«Հակաճգնաժամային միջոցառումներն ընթանում են այն հունով, ինչպես նախագծել էինք ու մի փոքր էլ ավելի լավ»
«Հետքի» հարցերին պատասխանում է Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը
-2010 թ.պետբյուջեի նախագիծն ինչպե՞ս եք գնահատում:
-Այդ հարցով կան իրար հակասող տեսակետներ, եւ շատ դեպքերում չեմ կարծում, թե տնտեսագիտորեն ճիշտ մեկնաբանություններ են տրվում:
Մեր բյուջեն 2009 թ. բյուջեի տրամաբանական շարունակությունն է: Մենք տնտեսական անկմանը հակասող բյուջե ենք արել: Եվ ուղղություններն էլ նախանշել ենք` 2009-ի տնտեսական քաղաքականության գաղափարախոսության տրամաբանական շարունակությունն է: Շատ դեպքերում մարդիկ վերցնում են անվանական ցուցանիշներն ու համեմատություններ են անում, ասում են` ծախսերը մոտ 300 միլիարդով կրճատվում են, սա կրճատողական բյուջե է եւ այլն: Դա սխալ մոտեցում է: Ցանկացած իրավիճակ պետք է համեմատել: Քո ծախսերը պետք է համեմատես տնտեսական իրավիճակի հետ: Բումային ժամանակահատվածում, երբ մենք տնտեսական վերելք էինք ապրում, մեր ծախսերը գտնվել են մոտավորապես 20-25 տոկոս` ՀՆԱ-ի մեջ: 2009 թ. մենք նախանշեցինք այնպես, որ իմպուլս տանք տնտեսությանը, որպեսզի եթե մասնավոր հատվածը, ինչ-որ ռիսկեր ակնկալելով, ծախսերը կրճատում է, փոխարենը պետությունը պետք է ծախսերի այդ մասն ինքը կատարի, որպեսզի տնտեսական անկմանը հակազդի: Մեր ծախսեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2009 թ.-ին ավելի քան 28 տոկոս է: Դա այն դեպքում, երբ նախորդ տարիներին մեր ծախսերը 20-22 տոկոսը չեն գերազանցել: 2010 թ. մեր ծախսերը լինելու են մոտավորապես 26 տոկոսից ավելի, որը եւս բարձր է նախորդ տարիների միջին ցուցանիշից: Ընդհանրապես, հարկաբյուջետային քաղաքականությունը երկու ձեռքեր ունի, մի ձեռքով` եկամտայինով, քաշում է տնտեսությունից լիկվիդայնությունը, եւ դա կոչվում է եկամտային քաղաքականություն, մյուսով փող է ներարկում տնտեսության մեջ եւ ընդլայնում տնտեսությունը: Ու դրանց փոխադարձ զտման արդյունքում դու պետք է տեսնես` քո հարկաբյուջետային քաղաքականությունը ընդլայնոգղ է, թեգ զսպող, այսինքն` ինքն ավելի շատ տնտեսությունից գումար հանոգւմ է, թեգ ներմուծում: Իսկ տնտեսական անկման ժամանակ քո հակացիկլիկ քաղաքականության գաղափարախոսությունը կայանում է նրանում, որ դու ավելի շատ փող լցնես տնտեսություն, քան քաշես: Մենք 2010 թ. շարունակելու ենք 2009-ի որդեգրած քաղաքականությունը եւ ավելի շատ գումար տնտեսություն լցնելու ենք, քան քաշելու:
-Շատ տնտեսագետներ նշում են, որ 2010 թ. համեստ պետբյուջեն արդյունք է կառավարության հակաճգնաժամային ծրագրի տապալման: Որքանո՞վ են ճիշտ այդ գնահատականները:
-Նախ` որեւէ տնտեսական քաղաքականության վերաբերյալ գնահատական տալը կարճ ժամանակահատվածում ճիշտ չէ: Ամբողջ աշխարհում բոլորն իրականացրին հակաճգնաժամային քաղաքականություն, բայց որեւէ տեղ ես չեմ տեսել վերլուծություն, որն արդեն սկսի գնահատական տալ, ասի` տապալվա՞ծ է, թե` ոչ: Հեղինակավոր կառույցները, տնտեսագետները դեռեւս իրենց թույլ չեն տալիս գնահատական տալ, քանի որ դա միամիտ կլինի: Որպեսզի մենք գնահատականներ տանք, պետք է համակարգված նայենք: Մենք ակնկալում էինք, որ գումարներն ավելի ուշ կկլանվեն տնտեսության մեջ: Բայց, բարեբախտաբար, օգոստոս-սեպտեմբեր ամիսներից մենք տեսանք ավելի դրական զարգացումներ. տնտեսական անկման ցուցանիշները սկսեցին նվազել: 18.5 տոկոսից իջավ 18.4, հետո` 18.3: Ճիշտ է` կամաց, բայց արդեն դրական միտումներ երեւացին: Իսկ մենք ակնկալում էինք, որ տնտեսական անկումը կարող էր խորանալ մինչեւ 19 տոկոս, հետո կտրուկ իջնել: Բայց արդեն այն, որ անկումը կանգնել է ու սկսում է բարելավվել, ազդակ է, որ մեր հակաճգնաժամային միջոցառումներն արդյունք են տալիս: Ես կարծում եմ, որ ամեն դեպքում մեր հակաճգնաժամային միջոցառումներն ընթանում են այն հունով, ինչպես նախագծել էինք ու մի փոքր էլ ավելի լավ, քան մենք ակնկալում էինք: Իսկ ինչ վերաբերում է տարվա արդյունքներին, ապա ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ արագությամբ տնտեսվարող սուբյեկտները կճշգրտեն իրենց դիրքերը: Միջոցները ներարկված են են բանկային համակարգ, իսկ այնտեղից դա պետք է կլանվի տնտեսության կողմից: Վերջնական արդյունքներից խոսելու համար մեզ ժամանակ է պետք:
-Որքանո՞վ է արդարացված գումարները բանկերի միջոցով տնտեսություն ներմուծելը:
-Դա եւս վերլուծության արդյունք է: Մենք պետք է վերլուծական մոտեցում ցույց տանք բանկային համակարգին, թե ինչ կարգով է դա: Եթե բանկերը տեսնում են, որ տնտեսությունից ռիսկեր են գալիս, սկսում են վարկավորման պայմանների «բարելավում», սկսում են ավելի շատ պահանջներ դնել տնտեսվարողների վրա` իրենց ռիկերը կշռելու համար, եւ դա նորմալ է: Նրանք ավելի շատ գումար են կուտակում, որպեսզի եթե ունենան խնդիրներ, լիկվիդայնությունը կարողանան օգտագործել: Աբողջ աշխարհում բանկերը ճգնաժամային ժամանակահատվածում կանգնում են լիկվիդայնության խնդրի առաջ: Պետք է կարողանաս որոշակի միջոցներ տալ բանկային համակարգին ու որոշակի խաղի կանոններ սահմանել: Այսինքն` այլ հավասար պայմաններում բանկերի միջոցով որ միջոցները ներարկում ենք տնտեսության մեջ, վարկավորման տեմպերի աճ է նկատվում` նախորդ ամիսների հետ համեմատած: Եթե դա չանեինք, ազդակները չտրվեին, վարկավորումը չէր ընթանա:
-Սակայն, կարծիքներ կան, որ ավելի ճիշտ է ֆինանսական միջոցներն անմիջապես տնտեսվարողներին տրամադրելը:
-Նախ` չպետք է մոռանանք, որ բանկային համակարգը մեր տնտեսության մի մասն է: Հակաճգնաժամային քաղաքականության գլխավոր փիլիսոփայությունն այն էր, որ մենք համակարգված մոտեցում ցույց տվեցինք, փորձեցինք տնտեսության բոլոր հատվածներին ներգրավել: Եթե դու տնտեսության միայն մեկ հատվածն ես ներգրավում, մնացած հատվածները կարող են անկում ապրել ու վարակել այն հատվածին, որին դու օժանդակություն ես ցույց տվել: Մենք ուղղակիորեն էլ ենք վարկ տվել: Բայց ինչոգւ բանկային համակարգին չտաս, չէգ որ բանկային համակարգը տնտեսության արյունատար անոթներն են: Բանկային համակարգը կախված է իրական հատվածից: Եթե մի հատվածի տանք գումարները, մինչեւ այդ հատվածն աշխատի, մյուս հատվածները կարող են ընկնել: Այդ ժամանակ դու ժամանակային պրոբլեմ ես ունենում: Համակարգային մոտեցում է պետք ցույց տալ:
-Ռուսական վարկի տրամադրման մեխանիզմները որո՞նք են եղել: Դժգոհություններ եղան, որ դրա շուրջ ԱԺ պատգամավորների հետ քննարկումներ չեն եղել:
-Ռուսական վարկի վերաբերյալ մենք բավական թափանցիկ ձեւով քաղաքականությունը կառուցեցինք: Քանի որ գումարները շուկայական են, ծախսման արդյունավետությունն աշխատում ենք առավելագույնի հասցնել: Հիմնականում փորձել ենք անել այնպես, որ նախանշված ուղղությունները լինեն հակաճգնաժամային: Այդ գումարներից չենք վերցրել ու բյուջեի ծախսեր ֆինանսավորել, քանի որ դա կարող է արդյունավետ չլիներ: Ինչ վերաբերում է քննարկումներին, ես հասկանում եմ նրանց մտահոգությունը, բայց մենք ճգնաժամի մեջ էինք: Ճգնաժամը պահանջում է անհապաղ քայլերի իրականացնում, եւ ամեն ինչ սահմանափակ է: Կարելի էր քննարկումներ կազմակերպել, բայց այդտեղ ժամանակային առումով կտուժեինք: Այդ քննարկումները, ես գրեթե վստահ եմ, որ մի քանի ամիս կձգվեին, իսկ մեզ մոտ ամեն ինչ գնում էր ժամերի հաշվարկով: Շատ ավելի արդյունավետ էր, որ դա հնարավորինս արագ կատարվեր, ու ուղղությունները նախանշված լինեին: Թեպետ մենք մշտապես փորձել ենք մեր գործընկերների հետ արդյունավետ աշխատել, միշտ բաց ենք եղել նրանց հետ քննարկումների ժամանակ:
-Հայաստանի արտաքին պարտքը բավականին մեծ է, սերունդների վրա դրվող պարտքի բեռը շատ ծանր չէ՞:
-Դա շատ կարեւոր հարց է: Երկրների փորձը ցույց է տալիս, որ կառավարությունը կամ երկրները եթե փորձում են կուրորեն պարտքեր ներգրավել` առանց իրենց ներքին տնտեսությունն ու հնարավորությունները ճիշտ գնահատելու, արդյունքը լինում է պետական պարտքի ճգնաժամը: Սերունդների մասով` եթե մենք կարողանում ենք այս գումարներն արդյունավետ օգտագործել, կարող ես անգամ 60-70 տոկոս պարտքի բեռ ունենալ ու չկանգնել ճգնաժամի առջեւ: Քո տնտեսությունը հնարավորություն կտա, ու դու կկարողանաս կառավարել այն: Տնտեսագիտական լեզվով դա կոչվում է պարտքի կայունության գնահատական: Մենք ինքներս դա անում ենք բազմաթիվ մեթոդներով: Նույնիսկ խնդրել ենք Արժույթի միջազգային հիմնադրամին, որպեսզի զուգահեռ եւս մեկ վերլուծություն անի այդ դաշտում, եւ մենք համեմատություններ կատարենք: Այսօրվա դրությամբ` վերլուծությունների արդյունքները ցույց են տալիս, որ առանց հարկային բեռի ավելացման (ես ի նկատի ունեմ հարկային դրույքների բարձրացումը)` մենք ի զորու ենք պարտքը սպասարկել, առանց խնդիրներ ունենալու: Մեր պարտքը կառավարելի մակարդակում է: Բայց, մյուս կողմից, պարտքը մեզ համար ազդակ է, որ զգուշավորություն ունենանք: Մենք մշտապես ասում ենք, որ պետք է շատ արդյունավետ օգտագործել այդ գումարը, որպեսզի տնտեսական աճ ստեղծվի:
-2010 թ.երկրի տնտեսության վերաբերյալ տարբեր կանխատեսումներ եղան, Արժույթի միջազգային հիմնադրամն էլ 1.2 տոկոս տնտեսական աճ կանխատեսեց: Ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումները:
-Անկեղծ ասեմ, 1.2 տոկսոսը ոչ միայն Արժույթի հիմնադրամի, դա մեր բոլորիս կոնսենսուսային կանխատեսումն էր: Մենք վարչապետի, նախարարի հանձնարարությամբ ստեղծեցինք մակրոտնտեսական կանխատեսող խումբ: Այդ խումբը պարբերաբար հավաքվում է: Այստեղ ներգրավված են մարդիկ Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից, Կենտրոնական բանկից, Էկոնոմիկայի նախարարությունից` բոլոր այն գերատեսչություններից, որոնք առնչվում են տնտեսական քաղաքականության եւ կանխատեսումների դաշտի հետ: Մենք կանխատեսումները կատարում էինք տարեկան կտրվածքով, իսկ հիմա ավելի հաճախակի ենք իրականացնում: Արժույթի միջազգային հիմնադրամը ժամանակին կես տարին մեկ էր կանխատեսումներ անում: 2009 թ. միայն Եվրամիության տնտեսության վերաբերյալ վեց անգամ կանխատեսում կատարեց, ու վեց անգամն էլ փոխեց կանխատեսումը, քանի որ իրավիճակը փոխվում է: Ոչ ոք չէր հասկանում` ինչ էր կատարվում, քաոսային իրավիճակ էր: Ու այդ իրավիճակում մեր թիրախն այն էր, որ բոլորիս կարողությունները համատեղենք ու ճիշտ կանխատեսում կատարենք: Ու 1.2 տոկոսը ծնվեց նրա արդյունքում, որ մենք աշխատանքային խմբում հանդիպումներ ունեցանք: Դա կոնսենսուսային կանխատեսում է: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ երկրի տնտեսության վրա էական ազդեցություն կունենա այն, թե համաշխարհային տնտեսությունն իգնչ զարգացում կունենա, քանի որ մենք էապես կախված ենք համաշխարհային տնտեսությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել