Հաշմանդամության թոշակից զրկվել են նաեւ բուժհաստատությունների գլխավոր բժիշկներ
Բնականաբար, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նոր աշխատաոճից դժգոհողներ շատ կան հիմա, հատկապես նրանք, ովքեր տարիներ շարունակ հաշմանդամության թոշակ էին ստանում, իսկ հիմա զրկվել են դրանից: Դժգոհությունը վերջերս նկատելի էր նաեւ առողջապահության համակարգի աշխատողների շրջանում: Այս համակարգի աշխատողները, այդ թվում նաեւ համակարգում պատասխանատու պաշտոններ զբաղեցնողները, նախկինում հաշմանդամության թոշակ էին ստանում, իսկ հոկտեմբեր ամսում անցկացված վերափորձաքննության արդյունքում նրանցից շատերը պարզապես հաշմանդամ չճանաչվեցին: Հենց այս թեմայով էլ զրուցեցինք բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի տնօրեն` Կարեն Ղուկասյանի հետ: Նրա հաղորդմամբ` հոկտեմբերի 5-ից մինչեւ 15-ը կենտրոնում կազմակերպվել է վերափորձաքննություն, որը վերահսկողական կարգով անց էին կացնում ՀՀ սոցապնախարարության ԲՍՓ գործակալության ներկայացուցիչները: Ստուգման էին ենթարկվել սոցիալական ապահովության եւ առողջապահության նախարարության աշխատակիցները (28-ը սոցապահովության, իսկ մնացածը` առողջապահության նախարարությունից): «Փորձաքննվել են նախկինում հաշմանդամություն ունեցող 260 հոգի, որից 160-ն ընդհանրապես հաշմանդամ չեն ճանաչվել: 39 հոգու համար նախկին 2-րդ կարգի փոխարեն սահմանվել է 3-րդ կարգ, 2 դեպքում` 3-րդ կարգը դարձվել է 2-րդ կարգ»,-տեղեկացրել է Կարեն Ղուկասյանը: Վերոնշյալ երկու ոլորտների հաշմանդամություն ունեցող 260 աշխատողները հիմնականում 2-րդ եւ 3-րդ կարգի հաշմանդամություն ունեին, միայն 1-ն ուներ 1-ին կարգ, ինչն էլ անփոփոխ մնաց վերափորձաքննության ժամանակ: Վերափորձաքննությունը, ըստ կենտրոնի տնօրենի, պատասխանում է միայն մեկ հարցի` տվյալ անձը հաշմանդա±մ է, թե± ոչ: Նախկինի պես հաշվի չեն առնվում հիվանդի սոցիալական պայմանները, ընտանեկան վիճակը եւ այլն: Կենտրոնի տնօրենի խոսքերով, վերափորձաքննությունն անց է կացվել միայն երկու համակարգի աշխատողների շրջանում, այլ ոչ թե նրանց ընտանիքի անդամների: Սակայն եղել են դեպքեր, երբ գործընթացից տուժել են ընտանիքով, այսինքն բժշկի ընտանիքի անդամները, ովքեր նույնպես աշխատում են առողջապահության համակարգում: Կարեն Ղուկասյանը անուններ չտվեց, բայց նշեց, որ նրանց թվում կային նաեւ բուժհաստատությունների գլխավոր բժիշկներ, ովքեր 2-րդ կարգի հաշմանդամություն ունեին: Բնականաբար, կային նաեւ այնպիսինները, ովքեր անձամբ պետք է պահպանեին հաշմանդամություն սահմանելու անաչառությունը, սակայն հայտնվեցին հաշմանդամների շարքում: Խոսքն այն բուժհաստատությունների մասին է, որտեղից էլ սկսվում է փորձաքննությունը: Վերափորձաքննություն կանցնեն նաեւ մյուս համակարգերի աշխատողները, հավաստում է զրուցակիցս: Տեղեկացնենք, որ այս տարվա հոկտեմբերի 5-ի դրությամբ` Ղարաբաղում կա 11 հազար հաշմանդամ, որը կազմում է բնակչության 7,5 տոկոսը: Օրենքով, 2-րդ կարգի հաշմանդամին չի արգելվում աշխատել (գործատուն է որոշում նման մարդու աշխատանքի վերցնել, թե ոչ), անաշխատունակ է համարվում միայն 1-ին կարգի հաշմանդամը, որը խնամքի կարիք ունի: Վերոնշյալ համակարգերում աշխատողների վերափորձաքննությունից բացի, կենտրոնը փորձաքննություն է անցկացնում նաեւ հաշմանդամություն ունեցողների շրջանում: Անցյալ տարվա հունիսից մինչեւ տարեվերջ փորձաքննության արդյունքում շուրջ 350 հոգու հաշմանդամության կարգ փոփոխության է ենթարկվել, իսկ այս տարի մինչեւ հոկտեմբերի սկիզբը, այսինքն մինչեւ վերափորձաքննությունը, փոփոխության է ենթարկվել շուրջ 500 հոգու հաշմանդամության կարգ: Ընդհանուր առմամբ, նշված անձանցից մոտ կեսն ընդհանրապես հաշմանդամ չեն ճանաչվել: Գործընթացը շարունակվելու է, հավաստիացնում է Կարեն Ղուկասյանը, ում խոսքերով, փորձում են ամեն ինչ անել, որպեսզի ոլորտում որոշումներն առավելագույնս օբյեկտիվորեն կայացվեն, գործընթացը լինի առավել թափանցիկ ու անաչառ: Պարոն Ղուկասյանը միաժամանակ հավաստիացնում է, որ կենտրոնում կաշառակերություն չկա: «Այլապես մենք այստեղ չէինք աշխատի»,-ասում է նա, ով նույնպես բժշկի ընտանիքից է, բայց ինչպես ժպտալով նշեց մեր զրույցի ժամանակ, հաշմանդամություն չունի:
Մեկնաբանել