HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քավորը Նիկոլ Փաշինյանն է

03_11-Pashinyan«Տվյալ վարույթը տեղի է ունենում, քանի որ ես ցանկացել եմ, որ այն տեղի ունենա: Այս վարույթի քավորը ես եմ»,- «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը այսօրվա դատական նիստի ավարտին այս մասին հիշեցրեց դատավարության մասնակիցներին և շեշտեց, որ եթե ինքը ընդհատակից դուրս չգար, վարույթը տեղի չէր ունենա: «Հայկական ժամանակի» խմբագրի նկատմամբ հարուցված քրեական գործով դատավարությունն այսօր շարունակվեց երեք վկաների հարցաքննությամբ: Հոկտեմբերի 23-ի դրվագով դատարանում ցուցմունք տվեց Արմինե Հարությունյանը: Նա այդ օրն աշխատել է Կորյուն 6 հասցեում գտնվող խանութում` որպես վաճառողուհի: Աղմուկ է լսել, մոտեցել է պատուհանին, բայց «կոնկրետ ինչ-որ բան կամ հատուկ ինչ-որ մեկին չէր հիշում»: Նա չճանաչեց ո'չ Նիկոլ Փաշինյանին, ո'չ էլ տուժող ոստիկանին: Նիկոլ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ վկան հարցաքննվել է դեպքի հաջորդ օրը, ցուցմունք տալիս նշեց, որ իր տվյալները քննիչը վերցրել է, այդպես էլ կարողացել են իրեն դատարան կանչել, սակայն նրա գրավոր ցուցմունքներում որևէ անձնական տվյալ չի նշված` ո'չ հասցե, ո'չ հեռախոսահամար, ո'չ անձնագրային տվյալներ: «Ինչպես է վկան հարցաքննվել քրեական գործում և անհասկանալի է, թե ինչպես է քննիչը սկսել հարցաքննությունը` առանց վկայի անձը պարզելու»,- հետաքրքրվեց Լուսինե Սահկյանը: Հարցաքննվեց նաև Կորյուն փողոցում գտնվող տաքսի ծառայության աշխատակցուհին` դիսպետչեր Ժաննա Միքայելյանը: Հավաքված ժողովրդի քանակը, ըստ վկայի, 30-40 հոգի էր, տուժողին չճանաչեց, իսկ Նիկոլ Փաշինյանին անձամբ չէ, բայց «թերթերից գիտեր». «Ոնց որ ինքը կար, մի պահ նկատեցի»,-հաստատեց վկան: Քիչ անց, երբ Նիկոլ Փաշինյանը նրան հարցեր էր ուղղում, նա չէր կարողանում հիշել, պարզվեց` լավ ճանաչում էր խմբագրին. «Նիկոլ ջան, 2 տարի է անցել, ոնց հիշեմ»,-դիմեց նա Փաշինյանին: Երրորդ վկան լահմաջոյանոցի աշխատակցուհի Սաթենիկ Մնացականյանն էր: Նա ևս չճանաչեց Նիկոլ Փաշինայնին և տուժողին: «Ասին` ինչ-որ Փաշինյանի դատն է, ծանուցման մեջ էլ էր այդպես գրված, բայց ես Փաշինյանին չեմ ճանաչում»,-վստահեցրեց վկան: Իր աշխատավայրում լինելու ժամանակ տեսել է ամբոխի մոտենալը` Մատենադարանի մոտից, մի ճարպիկ կնոջ է տեսել, ով «մի հատ միլիցիոների դոշից բռնել, թափ էր տալիս»: Թե ինչու էր թափ տալիս ոստիկանին, վկայի մեկնաբանմամբ` «երևի ամուսնուն էին տարել ոստիկանները, դրա համար»: Պաշտպանի հարցին, թե ոստիկանն ինչ էր անում, երբ այդ կինը նրան թափ էր տալիս, վկան պատասխանեց. «Ոստիկանն այդ կնոջ վրա չէր էլ կարա բան աներ»: Սաթենիկ Մնացականյանը տեսել է, որ ինչ-որ վեճ է եղել, բայց հետո կարմիր բերետավորները եկել են ու բոլորին տարել, ցրել են մարդկանց: Երեք վկաներն էլ չէին տեսել Նիկոլ Փաշինյանին ոստիկանին հարվածելիս: Այլ վկաներ այսօր չէին ներկայացել: Նիստի ավարտին փաստաբան Լուսինե Սահակյանը Նիկոլ Փաշինյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեց` հիմնավորմամբ, որ նոյեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանին կալանքի տակ պահելու ժամկետը լրացել է, իսկ դատարանը նոր ժամկետ չի սահմանել: Մեղադրող Հարություն Հարությունյանը առարկեց փաստաբանի միջնորդությանը` պատճառաբանելով, որ պաշտպանական կողմի հիմնավորումները բավարար չեն Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու համար, և նրա արարքները պարզվելու են դատաքննությամբ: Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը փորձեց դատարանից ճշտել` արդյոք «դատարանը լիազորություն ունի իր ազատման միջնորդությունը քննելու, թե որոշումը պետք է կայացվի Բաղրամյան 26 հասցեում»: Նա խնդրեց դատարանին որոշում կայացնելիս հիմնավորել այնպես, որ որևէ մեկը չկասկածի, որ ՀՀ դրոշի և զինանշանի հարևանությամբ կանգնած դատավորը անտրամաբանական, անգիտակից որոշումներ է կայացնում ՀՀ քաղաքացու նկատմամբ: Դատարանը հեռացավ միջնորդությունը քննելու և մեկ ժամ ընդմիջումից հետո մերժեց այն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter