HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Օդնակլասնիկի» գործով վկաները հարցաքննվել են

9_10-T-Tadevosyan

«Օդնակլասնիկի» գործով Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում սկսված դատական գործի քննությունն այսօր շարունակվեց անցած նիստին չներկայացած վկաների հարցաքննությամբ:  Հիշեցնենք, որ Գյումրու ոստիկանության 1-ին բաժանմունքի արդեն նախկին պետ Աշոտ Թափալցյանին եւ նույն բաժանմունքի նախկին հետաքննիչ Սիմոն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնական դիրքի չարաշահում:

Այս տարվա ապրիլի 15-ին 4 տղաներ դաժան ծեծի էին ենթարկել 17-ամյա Տիգրան Թադեւոսյանին, որից 12 օր անց տղան մահացել էր Երեւանի Միքայելյանի անվ. հիվանդանոցում: Սպանության պատճառը «Օդնոկլասսնիկի» կայքում ծանոթ աղջկա հասցեին գրված «Գնա, քու…» արտահայտությունն է եղել: Աղջկա ընկերները Տիգրանին այնպես էին ծեծել, որ նա 10 օր անգիտակից վիճակում մնալուց հետո մահացել է: Նախորդ նիստի ժամանակ պետական մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել բերման ենթարկել երկու նիստերին չներկայացած վկաներին: Միջնորդությունը բավարարվել էր եւ այսօրվա դատական նիստին երեք վկան էլ բերման էին ենթարկվել: Վկաները «Լիլիա» գեղեցկության սրահի աշխատակիցներն էին: Մինչ դատական նիստը սկսելը ամբաստանյալների փաստաբան Ռուբիկ Մովսիսյանը միջնորդություն ներկայացրեց արգելել տեսալուսանկարահումը, պատճառաբանելով, որ այն բացասական է ազդում իր պաշտպանյալների, նրանց հարազատների վրա եւ ճնշող ազդեցություն ունի: Թեպետ մեղադրող կողմը դեմ արտահայտվեց, այնուամենայնիվ դատավոր Մովսեսյանը բավարարեց միջնորդությունը: Առաջին վկան գեղեցկության սրահի հավաքարարն էր: Վարսիկ Մելքոնյանը պատմեց, որ ապրիլի 15-ին ժամը 17-ի հատվածում իրենք հեռուստացույցով սերիալ են դիտել: Սրահում միայն ինքը, մենեջերը եւ վարսահարդարն են եղել: Հետո իրենք տեսել են, որ դրսում երկու տղաներ ոտքերով հարվածում են գետնին ընկած մի տղայի: «Հետո մեր մենեջերը դուրս վազեց ու էդ տղային գրկած ներս բերեց, ինձ էլ ասեց, որ զանգեմ Շտապօգնություն,-վերհիշում էր Վարսիկ Մելքոնայնը,-ես զանգել եմ Շտապօգնություն ու ասել եմ, որ փողոցում մի տղա է ընկած ուշագանց, մենք իրան տեղափոխել ենք «Լիլիա»  գեղեցկության սրահ»: Սրահի հավաքարարը պատմեց նաեւ, որ երբ տղային տեղափոխել են, վերջինս անգիտակից վիճակում է եղել, իրենք ուշքի են բերել, ջուր են տվել, իսկ հետո հայտնվել են ոստիկանության աշխատակիցները եւ տղային տարել են բաժին: Վարսիկը լավ չի տեսել ծեծողներին, քանի որ նրանք թիկունքով են եղել եւ չի կարող նկարագրել: Հաջորդ վկան՝ սրահի մենեջեր Ռուզաննա Եղիազարյանը պատմեց, որ գետնին ուշաթափ ընկած տղային ինքն է առաջինը հասել օգնության, ինքն է հավաքարարին ասել, որպեսզի զանգի Շտապօգնություն: Ռուզաննան հիշեց, որ տղաները հարվածներ են տեղացել Տիգրանի գլխին եւ երբ իրենք առաջին օգնություն էին ցույց տալիս, Տիգրանը ուշքի գալով, առաջին պահին ոչինչ չի հիշել, հետո մի կերպ ինչ որ հեռախոսահամար է մտաբերել ու իրենցից հեռախոս ուզելով` զանգել եղբորը: Ռուզաննան ոստիկաններին չի ասել, որ տղային ծեծել են: «Ես ասի, որ ընկած էր փողոցում, մենք էլ տեսել ենք ու տեղափոխել սրահ: Չեմ ասել, որովհետեւ վախեցել եմ ընտանիքիս համար»,-իր լռությունն այսպես մեկնաբանեց վկան: Ռուզաննան Տիգրանի մահից հետո, դեպքի 12-րդ օրը, Տիգրանի հարազատներին պատմել է, որ տղան դաժանաբար ծեծվել է: Այնուհետեւ նույն բանը հաստատել է քննիչին տված ցուցմունքներում դեպքից միայն 13 օր անց: Վկայություն տալու ընթացքում Ռուզաննա Եղիազարյանն անընդհատ արտասվում էր եւ շարունակ կրկնում, որ դատարաններ ընկնելն իրեն հեչ պետք չէր ու ինքը չի ուզում թշնամիներ վաստակել այս դատական գործից հետո: Եվ եթե մյուս անգամ նման դեպքի ականատես լինի, ապա այլեւս որեւէ օգնություն ցույց չի տալու որեւէ մեկին: Հաջորդ վկան սրահի վարսահարդար Թուխիկ Եղոյանն էր: Երիտասարդ աղջիկն ի տարբերություն իր նախորդների, չբողոքեց հիշողությունից եւ հստակ պատմեց ապրիլի 15 դեպքերի իրեն հայտնի մանրամասները: Վկան պատմեց, որ Տիգրանը ձեռքը գլխին սեղմած արագ քայլերով գնացել է եւ սկզբում իրեն թվացել է, թե հեռախոսով է խոսում: Այնուհետեւ վազքով մոտեցած երկու տղաները հարվածել, գետնին են գլորել հեռացող Տիգրանին ու ոտքերով հարվածներ տեղացել գլխին: Երբ իրենք դուրս են վազել սրահից, տղաները փախել են, ցեխաջրի մեջ թողնելով ուշաթափված Տիգրանին: Սրահում ուշքի գալուց հետո Տիգրանը հեռախոս է խնդրել եւ դժվարությամբ հիշելով համարը զանգել եղբորը խնդրելով իրեն տուն տանել: Այդ ընթացքում իրեն հետ է զանգել նախ Տիգրանի եղբայրը, որպեսզի ճշտի սրահի տեղը, այնուհետեւ քույրը եւ հարցրել, թե իրականում ինչ է եղել: Վկան Տիգրանի քրոջը ասել է, որ եղբորը ինչ որ տղաներ փողոցում ծեծել են: Թուխիկ Եղոյանն ասաց, որ ոստիկաններին ինքը չի տեսել, քանի որ նրանց գալու ժամանակ կողքի սենյակում հեռախոսով խոսում էր, հետեւաբար չի խոսել նրանց հետ եւ չգիտի, թե ով է նրանց տեղյակ պահել: Երբ ինքը վերադարձել է սրահ, Տիգրանին արդեն տարել էին ոստիկանություն: Սրահի երեք աշխատակիցներն էլ պնդեցին, որ Շտապօգնության աշխատակիցները սրահ չեն եկել, թեպետ կանչը եղել է իրենց մոտից եւ իրենք տվել են սրահի հասցեն: Ավարտելով վկաների քննության փուլը դատավորն անցավ դատավարական կարգով սահմանված հաջորդ փուլին, այն է ամբաստանյալների հարցաքննությանը: Սական ամբաստանյալների պաշտպան Ռուբիկ Մովսիսյանը միջնորդեց հետաձգել իր պաշտպանյալների հարցաքննությունը: «Նրանք պատրաստ չեն այսօր ցուցմունք տալու եւ դրա համար խնդրում եմ երկու օր ժամանակ, որպեսզի պատրաստվեն»,-միջնորդեց փաստաբանը: Մեղադրող Մխիթարյանը զարմանք հայտնեց, նշելով, որ ցուցմունք տալու համար նախապատրաստվելու կարգ գոյություն չունի, իսկ տուժող Ջավահիր Սերոբյանն էլ, որ սկզբում դեմ էր դատական նիստը հետաձգելուն, հետո անսպասելիորեն տվեց իր համաձայնությունը.«Քանի որ նրանք էս դատը վերածել են շոուի, ու պատրաստվելն էլ դրա մի մասն է, թող պատրաստվեն, ես դեմ չեմ»,-ասաց տուժողը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 5-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter