HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Սաղն էլ կըսեն, որ առանց փողի հեչ մարդու չեն թոշակավորե»

02_11-lusik

«Աղքատությունից աչք չենք բացում, որովհետեւ երբեք էլ չենք իմացել, թե ինչ բան է հարուստ էղնելը, ինչխոր կայինք, ըդպես էլ մնացել ենք: Մեկ կով, երկու ոչխար ունենք, ուրիշի գոմում է, մենք գոմ չունենք: 6 հա հասանելիք հողակտոր ունենք, մշակելու հնար չունենք: Բա գյուղացին երեք գլուխ անասուն կունենա՞, որտե՞ղ է տեսած»,- ասում է արեգնադեմցի Լուսիկ Հակոբյանը:

Ռուբիկ Պետրոսյանը ընտանիքի հետ Ամասիայի տարածաշրջանի Արեգնադեմ գյուղ տեղափոխվել է 10 տարի առաջ, Ջրաձոր գյուղից: «Լավ կյանքի հույսով,- տեղափոխվելու նպատակը բացատրեց տանտիկինը,- մտածեցինք կարող ա Արեգնադեմում ավելի լավ լինի»: Հետո հասկացել են, որ տեղը փոխելը աղքատության հետ կապ չունի: Նրանց որդին` 23-ամյա Կարենը, հաշմանդամ է: Ձախ ոտքը աջից 3 սմ-ով կարճ է, դրա համար էլ Կարենին բանակ չեն զորակոչել: Սակայն պարզվում է` դա բոլորովին էլ պատճառ չէ, որպեսզի Կարենը պաշտոնապես ճանաչվի հաշմանդամ եւ թոշակավորվի:

«Կտանիմ թոշակի տեղը, «Կարմի խաչ»-ի պոլիկլինիկա, հանձնաժողովի նախագահ բժշկուհին կըսե` 3սմ-ի համար չենք թոշակավորե, գնացեք, բայց եթե ըդիկ այիբ չէ, ըբը ինչի՞ տղուս բանակ չեն տանի,- վրդովվում է Լուսիկը,- ի՞նչ է` զինկո՞մը չի հասկընա, թե՞ զինվորական բժիշկները: Մենակ կարգ հանելու տեղը կհասկնան, էն էլ ոչ մեր նման աղքատներին: Ուղղակի փող չկա ձեռներս, ընտեղ մե անգամ թոշակավորման էկածներց մեկն ըսավ, թե` ինչի՞ ըսքան կերթաք-գուկաք, փող տվեք պրծեք: Կմտածեմ` եթե ձեռքս 40 հազար դրամ փող էղներ, ես շուտ տղիս թոշակավորման հարցը լուծել էի: Սաղն էլ կըսեն, որ առանց փողի հեչ մարդու չեն թոշակավորե, հաշմանդամության կարգ չեն տա»:

Կարենը շատ է նեղվում ոտքի թերությունից, որն անզեն աչքով այդքան էլ նկատելի չէ: Նեղվում է, որ շատ քայլել չի կարող: Իսկ քայլել պետք է, որովհետեւ Պետրոսյանների ապրուստի միջոցը հովվությունն է, որ սեզոնին հայր ու տղա անում են: Այս տարի էլ Կարենը սարի ավել է հավաքում, որոշել է դրա վաճառքով զբաղվել:

«Դե ցախ եմ հավաքում սարերից, ավել եմ կապում, հատը 200 դրամով վաճառում եմ, որ օգուտ լինի, մյուս տարի էլ կանեմ»,- բացատրում է Կարենը: Ընտանիքի հայրը տանը չէր, գնացել էր համագյուղացիներից մեկի մոտ կարտոֆիլ հավաքելու: Կարենն էլ է օգնում: Պետրոսյանները տարվա մեջ 6 ամիս աշխատում են, 6 ամիս` պարապ նստում, ձմռանը հիմնականում գործ չկա, աշնան կուտակածով յոլա են գնում մինչեւ գարուն: Լուսիկի երկու աղջիկներից մեծը` Խանումը, 19 տարեկան է, ամաչում է, երբ իրենց տուն լրագրող է գալիս կամ իրենց ընտանիքի համար ասում են, թե աղքատ են: «Դե արդեն նշանելու աղջիկ է, նեղվում է, էլի,- բացատրում է մայրը,- կարող ա էս տարի էլ նշանենք, ասում է` այ մամ, որ օգուտ չեն տալու, ինչի՞ են անընդհատ գալիս մեզ խայտառակ անում, մեր անունը հանում»: Արեգնադեմի համայնքապետ Աղունիկ Հազրյանը, ով ներկա էր զրույցին, պատմեց, որ 1,5 տարի առաջ Գյումրիի «Երկինք» հ/կ-ն «Աղքատության հաղթահարման ռազմավարություն» վերնագրով ինչ-որ ծրագիր է իրականացրել եւ իրենց գյուղում ֆիլմ պատրաստելու նպատակով ընտրել Լուսիկենց ընտանիքը: «Է~, Ռոստովներից հետ տեսել էին, մեր բարեկամը զանգել էր, թե` էդքան որ ձեզ նկարել էին, մի բանով գոնե օգուտ տվե՞ց էդ կազմակերպությունը ձեզ,- պատմում է Լուսիկը,- մենք էլ մտածում ենք, թե մեր նմանների հաշվին կազմակերպությունները փող են ստանում, գոնե մեզ էլ ինչ-որ մի ձեւով օգուտ տան»:

02_11-lusik-2

Պետրոսյանների մյուս դուստրը` Կարինեն, 14 տարեկան է, երազում է բուժքույր դառնալ, եթե, իհարկե, ծնողներն ի վիճակի լինեն իրեն Գյումրի ուղարկել սովորելու: Նեղվում է, որ ինքն ու մայրը մի կոշիկով են յոլա գնում: «Խեղճ երեխես ի՞նչ էնէ, ան էնքան սպասեցի, մինչեւ դպրոցից տուն եկավ, որ իրա կոշիկները հագնեմ, գնամ ծնողական ժողովի: Վաղն էլ մեր գյուղապետն ընձի Արմավիր հիվանդանոց պիտի տանի, դասատուին զգուշացրել եմ, որ Կարինեն դպրոց չի գնալու: Բոբիկ ոտերով երեխես ի՞նչխ դասի էրթա»,- ասում է Լուսիկը: Կարինեն նաեւ մարմնամարզության դասերին չի մասնակցում. սպորտային հագուստ ու կոշիկ չունի:

«Ինչքան կարողացանք, էդքանն արինք, կիսատ-պռատ տետրից-գրիչից առանք, գրքերի փողն էլ լրիվ չենք տվել: Նպաստ էլ չենք ստանում, որ գոնե ինչ-որ հոգս էլ էդ փողով հոգանք»,- շարունակում է մայրը: Լուսիկը պատմեց, որ 10 տարի առաջ երեխայի համար տրվող աջակցության գումար է ստացել: Մեկ տարի, ամեն ամիս 9.000 դրամ են ստացել: Վերջերս դիմել է Ամասիայի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն` նպաստի համար, ասել են` չի հասնում, անչափահաս երեխեքդ քիչ են, բալդ հերիք չի անում: Լուսիկին անգամ չեն առաջարկել օգտվել «Հրատապ աջակցություն» ծրագրից: «Ըդպես բան էլ կա՞,- զարմացավ Լուսիկը,- որ չըսեն, ուրդի՞ց իմանանք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter