Ամուսնալուծվել են վարկի պատճառով
Արաքսյա Մարտոյանն արդեն մի քանի ամիս է անչափահաս երեխաների` 2 տարեկան Անիի եւ 3 տարեկան Վիկտորյայի հետ վարձով է ապրում: Նրանց ընտանիքը մասնատվել է, երբ ընտանիքի հայրը` Էդգարը, կնոջից գաղտնի 2008 թ.-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գտնվող տունը գրավ է դրել եւ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ից վարկ է վերցրել:
Արաքսյայի պատմելով` ինքն ուշ է իմացել վարկի մասին եւ դրանից հետո որոշել են վարկի գումարն անիմաստ չծախսելու փոխարեն անասուններ պահել ու սոցիալական վատ վիճակից դուրս գալ: Սակայն, գումարը ծախսել են ու նույնիսկ մեկ կով չեն կարողացել գնել: «Ամուսինս պայմանագրային զինծառայող է ու նույնիսկ իր աշխատանքը մեզ չէր բավականացնում: Շատ պարտքեր ունեինք, մի կերպ յոլա էինք գնում: Վարկ վերցնելուց մի քանի ամիս հետո եմ իմացել, որ տունը գրավ է դրված: Քանի որ վարկի գումարը չէինք կարող վճարել, ստիպված մեր տունը էժան գնով ամուսինս վաճառեց, որ բանկի գումարը փակեր: Միգուցե ամուսինս ամաչեց իր արարքից ու արդեն մի քանի ամիս է մեզ հետ չի ապրում: Չգիտեմ էլ` հիմա ուր է: Ես էլ 2 երեխաներիս հետ վարձով եմ ապրում»,- «Հետքին» պատմեց Արաքսյան:

2 երեխաներն ու նրանց մայրն ապրում են մեկ սենյականոց փոքր բնակարանում, որի համար Արաքսյան ամեն ամիս վճարում է 10.000 դրամ: Բնակարանի պատուհանների մի մասն ապակիներ չուներ եւ երեխաներին ցրտից պաշտպանելու համար ցելոֆաններով էին ապակիների տեղը լրացրել: Արաքսյան չի աշխատում, նրանք գոյատեւում են ամսական 23 հազար դրամ նպաստով:
«Այդ գումարով չենք ապրում, այլ գոյություն ենք պահում: Ահավոր շատ պարտքեր ունեմ: Ուտելիքն էլ խանութներից նիսյա եմ առնում: Միայն էլեկտրացանցին 40 000 դրամ պարտք ունենք, գնացել տնօրենին խնդրել եմ, որ իմ լույսը միացնեն, ահագին ժամանակ անջատված էր: Փոքր աղջիկս հիվանդ է, գոնե լույսս չանջատվի, որ կարողանամ երեխուս դատարկ չայ տամ: Ամբողջ Ճամբարակը գիտի, թե ես ինչ դժվարությամբ եմ երեխեքիս պահում»,- ավելացրեց Արաքսյան:
Նա պատմեց, որ Անին առողջական լուրջ խնդիրներ ունի եւ երեխայի բուժման համար մեկ անգամ ֆինանսական օգնություն է խնդրել Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանից, սակայն քաղաքապետը մերժել է օգնություն տրամադրել: «Երեխաս ամնեզիայով հիվանդ է, դիմեցի քաղաքապետին, որ ինչ-որ բանով օգնի, ասեց, որ մի 3 ամիս չի կարող ոչ մի բանով օգնել, որովհետեւ փող չունեն: Հետո արդեն չդիմեցի: Անկեղծ ասած` ամաչում եմ դռնեդուռ ընկնեմ, օգնություն խնդրեմ: Ոչինչ, ես սոված կմնամ, կտամ երեխեքս կուտեն: Շատ դժվար է այսպես, բայց ուրիշ ելք չկա»,- հուզված պատմում էր Արաքսյան: Նրա ասելով ` ամբողջ Ճամբարակն իրենց ընտանիքի մասին է խոսում, դրա համար ամաչում է նույնիսկ տանից դուրս գալ, խանութ գնալ:
Ամաչեց նույնիսկ լուսանկարվել. «Հերիք չի ամբողջ Ճամբարակում մեր մասին են խոսում, որ վարկի պատճառով տունը ծախեցինք, բաժանվեցինք, հիմա էլ փողոցներն եմ ընկած, նկարս էլ թերթում տպեք` ամբողջ աշխարհում կլինեմ խայտառակ»,-պատճառաբանեց Արաքսյան: Մեր այցելության պահին թոռներին հյուր էր եկել նաեւ նրա մայրը` Մարգարիտը: Տիկնոջ ասելով` իրենք էլ «մի հալի» չեն, բայց աղջկա վիճակն ավելի վատ է: «Երկու անչափահաս ճիժ էլ ես ունեմ, դպրոց են գնում, ոչ աշխատանք կա, ոչ էլ կարում ենք գլուխներս պահենք: Նպաստով ապրող մարդիկ ենք, բայց ճաշը կուլ չեմ կարում տամ, որ գիտեմ աղջիկս ու երկու մատղաշ ճժերը սոված օր են անցկացնում: Մեր կերածը կարտոլի ժարիտ ա, բայց էլի բաժին պիտի տանեմ թոռներիս, որ էդ անտերը կուլ էթա»,- ասաց Մարգարիտը: Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանն էլ «Հետքի» հետ զրույցում ասաց, թե իրենց քաղաքի բյուջեն շատ սուղ է եւ հնարավորություն չունեն բոլորին օգնել:
«Մարդկանց մեծ գումարներով չենք կարողանում օգնել: Հիմնականում ծերերին, միայնակներին ենք ինչ-որ բանով օգնում, որովհետեւ բյուջեն քիչ է, չենք հասցնում: Ես չեմ հիշում, թե Արաքսյան իմ մոտ երբ է եկել, որ իրեն չեմ օգնել»,-ավելացրեց Յ. Ավալյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել