Երկուսին պատանդ են պահել
Արտաշատում երեկ կրկին արտակարգ դրություն էր: Առավոտյան Արտաշատի ոստիկանները շրջապատել են «ՀայՌուսգազարդի» Արարատի մասնաճյուղի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանի` Գազի Հովոյի որդուն և նրան տարել ոստիկանություն:

Ոստիկանության Արտաշատի բաժին էին տարվել նաև Գազի Հովոյի մերձավորներից Արայիկ Գաբրիելյանի մորաքրոջ որդին և նրա կինը: Բայց եթե ոստիկանությունը Գազի Հովոյի որդուն 3 ժամ պահելուց հետո բաց էր թողել, ապա Արայիկ Գաբրիելյանի մորաքրոջ որդին և նրա կինը մինչև ուշ գիշեր ոստիկանությունում պատանդ էին պահվում:
Ինչպես մեզ փոխանցեցին Արտաշատից, ոստիկանությունը Գազի Հովոյի որդուն վերջնագիր է ներկայացրել, որ եթե հետախուզման մեջ գտնվող Հովհաննես Ղազարյանը երեք օրից չներկայանա իրավապահ մարմիններին, ապա իրենք կդիմեն ավելի կոշտ միջոցների: Իսկ ոստիկանությունում պատանդ պահվող կնոջն ու նրա ամուսնուն ասվել է, որ մինչև Արայիկ Գաբրիելյանը, ով ևս գտնվում է հետախուզման մեջ, չներկայանա իրավապահներին, նրանց բաց չեն թողնելու:
Նաև երեկ ոստիկանությունը շրջափակել էր Գազի Հովոյին պատկանող գազալցակայանը, և այնտեղ մտնող բոլոր մեքենաները մանրակրկիտ խուզարկում էր: Որևէ մեքենայի մինչև ուշ գիշեր թույլ չէր տրվում մուտք գործել գազալցակայանի տարածք: Արտաշատի կենտրոնից տեղահանվել են նաև Գազի Հովոյին պատկանող «Էլեգանտ» տաքսի ծառայության մեքենաները, իսկ վարորդներից ոմանք կրկին տարվել են ոստիկանություն:
Հիշեցնենք, որ Գազի Հովոն, ով համարվում էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի երբեմնի մերձավորը, իսկ այժմ` ոխերիմ թշնամին, Աբրահամյանների ընտանիքի հետ ունեցած ընդհարման արդյունքում արդեն մի քանի ամիս է, գտնվում է հետախուզման մեջ: Հետախուզման մեջ են նաև Հովհաննես Ղազարյանի երկու որդիները` Կարենը և Մկրտիչը, ինչպես նաև Գազի Հովոյի մերձավորներից Արայիկ Գաբրիելյանը և Աշոտ Սարգսյանը:
Խոստումը կատարեք
Երեկ թուրքական լրատվամիջոցները տեղեկություն տարածքեցին այն մասին, որ ֆրանսահայ հայտնի երգիչ, Շվեյցարիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Շառլ Ազնավուրը իտալական հեռուստաընկերության եթերում Թուրքիային հողային պահանջներ է ներկայացրել:
Համերգների համար Իտալիայում գտնվող հայազգի երգիչը RAI 3 հեռուստաընկերության եթերում իր գոհունակությունն է հայտնել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված և ավելացրել. «1924 թ., երբ ես ծնվեցի, հայերին խոսք էին տվել հողերը վերադարձնել, ինչը դեռ չի իրականացել: Ես նորից 85 տարի չեմ կարող սպասել»:
Ազնավուրն ասել է, որ 1924 թ. Ստալինը խոսք էր տվել, թե հայերին կվերադարձվեն Էրզրումը, Երզնկան, Արարատը, Սեբաստիան, Խարբերդը, Տիգրանակերտը, Բիթլիսը, Սիիրթը, Մուշը, Վանը և Հաքքարին: Սևրի համաձայնագրով էլ «Վիլսոնի Հայաստանը» կներառեր նաև Տրապիզոնի, էրզրումի, Վանի և Բիթլիսի նահանգները:
Վաշինգտոնը կճանաչի ԼՂՀ անկախությունը, եթե Ադրբեջանը դիմի ռազմական գործողությունների
Վաշինգտոնը Ադրբեջանի առջև դրել է կտրուկ վերջնագիր: Newsru.com պարբերականը, հղում կատարելով ադրբեջանական ընդդիմադիր կուսակցության Yeni Musavat պաշտոնական կայքէջին, տեղեկացնում է, որ ԱՄՆ-ն դիվանագիտորեն հասկացրել է, որ եթե Ադրբեջանը փորձի ռազմական գործողություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղում, ապա ԱՄՆ-ն կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Ըստ պարբերականի` Բաքվում հաստատում են, որ Վաշինգտոնը պետքարտուղարի օգնական Թինա Կայդանովի միջոցով անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծմանն ու բացասական գնահատել Բաքվի ռազմատենչ հայտարարությունները: Բացի դրանից` ամերիկացիները հաստատում են, որ տիրապետում են տեղեկատվության, թե ինչպես է Ադրբեջանը նախապատրաստվում պատերազմի:
Ըստ վերլուծաբանների` Բաքվի ռազմատենչ ոճը պայմանավորված է այն հանգամանքով, որ հակամարտության վերաբերյալ բանակցություններում չի քննարկվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը պահանջում է նախագահ Իլհամ Ալիևը:
Անպատասխան հարցեր
«Այսօր հնչող հայտարարությունները, տեսակետներն առավելապես զգացմունքային դաշտում են: Օրինակ` ինձ համար անհասկանալի է` ինչպես կանդրադառնա մեզ վրա սահմանի բացումը` հաշվի առնելով քրդական գործոնը:
Թուրքիան և Ադրբեջանը տարիներ շարունակ անընդհատ և անհիմն մեղադրում են հայկական կողմին` իբր Քրդական բանվորական կուսակցության հետ համագործակցելու համար: Սահմանը բացելուց հետո այդ մեղադրանքները կավելանա՞ն, թե՞ կպակասեն: Եթե ավելանան, Թուրքիան կարո՞ղ է օգտագործել այս հանգամանքը և, դարձյալ անհիմն մատնացույց անելով ՄԱԿ-ի 51-րդ հոդվածը, ռմբակոծել Հայաստանի տարածքը, ինչպես Իրաքի պարագայում»,- հարցնում է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնզարյանը:
Ներկա և նախկին նախարարները
Oրերս հայտնի սփյուռքահայ մեծահարուստ Վահագն Հովնանյանը ոչ պաշտոնական ճաշկերույթի է հրավիրել Հայաստանի անկախության տարիների բոլոր մշակույթի նախարարներին` Պերճ Զեյթունցյանից մինչև Հասմիկ Պողոսյան, բացակայել է միայն Հակոբ Մովսեսը, որն այս օրերին Հայաստանում չէ:
Չարենցի 28 հասցեում գտնվող ռեստորանում կազմակերպված ընթրիքի ժամանակ քննարկվել են մշակույթի ոլորտին վերաբերող խնդիրներ: Ներկա և նախկին նախարարները ողբացել են մեր անտեսված մշակույթի ճկատագիրը և բողոքել, որ մշակույթի բյուջեն մնացորդային է. պետությունն այստեղ է ուղղում այն գումարները, որոնք մնում են բոլոր մյուս բնագավառների կարիքները հոգալուց հետո:
Թե ինչ եզրահանգման են եկել նախարարները, և ինչ արդյունք է տվել այս զրույցը, իմանալ չհաջողվեց: Սակայն մի բան պարզ է, որ մեր մեծահարուստ հայրենակցից նորից փող են ուզել հայկական մշակույթը ոտքի կանգնեցնելու համար:
«Ձեռնպահ եմ»
Դուք հիմա ընդդիմադիր քաղաքական հայացքնե՞ր ունեք, թե՞ իշխանամետ` «Առավոտի» հարցին նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը հարցով պատասխանեց. «Ո՞ւմ ընդդիմադիր լինեմ»: Նկատեցինք, որ սովորաբար իշխանությանն են ընդդիմադիր լինում:
«Ձեռնպահ եմ»,- պատասխանեց նախկին նախարարը, ով այժմ հավակնում է օրենսդիր մանդատ ստանալ թիվ 10 ընտրատարածքում: Մադաթյանը տարակուսանք հայտնեց, թե ինչո՞ւ են քաղաքական դաշտում բոլորն ամեն ինչ «սև» ու «սպիտակ» ընկալում` ըստ էության լուսանցքից դուրս դնելով բոլոր այն գործիչներին, ովքեր սեփական մոտեցումներն ունեն և չեն ցանկանում այս կամ այն թևի կամակատարը դառնալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել