HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Հայաստանն է իմ իսկական հայրենիքը»

02_11-luara

Հարցազրույց «Մանկական Եվրատեսիլ-2009» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Լուարա Հայրապետյանի հետ

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կկայանա «Մանկական Եվրատեսիլ-2009» երգի մրցույթը, որին մասնակցելու են 13 երկրներ: Հայաստանը ներկայացնելու է 11-ամյա Լուարա Հայրապետյանը իր հեղինակած «Բարսելոնա» երգով: Ժպտերես աղջիկը հարցերիս անկաշկանդ ու անկեղծ պատասխաններ է տալիս: Օրերը շատ հետաքրքիր են անցնում, ամեն օր 4-5 պարապմունքի եմ գնում` վոկալ, անգլերեն, պար, դպրոցիս դասերն էլ եմ պարապում ինքնուրույն, որպեսզի հետ չմնամ: Ես Ռուսաստանում եմ սովորում, դպրոցի տնօրենի հետ համաձայնեցրել ենք, նա թույլ է տվել, որ բացակայեմ, բայց ես դասագրքերը կարդում եմ:

Մրցույթին մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել: Անհանգստանո՞ւմ ես:

Անհանգստություն մի քիչ կա, բայց շատ ենք աշխատում, որպեսզի լավ ներկայացնենք մեր երկիրը, դա շատ մեծ պատիվ է ինձ համար:

Լսե՞լ ես մյուս երկրների երգերը, ո՞ւմ ես քեզ մրցակից համարում:

Այս տարվա երգերը շատ օրիգինալ են, ամեն մեկն իր ոճով է երգում, հետաքրքիր է, չեմ կարող ասել, թե որն է ամենալավը: Անդրանիկի (Ուկրաինան ներկայացնող հայազգի Անդրանիկ Ալեքսանյանի-հեղ.) երգը, ճիշտն ասած, ինձ այդքան էլ դուր չի եկել, ձայնը լավն է, բայց նրան դեռ կենդանի չեմ լսել:

02_11-luara-1

Շատերը քննադատում են, որ Հայաստանի ներկայացուցիչը իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլի թիմի մասին է երգում:

Երգը կոչվում է «Բարսելոնա», բայց այն միայն «Բարսելոնայի» մասին չի, այլ այն մասին, որ Կապանում ապրող իմ եղբայրը (Լուարայի զարմիկը - հեղ.) իրենց բակում ունի իր ֆուտբոլային թիմը, որը «Երեւան» է կոչվում, եւ երազում է, որ այդ թիմը «Բարսելոնայի» պես լավ խաղա, որ չեմպիոնների լիգայում հաղթի, եւ գավաթը իրենց հանձնի «Բարսելոնան»: Ես ու եղբայրս շատ ենք սիրում այդ թիմը, մենք, կարելի է ասել, խելագարվում ենք այդ թիմի համար: Ես մտածեցի` երգ գրեմ համ «Բարսելոնայի», համ էլ` եղբորս երազանքի մասին:

Իսկ հայկական ֆուտբոլ դիտո՞ւմ ես:

Ճիշտն ասած` ինձ այդքան էլ դուր չի գալիս, որովհետեւ մեր ֆուտբոլիստները վատ են խաղում:

Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց` որպես կրտսեր ֆուտբոլասեր:

Պետք է հակառակորդի դարպասի մոտ շատ խաղացողներ լինեն, որ մեկը հասնի այնտեղ, կարողանա փոխանցել: Թե չէ` գնում է դարպասներին է հասնում, ու մարդ չկա, որ հետը խաղա:

3-րդ թիվը քեզ համար հաջողակ է, 3-րդ անգամ մասնակցեցիր «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլին, 3-րդ համարի տակ հանդես եկար եւ հաղթեցիր, Կիեւում եւս 3-րդ համարի տակ ես ելույթ ունենալու...:

Համ էլ Հայաստանը 3-րդ անգամ է մասնակցում «Մանկական Եվրատեսիլին», շատ եմ սիրում այդ թիվը, չգիտեմ ինչու` 3-րդ թիվն ինձ միշտ ուղեկցել է եւ հաջողություն է բերել: Շատ եմ սիրում այդ թիվը:

«Եվրատեսիլից» հետո վերադառնալու ես Ռուսաստան եւ այնտե՞ղ ես շարունակելու կարիերադ:

Պիտի վերադառնամ Աստրախան, որովհետեւ իմ դպրոցն այնտեղ է, բայց ավարտելուց հետո գալու եմ Հայաստան, որովհետեւ ես Հայաստանն եմ համարում իմ իսկական հայրենիքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter