոց բնակարանը 2006 թ.-ին ստիպված են լինում 8 հազար դոլարով վաճառել ու կրկին վերադառնալ «Ավտոկայան» կոչվող տնակային թաղամաս: «2700 դոլար պարտք ունեինք, էդ պարտքը տվինք, 3000 դոլարով մի հատ 9 մետրանոց, մի հատ էլ 6 մետրանոց դոմիկ առանք, մնացած փողն էլ ծախսվավ, գնաց,- պատմում է Ռուզաննան,- էս փոքր տղես, որ հերը գնաց, 1 տարեկան 1 ամսական էր: 5 տարի Վահագս չխոսաց, մենակ «պապա» բառը կըսեր, ում կտեսներ` գիտեր իրա հերն է: Հիմի 8 տարեկան է, երկրորդ դասարան կերթա, նոր-նոր հոր հետ կմերվի»: Մկրտչյանների մեծ աղջիկը` Լուսինեն, ամուսնացած է, 19-ամյա Քրիստինեն անվճար սովորում է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի զինվորական պատրաստության բաժնի 3-րդ կուրսում: 6 հազար դրամ կրթաթոշակ է ստանում, ասում է՝ 1000 դրամը պահում են, թե ինչի՞ համար՝ չգիտի: Դեռ Մկրտչյանների տնակում էի, երբ տարիքով մի կին դուռը ծեծեց: Պարզվեց` Մկրտչյանների հարեւաններից մեկն է, որ արդեն մի քանի ամիս համբերատար սպասում է, թե երբ են իր 12 հազար դրամ պարտքը տալու: «Զոյա' տատ, կներես, որ հմի չեմ կրնա տա, նպաստն էլի կտրել են,- արդարանում էր Ռուզաննան,- էգուց պիտի գնամ էն Արտաշ չեղածից իմանամ, թե ինչի է էլի կտրել մեր նպաստը, վայ թե՝ որ էն անգամ բողոքել էի, հմի տեղը կհանե»: Ասատուրը հոգոց հանելով տեղեկացնում է, որ Զոյա տատը միակ պարտքատերը չէ, մեկից էլ 70 հազար դրամ են վերցրել տոկոսով, թաղի խանութին էլ 36 հազար են պարտք…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter