Ճգնաժամի հետեւանքները
1 մլն դրամ վարկի դիմաց բանկը ճամբարակցի ընտանիքից վերցնում է նրանց բնակարանը
Ջավահիր Ստեփանյանի ընտանիքը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի այն տասնյակ ընտանիքներից մեկն է, որ վարկի չվճարման պատճառով կանգնել է բնակարանը կորցնելու վտանգի առաջ:
Տիկին Ջավահիրի պատմելով, անցյալ տարի բնակարանի գրավադրմամբ 1 միլիոն դրամ վարկ են վերցրել «Արդշինինվեստբանկից»` 2 տարի մարման ժամկետով: Վարկը վերցրել էին գյուղատնտեսական նպատակով: «Ուզում էինք անասուններ առնեինք, հող մշակեինք, բայց ամեն ինչ թանկացավ, ու հնարավոր չեղավ վարկը նպատակին ծառայեցնել»,- «Հետքին» պատմեց Ջավահիրը: Տիկնոջ ասելով` վարկ վերցնելու պահին ընտանիքի եկամուտն ամսական եղել է 400 000 դրամ: Ամուսինն ու տղան աշխատել են «Զվարթնոց» օդանավակայանում: Սակայն ճգնաժամի պատճառով օդանավակայանի շինարարական աշխատանքները ժամանակավոր կրճատվել են, ընտանիքն էլ մնացել է առանց եկամտի: 4 հոգուց բաղկացած ընտանիքի միակ աշխատողը Ջավահիրի դուստրն է: Նա օտար լեզվի ուսուցչուհի է եւ, մոր ասելով, ընդամենը 35000 դրամ աշխատավարձ է ստանում:
«Երբ ամուսինս ու տղաս աշխատում էին, այդ ընթացքում նույնիսկ ուսանողական վարկ էինք վերցրել ու հասցնում էինք երկու վարկերն էլ ժամանակին փակել, բայց հիմա չենք կարողանում վարկի գումարները փակել, քանի որ տուն է մտնում ամսական 35 000 դրամ գումար: Այսօր արդեն այն վիճակին ենք հասել, որ բնակարանն ենք վաճառում` բանկի գումարը փակենք, թողնենք ստեղից գնանք»,- ասաց Ջավահիրը:
Նրա պատմելով` 5 ամիս ժամանակին վճարել են վարկի գումարը, բայց 7-8 ամիս է վճարում չեն կատարել: 3 սենյականոց բնակարանը բանկը գնահատել է 3 միլիոն 300 000 դրամ, մինչդեռ բնակարանի կադաստրային արժեքը 7 միլիոն դրամ է: Այժմ ընտանիքը պատրաստվում է ինքնուրույն վաճառել բնակարանը, քանի որ մտավախություն ունեն, թե բանկն ավելի էժան գնով կվաճառի:
«Այսօր Ճամբարակում 3 սենյականոց բնակարանն ամենաքիչն արժե 15 000 դոլար: Եթե մեր բնակարանը 9000 դոլարով էլ վաճառենք, էլի գոհ կլինենք, բայց բանկը կարող է գա ու 6000 դոլարով վաճառի: Ավելի լավ է մենք վաճառենք մեր ուզած գնով, քան իրանք էժան գներով վաճառեն: Եթե մենք էլ վաճառենք ու բանկի գումարը փակենք, մնացած գումարով արդեն չենք կարող տուն առնել»,-ավելացրեց տիկին Ջավահիրը:
Թեեւ վարկը վերցրել են 2 տարի ժամկետով եւ մարմանը դեռ մեկ տարի կա, սակայն բանկը 03.08.2009 թ. դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատավոր Ս. Հովակիմյանը բավարարել է բանկի պահանջը եւ բռնագանձում է տարածել բնակարանի վրա: Գրավի առարկայի անբավարար լինելու դեպքում, բռնագանձումը կտարածվի նաեւ ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի վրա:
«Ներսես Նադարյանից (Ջավահիր Ստեփանյանի ամուսինն է-հեղ.) հօգուտ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 824.818.80 դրամ, որից վարկի հիմնական պարտքի գումար` 786.214.80 դրամ, ժամկետային տոկոսներ` 8904.10 դրամ, ժամկետանց` 24.341.40 դրամ, ժամկետանց վարկի հաշվարկային տոկոսներ` 4237.80 դրամ, տույժ` 1119.70 դրամ: 16.169.60 դրամ, որպես վճարված պետական տուրքի գումարի փոխհատուցում»,- գրված է վճռում:
Դատարանը վճռել է նաեւ հօգուտ բանկի բռնագանձել տոկոսներ` սկսած 23.07.09 թ.-ից մինչեւ պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ` տարեկան 27.5% տոկոսադրույքով: «Թե ինչքա՞ն գումար է կուտակվել ու վերջը ի՞նչ կլինի` գաղափար չունենք: Դեռ մտածում եմ, որ բնակարանը վաճառեմ, գումարը կհերիքիգ, թեգ ոչ բանկի գումարը տալու համար: Չգիտեմ էլ, թե ինչ գնով բնակարանը կվաճառենք, քանի որ գնորդ չկա: Չեմ էլ ուզում հետաքրքրվել, թե ինչքան է տոկոս եկել, որովհետեւ անարխիա է` ոնց ուզեն, այնպես էլ կհաշվեն: Անգրագետ չենք, որ պահը գա, մենք էլ կհաշվենք»,- մտահոգված էր Ջավահիրը: Նրան հարցրինք` տեղյակ չիգ եղել, որ ժամկետային տոկոսադրույքները չվճարելու դեպքում բարձր տոկոսադրույքներով է վճարելու: Ջավահիրն ասաց, թե տեղյակ է եղել, սակայն այդ պահին չի գուշակել, որ համաշխարհային ճգնաժամ կլինի ու ընտանիքի տղամարդիկ կկորցնեն իրենց աշխատանքը:
«Մենք սահմանում ենք ապրում: Ամուսինս ադրբեջանցիների հետ կռիվ է տվել պատերազմի ժամանակ ու մեր տունը սահմանի եզրին պահել ենք: Այսօր` խաղաղ ժամանակներում, ընդամենը 800 000 դրամի համար վերցնում են մեր բնակարանը, որ ջրի գնով վաճառեն, ու մենք մնանք փողոցում: Ընտանիքս էլ աճող ընտանիք է` ամուսնացնելու տղա ու աղջիկ ունեմ: Հերիք չի, որ այդքան էժան է գնահատել բնակարանը, դրա դիմաց տվել է 1 միլիոն դրամի վարկ, հիմա էլ դատի է տվել: Ախր 1 տարի ժամանակ ունենք, կարող է ընտանիքիս գործերը լավանում են ու կարողանում ենք ամբողջ գումարը փակենք»,- հույս ունի Ջավահիրը:
Նրա ասելով` «Արդշինինվեստբանկից» ողորմություն չի խնդրում, պարզապես պահանջում է իրենց հանգիստ թողնեն` մինչեւ պայմանագրի ժամկետի ավարտը:
«Լրիվ աշխատունակ մարդիկ ենք, դիպլոմները ձեռքներիս, բայց աշխատանք չունենք: Մեր խնդրանքը միայն ժամանակ տալն է: Այդ ժամանակն ունենք, թող տոկոսները սառեցնեն, ինչպես անում են ուրիշ պետություններում, մենք էլ կաշխատենք, կփակենք: Եթե բանկը տեր չի կանգնում իր ժողովրդին, էլ ոգվ պիտի տեր կանգնի: Մենք խեղճացող մարդիկ չենք, ոչինչ, առանց բնակարանի էլ կմնանք, եթե զիջումների չգնան»,- եզրափակեց Ջավահիր Ստեփանյանը: Այս օրերին ընտանիքն ամեն պահի սպասում է, որ հարկադիր կատարողները կգան եւ իրենց կվտարեն բնակարանից: Նույնիսկ մեր այցելության ժամանակ Ջավահիրը մտածել էր, թե եկել ենք իրենց վտարելու:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել