HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Երեխես ուրիշի շորերով առաջին դասարան գնաց»

Գյումրիի «Լաչինի միջանցք» կոչվող շուկայի տարածքով անցնելիս ուշադրությունս գրավեց դպրոցահասակ մի պատանյակ, ով թերթ էր վաճառում: Տղան ներկայացավ որպես Հովո, ասաց, որ 12 տարեկան է, եւ քանի որ օրը կիրակի է, ինքն էլ հորն է օգնում` թերթ է վաճառում:

Հարցին` երկուշաբթի դասի գնալու է, թե ոչ, երեխան, շուրջը նայելով, կանչեց հորը, ով բավական հեռավորության վրա հետեւում էր, թե ինչով է ավարտվելու տղայի ու իմ խոսակցությունը:

02_11-aram-1

Հովհաննեսի հայրը` 49-ամյա Արամը, 6 անդամից բաղկացած ընտանիքի ապրուստը հոգում է թերթ վաճառելով: Դպրոցահասակ տղան իրեն օգնում է դասերից ազատ ժամերին ու ամառային արձակուրդներին: Շուկայի վաճառողներից մի քանիսը պնդեցին, որ տղան հորն ուղեկցում է մշտապես: Երբ հայրը չի լինում, մեծ տղան` 23-ամյա Գրիգորն է թերթ վաճառում. «Խելոք տղա է Արամի մեծը, բայց քիչմ էն չէ»,- մատը քունքին դնելով` բացատրեց սուրճ վաճառող տղամարդը: Համառ հարցումներից հետո պարզվեց, որ Հովհաննեսը հաճախում է Գյումրիի թիվ 3 գիշերօթիկ դպրոց, բայց ոչ ամեն օր. «Փող չկա, որ ամեն օր տանիմ,- պարզաբանեց հայրը,- դպրոցը տնից հեռու է, չեմ կրնա ամեն անգամ 100 դրամ տամ, տանիմ-բերեմ, դե շաբաթը մե 2-3 օր կերթա, էլի: Ընտեղ չենք թողնի, տղես գիշերները տակը կենե»: Հրաժեշտ տալուց առաջ պայմանավորվեցինք հաջորդ օրը հանդիպել իրենց տանը` պայմաններին եւ տան մյուս անդամների հետ ծանոթանալու համար: Արամ Հովհաննիսյանի բազմանդամ ընտանիքն ապրում է մեկ սենյականոց բնակարանում, Արվելաձե փողոց, 6-րդ շենքում: Շենքի հարեւանությամբ գտնվող փոքրիկ խորդանոցի մոտ հայր ու տղա հարեւաններից մեկի նվիրած ծառաբնի ճյուղերն էին կտրտում: «Ամառ-ձմեռ պեչկա կվառենք, քուր ջան, ըդքան չկա, որ գազ վառեմ, էս էլ, լավ է, էն սեփական տների հարեւաններից մեկը դռան ծառը կտրել էր, ըսավ` Արամ, արի տար, ձեզի վառելիք էրեք,- ուրախ-ուրախ ներկայացրեց Արամը,- թե չէ` ամեն օր թերթը ծախելուց հետո օր տուն գուկամ, աչքս գետնին է, թե ցախ-մախ հավաքեմ, բերեմ տուն, վառենք»: Խոսակցությանը ներկա էր նաեւ Արամի քույրը` Վարդիթերը: Վերջինս հարեւանների տված հագուստներից էր բերել, որպեսզի եղբայրն ընտրություն կատարի: «Դուք ախպորս ըսպես մի նայեք, ինքը լավ սվաղ էնող է, սաղ կյանքը ներկարար է աշխատել,- ներկայացրեց Վարդիթերը,- բայց արդեն 20 տարի է ծայր աղքատության մեջ կապրին, մե երկու տարի առաջ էլ նպաստն էին կտրել` ինչ է երկրորդ տղուն բանակ կտանեին, մե խայտառակ պատմություն, էնքան բողոքեցինք, մինչեւ վերականգնեցին, բայց մեկ է` իրանց փայ 5000 դրամն էս խեղճերի ձեռքից մինչեւ չառան` գործը չէրին»:

02_11-aram-2

Արամի կինը` Անժելան, նույնպես հաստատեց այս պատմությունը: «Ես իրանց ըսի` ձեր խիղճը մեռնի, ըսենք երկու տղես արդեն չափահաս են, հըբը էն երկու քյորփես, ըդոնց փողը դուք ինչղ կուտեք, ըսի ես ավելը չեմ ուզե, դուք իմ երկու անչափահաս երեխեքիս հասանելիքը տվեք,- հուզված վերհիշում էր Անժելան,- հիմի 21 հազար կստանանք, բայց երեք ամիս կտրեցին, չտվեցին: Շաբաթներով անհաց կլուսացնենք, մեր նմանների փողն ըդոնք ինչղ կմարսեն, որ մեզի չեն տա` ըբը ում կուտան: Ան 60 հազար մե խանութին եմ պարտք, 13 հազար` մյուս խանութին, պարտքը գուզեն, ես էլ չունիմ, ուրդից տամ: Երեխես ուրիշի շորերով առաջին դասարան գնաց»: Հովհաննիսյանների 6-ամյա դուստրը` Մարիամը, այս տարի հաճախում է առաջին դասարան: Հորաքույրն ասաց, որ թիվ 27 դպրոցում են տեղավորել, որ մոտ լինի: Ուսուցչուհին ասել է` խելացի երեխա է, բայց վատ է, որ տանը դաս սովորեցնող չունի:

Երկու օր առաջ էլ 1200 դրամ են ուզել տետրի համար, մայրն ընկել է հուսահատության գիրկը. «Գուզե երեխուն դպրոցից հանե, օր չի կրնա փողը տա, բայց դե, ախր, խելոք, սիրուն երեխա է, ըսիկ գոնե նորմալ կրթություն ստանա,- մտահոգվեց հորաքույրը,- ես էլ չունիմ, օր օգնեմ, առանց էդ էլ շատ վախտ հեր ու տղա իմ տունս հաց կուտեն, իմ տունս կքնին, իրանց պայմանները տեսաք, մարդու հավաբուն կա` ըդուրից մեծ է»:

Արամի ծնողների երկսենյականոց տանը բնակվում է նրա չամուսնացած քույրը, իսկ բարելավման կարգով խորհրդային տարիներին հատկացրած մեկ սենյականոցում արդեն 25 տարի է բնակվում է Արամն իր ընտանիքով: Երկու տարի առաջ փորձել է սեփականաշնորհել, պատմեց, որ դատարանի միջոցով պիտի լիներ, դատավորը, ում անունը չհիշեցին կամ չուզեցին հիշել ամուսինները, 600 դոլար փող է ուզել:

«Որ սեփականաշնորհեմ` կծախեմ, Այգաբաց գյուղում էժան տուն եմ տեսել, կերթամ կառնիմ, գոնե երեխեքս քնելու տեղ կունենան,- ասում է Արամը,- էս դեկտեմբերին Տաճատս բանակից գուկա, Մեղրի կծառայե, էն տղես էլ 22-23 տարեկան է, իգնչ պիտի էղնի` հեչ չիդեմ, աղքատ-աղքատ, գոնե տեղերս քիչմ լեն էղներ, թե չէ` 17 քառակուսու վրա 6 հոգով կապրցվիգ»:

Ընտանիքն ապրում է երկու անչափահասների նպաստով եւ Արամի վաճառած թերթերից գոյացած խղճուկ գումարով: Օրը հիմնականում սոված են անցկացնում: Հարեւանների պատմելով` մորն ու աղջկան երբեմն-երբեմն իրենք են կերակրում, հայրն ու տղան գնում են սնվելու հորաքրոջ տանը: «Ըբը ըսիկ էղավ պետություգն, կըսեն` երեխա բերեք, շատ բերեք, ան` բերել եմ ու չեմ կրնա պահե: Մարիամիկս հիվնդցել էր, հարեւանի տնից շտապօգնություն կանչեցի, էկան, բանմ էլ իմ վրա գոռգռացին, թե` ոգվ է խնդրել, որ ըսքան երեխա ունենամ,-պատմում է Անժելան,- հեչ բան չէրին, հետն էլ 500 դրամ ուզին, թե` կանչ է եղել, բենզինի փողը տվեք»:

Այս ընտանիքին այցելել ու պայմաններին ծանոթացել են «Կարիտաս» բարեսիրական կազմակերպությունից, առայժմ` անարդյունք: Հովհաննիսյաններին այցելել է նաեւ քույր Արուսյակը. «Երկու անգամ օգնություն տվավ, երրորդին ըսավ` դուք ընձի խաբել եք, դուք ըստեղ գրանցված չեք, էն տվածներս էլ ետ պիտի տաք: Փաստորեն, էս տուն-հավաբունը, ուրտեղ մենք կապրինք, դարձել է մեր գլխին պատուհաս»,- դժգոհում է Անժելան:

Քաղաքապետն էլ Զատկի տոնին 5000 դրամ էր տվել: «Ես քաղաքապետարանից գոհ լինելու բան չունեմ: Տաճատս երկու ամիս մոտները աշխատավ, Շահումյան փողոցը կսարքեին, էն Գրքիկյան չեղածն երեխուս փողը չտվեց, էդ 5000-ն էլ էլի ես երեսս դեմ տվի, գնացի Վարդանի մոտը, օր գոնե երեխեքս էդ օրը հավկիթ ուտեին»,- ասում է Անժելան: Ամբողջ խոսակցության ընթացքում միայն 6-ամյա Մարիամիկն էր ուրախանում, որ օգտվելով մեծերի անուշադրությունից` մոր տնային բարձրակրունկ հողաթափերն էր հագել ու վրան բարկացող չկար, հետն էլ լուսանկարվեց, ոչինչ, որ հագի ջինսե շրջազգեստն իրենը չէր ու մի քիչ էլ մեծ էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter