HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Տավուշի մարզը գերազանցի՞կ

Ինչպես են իրականացրել համայնքային ժողովները Տավուշի համայնքապետարանները

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի այս տարվա հունիսի 17-ի հանձնարարականի համաձայն` համայնքների ղեկավարները սկսել են կատարած աշխատանքների վերաբերյալ եռամսյակային հաշվետվություններ ներկայացնել համայնքի բնակչությանը համայնքային ժողովների, ասուլիսների, տեղեկատվական թերթիկների միջոցով:

Հաշվետու հանդիպումներին մասնակցում են նաեւ մարզպետարանների ներկայացուցիչները: ՀՀ տարածքային կառավարման նախարարության վեբ կայքը հաղորդում է, որ «հունիս-սեպտեմբեր ամիսներին հաշվետվություն են ներկայացրել Տավուշի մարզի բոլոր 62 համայնքների ղեկավարները: Գյուղական համայնքներում հաշվետվությունները փակցվել են տեղեկատվական ցուցատախտակներին, կազմակերպվել են համայնքային ժողովներ: Քաղաքային համայնքների ղեկավարները հաշվետվություն ներկայացրել են ժողովների, հեռուստատեսության եւ թերթերի միջոցով, իսկ մարզպետարանը վերահսկողություն է իրականացրել:

Թեեւ այդ տեղեկատվության մեջ մարզերի ցանկում Տավուշը վերջինն է, սակայն համայնքապետարանների աշխատանքի թափանցիկության առումով, ըստ նախարարության տարածած հաղորդագրության, ամենաբարձր ցուցանիշը հենց Տավուշի մարզում է արձանագրվել: Միակ մարզն է, որտեղ, ըստ այդ հրապարակման, բոլոր համայնքների ղեկավարները բնակչությանը հաշվետվություններ են ներկայացրել: Եթե Տավուշի մարզի բնակիչ չլինեի եւ լրագրող, գուցեւ հավատայի այս բաղձալի արդյունքին: Սակայն, որոշեցի հին ասացվածքով առաջնորդվել` «լավ է մի անգամ տեսնել, քան...»:

Եղա Ադրբեջանից գաղթած հայ փախստականներով վերաբնակեցված Հովք գյուղում: Հովքի համայնքապետ Յուրա Ցուգունյանին հարցրի, թե վերջին անգամ ե՞րբ են համայնքի ժողով անցկացրել: - Համայնքի ժողո՞վ... մի րոպե հիշեմ... սեպտեմբերի 21-ին, չէ, սեպտեմբերի մեջ է եղել:

-Ունե՞ք արձանագրություն:

-Հա, քարտուղարի մոտ ա, սեյֆում փակված: Քարտուղարն էլ այստեղ չէ, Իջեւան է գնացել: Համայնքի ղեկավարը պարզաբանում է, որ ժողովը վերաբերում էր ավագանու նիստերին, համայնքի բյուջեի կատարողականին եւ այլն: Յուրա Ցուգունյանից ճշտում եմ, որ Հովք համայնքի ժողովը տեղի է ունեցել Ռուսաստանում գտնվող հովքեցիներից մեկին պատկանող, համայնքապետարանի վերածված փոքր տանը, որին գյուղի 520 բնակչից մասնակցել են ընդամենը 20-ը:

Հետագա հարցումներով պարզում եմ, որ այդ 20 հոգուց 7-ը համայնքապետարանի աշխատողներն են եղել, 5-ը` ավագանու անդամներ: Համայնքապետին հարցնում եմ` համայնքի ժողովի, օրակարգի, ընդունված որոշումների, ավագանու որոշումների մասին ինչպե՞ս են տեղեկացնում Հովքի բնակիչներին: Նրա խոսքով` հայտարարությունները փակցնում են համայնքապետարանի պատուհանին, որը, համայնքապետարանի բոլոր պատուհանների նման, վարագուրված է բնակչությանն ուղարկված հումանիտար օգնության հագած շորերի կապոցի միջից գտնված Հունաստանի Հանրապետության դրոշով: Համառ փորձերս` պարզելու, թե ե՞րբ է համայնքապետարանը հանրային հաշվետվություն ներկայացրել, այդպես էլ արդյունք չտվեցին: «Սեպտեմբերի մեջ էր, 20-ի կողմերը»,- ասաց Հովքի համայնքապետը: Ըստ Տավուշի մարզպետարանի ներկայացրած հաշվետվության` Հովք համայնքի ղեկավարը գյուղի հանրությանը հաշվետվություն է ներկայացրել սեպտեմբերի 29-ին: Որպես համայնքապետարան ծառայող շենքի պատուհանին ընդամենը մի գրություն կար փակցված, ուր խոսք անգամ չկար համայնքի ավագանու որոշումների կամ համայնքային բյուջեի կատարողականի մասին: Գրությամբ հովքեցիներին տեղեկացվում է, որ նրանք Ադրբեջանում ունեցած իրենց աշխատանքային ստաժի հետ կապված հարցերով կարող են դիմել համայնքապետարան: Այցելում եմ հանրահայտ Գոշ գյուղ: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լենա Արզումանյանի խոսքերով` սեպտեմբերի 18-ին կայացած համայնքային ժողովին Գոշի 1142 բնակիչներից մասնակցել է շուրջ 30 հոգի: «30 հոգանոց հանդիպումը համայնքի ժողով եք համարո՞ւմ»,- տարակուսում եմ ես:

«Շատ վատ ժամանակ է, բնակիչները խոտի, փետի են... Ամբողջ ամառը անձրեւ էր, մարդիկ մինչեւ հիմա սարերից խոտ են իջեցնում»,- պատասխանում է քարտուղարը: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ասում է, որ այդ ժողովի ժամանակ քննարկվել է գյուղի մի թաղամասում ակտիվացած սողանքից տուժած տների հարցը: Այդ հարցով բնակիչները դիմել էին Գոշ համայնքի ղեկավար Հովսեփ Վերանյանին: Ժողովի արձանագրությունն էլ, հնարավոր է, համայնքի ղեկավարի մոտ է, ով այդ օրը հողամասերի տեղադրության ճշգրտման հարցերով բացակայում էր:

02_11-gosh

Հանրային ժողովի օրակարգի, ընդունված որոշումների մասին էլ ոչ մի տեղ տեղեկատվություն չկար փակցված: Համայնքապետարանի մուտքի մոտ հայտարարությունների ցուցատախտակը դատարկ էր, բացառությամբ ճապոնացի ժողովրդի նվիրատվության մասին հիշեցման: Ես էլ հիշեցնեմ, որ ճապոնական դրամաշնորհով Գոշում հակասողանքային միջոցառումներ, մակերեսային ջրերի հեռացման աշխատանքներ են արվել: Գոշի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լենա Արզումանյանն ասաց, որ համայնքի ավագանու որոշումների կամ համայնքային կյանքի այլ նորությունների մասին որեւէ տեղեկատվություն չեն փակցնում կիլոմետրերով ձգվող, պայմանականորեն Ներքին եւ Վերին Գոշերի բաժանված համայնքում: Համայնքապետարանի շենքի պատուհանին նախորդ տարվա հողի հարկի պարտքերի վճարման եւ այդ կերպ տույժերից ազատվելու հիշեցումն էր միայն:

Նույն հայտարարությունը, ըստ Լենա Արզումանյանի, փակցված է նաեւ «Հայփոստի» տեղի մասնաշենքում: Ի դեպ, Տավուշի մարզպետարանը տարածքային կառավարան նախարարությանը ներկայացրած հաշվետվության մեջ նշել է, որ Գոշի համայնքապետը գյուղի հանրությանը հաշվետվություն է ներկայացրել սեպտեմբերի 28-ին: Լենա Արզումանյանի վկայությամբ` համայնքի ժողովը կայացել է սեպտեմբերի 18-ին:

Նույն այդ թաղամասի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ այդ հարցով համայնքապետի հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե սեպտեմբերի 18-ին, այլ` մեր այցելությունից մի շաբաթ առաջ` հոկտեմբերի 18-ին: Գյուղի 30 բնակիչների հետ բացօթյա հանդիպումը (ակումբի շենքը վթարային վիճակում է) մի՞թե կարելի է համայնքապետի հաշվետվություն կոչել: Մանավանդ, որ այնտեղ քննարկվել է թեկուզ կարեւոր, սակայն լոկ մեկ թաղամասին աչնչվող հիմնահարց: Կարող է թվալ, թե համայնքների ղեկավարների եւ համայնքապետարանների գործունեության թափանցիկության հետ կապված թերացումներ կան միայն մարզի գյուղերում: Սակայն հենց Տավուշի մարզկենտրոնում` Իջեւանում, մարզպետարանի աչքի առաջ է ամենամեծ խնդիրը:

Այստեղ ոչ միայն բնակչությունը, այլեւ ավագանին հնարավորություն չունի տեղեկանալու քաղաքապետարանի ու քաղաքապետի գործունեության մասին: Հիշեցնեմ, որ Իջեւան քաղաքի ավագանու 13 անդամներից 8-ը հոկտեմբերի 2-ին նամակով դիմել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` պահանջելով Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի պաշտոնանկությունը նրա ոչ թափանցիկ աշխատաոճի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter