HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ռոսսի. «Մարդիկ, սիրեք իրար, քիչ ստեք եւ ամեն օրն ապրեք, ինչպես վերջին օրը»

04_11-RossiԵրբ ձեզ տեսնում եմ, մոռանում եմ, թե ով եմ ես, Դուք ոչ թե մարդ եք, այլ գազան եք դիերի մեջ, Ձեր ուղեղում միայն թարախն է լուռ վխտում, Ես, միեւնույն է, ձեզանից չեմ վախենում: Ձեր գրպանում միայն փողերն են իրենց լավ զգում, Ձեր ստամոքսում լիքը բեռ, իսկ հոգում` դատարկություն, Դուք չգիտեք, թե ինչ է ցավ եւ ինչ է խիղճ: Ձեր նյութապաշտ հոգին փոխել է ամեն ինչ, Միայն ոչ ինձ, միայն ոչ ինձ... «Մարդիկ հիմա նյութականին ու փողին են շատ տեղ տալիս, բայց ես համարում եմ, որ ինքս այդ կեղտի մեջ չկամ, դրա համար էլ երգում եմ` «Միայն ոչ ինձ»,- ասում է 18-ամյա ռոք երգչուհի Ռոսսին:

Նրա երգերից ու տեսահոլովակներից շատերում մռայլ տրամադրությունն ու սեւ գույնն է իշխում, աղջիկը կարծես ստանձնել է մարդկային թերությունները ցուցադրողի դերը: «Կյանքը հենց դա է, մարդկանց փոխհարաբերությունները, վերաբերմունքը միմյանց նկատմամբ, ես հասցրել եմ այդ ամբողջը տեսնել, թեեւ ոչ սեփական օրինակով,- ասում է երիտասարդ աղջիկը: - Ես բողոքական վիճակում եմ, ինձ դուր չի գալիս այս կյանքը, ես փոքր տարիքում պատկերացնում էի, որ կյանքը հեքիաթ է, թե բոլորը բարի են եւ սիրում են միմյանց, չարություն չկա, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ դա այդպես չէ: Ծնողներս հաճախ էին ասում` վարդագույն ակնոցներդ հանիր: Ես նվիրվում էի մարդկանց, սակայն նույն վերաբերմունքը չէի ստանում նրանցից, հիասթափություններ էլ են եղել, այս ամենից էլ հենց երգն է ծնվում: Հենց սա եմ մարդկանց ուզում ասել երգի միջոցով, բայց չեմ ցանկանում, որ երգերս որպես քարոզ ընկալվեն»: Կյանքի անարդարությունն ու բացասական կողմերը պատկերող երգերի խոսքերը գրում է երաժիշտ եւ ռեժիսոր Սարգիս Պողոսյանը: «Սաքոն գրում է երգը, հետո ասում է` Ռոս, սա հաստատ քեզ համար է, դու պիտի երգես»: «Ոչ ոք իդեալական չէ այս աշխարհում... ոչ ոք տարօրինակ չէ այս դժոխքում»,- երգում է Ռոսսին: «Ես ինքս այնքան բացասական գծեր ունեմ իմ մեջ, իսկապես` ոչ ոք իդեալական չէ, բայց մարդիկ չափից շատ են ստում, ես դա չեմ ընդունում: Առանց ստի, իհարկե, չենք կարող ապրել. սուտը ինքնապաշտպանության ռեակցիա է, ստում ենք, որպեսզի դիմացինը վատ կարծիք չկազմի մեր մասին, ստով մենք թաքցնում ենք մեր իսկական «ես»-ը, որովհետեւ այն մեզ դուր չի գալիս: 04_11-Rossi2Բոլոր մարդիկ դիմակ են կրում: Դասախոսս ասում է, որ մարդն արթնանալու պահից դիմակ է կրում, իսկական «ես»-ը միայն քնելիս է արտահայտվում: Դա այդքան էլ բացասական բան չէ, ես տանը այլ դիմակով եմ, ընկերներիս հետ` այլ, ձեզ հետ` այլ: Առանց ստի անհնար է ապրել, բայց յուրաքանչյուրը պիտի փորձի իր մեջ պակասեցնի դրա քանակը»,- ասում է 2-րդ կուրսի ուսանողուհին: Ռոսսին սովորում է «Ուրարտու» համալսարանում` բժշկական հոգեբանություն ֆակուլտետում: Ասում է, որ եթե որպես ռոք երգչուհի չկայանա, կզբաղվի հոգեբանությամբ: «Ես հոգեբանությունն էլ եմ ուզում շարունակել, մեկը մյուսին չի խանգարի: Երգի միջոցով ես լիցքաթափվում եմ, բացասական էներգիան դուրս է գալիս միջիցս, իսկ հոգեբանությունն օգնում է երգելուն»,- ասում է Ռոսսին: Նա վերջերս հաղթահարել է մռայլ տրամադրությունը եւ սկսել է երգել սիրո մասին: «Հոգեբանությունն ինձ շատ օգնեց, հիմա ավելի լավատեսական երգեր եմ երգում, կգա մի ժամանակ, որ այդ մռայլությունն ընդհանրապես կվերանա: Ես արդեն գտել եմ իմը, դրանք անգլերեն երգերս են, սիրո մասին էլ եմ երգում, չեմ ուզում հայերենով սիրային երգել, որովհետեւ չեմ ուզում շաբլոնների մեջ մտնել, անգլերենով չի շեշտվում այդ ամենը»: Ռոսսին փորձում է մտնել հայկական շոու-բիզնես եւ հանրահայտ երգչուհի դառնալ: «Ես ուզում եմ, որ իմ երգերը բոլորը լսեն, շատ աշխատանք եմ տարել եւ չեմ ուզում, որ երգերս աննկատ մնան, բայց մեզ մոտ ռոքը չի գնահատվում, եւ ոչ միայն ռոքը, երաժշտական շատ ոճեր պակասում են մեզանում: Մի անգամ ակումբում մի աղջկա հանդիպեցի, այնքան լավ էր երգում, չկարողացա հիացմունքս զսպել, մոտեցա ծանոթացա: Ես բարկանում եմ, որ այդ լավ երգող էրեխեքը չեն երեւում եթերում, փոխարենը շատ են անորակ երգիչները: Շատ դժվար է եթերում հայտնվելը, հեռուստաընկերություններն առանց գումարի կամ ծանոթի տեսահոլովակդ չեն ցուցադրում»,- ասում է շոու-բիզնեսում առաջին քայլերն անող երգչուհին: 04_11-Rossi118-ամյա աղջիկը չի հավատում, որ միայն երգով կարելի է մարդկանց փոխել, սակայն չի դադարում երազել, որ մի օր աշխարհը դառնալու է իր մանկության երազած հեքիաթը: «Մարդիկ, սիրեք իրար, քիչ ստեք եւ ամեն օրն ապրեք, ինչպես վերջին օրը, որովհետեւ ժամանակ է գալիս, երբ արդեն ուշ է լինում: Եթե կարող եք, այնպես ապրեք, որ չփոշմանեք: Ես ինքս էլ փորձում եմ այդպես անել. հաճախ ստացվում է: Կյանքը շատ հետաքրքիր եւ լավն է, պարզապես մարդիկ ճիշտ չեն ապրում... »,- համոզված է Ռոսսին:

Հ. Գ. Երգչուհու իսկական անունը Ռոզա է, սակայն նրան բոլորը Ռոսսի են անվանում: Աղջիկը ցանկացել է անձնագրում եւս անունը «Ռոսսի» դարձնել, սակայն թղթաբանական քաշքշուկից խուսափելու համար հրաժարավել է այդ մտքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter