Էս էլ կարճվեց
Կարճվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած Գոհար Սմբատյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործի վարույթը: Գործը քննվում էր ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում:

Դեպքից ավելի քան մեկ տարի անց` երեք անգամ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն պատվիրելուց հետո, քննիչը որոշել է, որ մահվան հարցում մեղավորներ չկան: Այս փաստը տարօրինակ է այնքանով, որ ծննդաբերության ժամանակ մահացած երիտասարդ կնոջ հարազատները գործի նյութերում և փորձաքննությունների արդյունքներում բազմաթիվ հակասություններ են մատնանշում, որոնք չէին կարող նկատելի չլինել գործը վարող իրավապահ մարմինների համար:
Հիշեցնենք, որ «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ն ղեկավարում է Նիկոլ Դալլաքյանը, ով այցյալ տարի` այս դեպքից 20 օր անց, Սերժ Սարգսյանի կողմից մեդալ ստացավ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»:
Եվ զարմանալի չէ, որ քրեական գործը կարճվում է. չէր կարող, չէ՞, պարզվել, որ մեդալակիր սույն բժշկի ղեկավարած ծննդատանը բժիշկները սխալ են գործել, ինչը մարդու կյանք է արժեցել:
Ուս ուսի տված...
Օրերս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ ընթացիկ տարում հայ խաղաղարարներ են ուղարկվելու Աֆղանստան, իսկ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղարարների հրամանատարությունը անցել է Թուրքիային:
Թուրքիան հրամանատարությունը ստանձնել է հոկտեմբերի 31-ին` մեկ տարի ժամկետով: Ըստ որոշ տեղեկությունների` հայ խաղաղարարները ապահովելու են Կոնդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը: Աֆղանստան ուղարկվող հայկական զորախումբը, փաստորեն, ենթարկվելու է Թուրքիային:
«Ոչ մի երկրի գազային աղբյուրներ անայլընտրանք չեն»
Թուրքիայի էներգետիկայի նախարարը Թաներ Յըլդըզը «նրբանկատ ուղերձ» է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` ասելով, որ «ոչ մի երկրի գազի աղբյուրներն էլ անայլընտրանք չեն»:
«Ադրբեջանական գազի` Արևմուտք հասնելու միակ ճանապարհը նորմալ վիճակում Թուրքիայով է անցնում: Պետք է չմոռանալ, որ ոչ մի երկրի գազի աղբյուրներն էլ անայլընտրանք չենք: Դա Թուրքիային էլ է վերաբերում, մեր ադրբեջանցի եղբայրներին էլ»,- ասել է նա թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Ընդսիմ, Թուրքիայի էներգետիկայի նախարարը հավելել է, որ եթե Թուրքիա մատակարարվող ադրբեջանական գազի գնի փոփոխման հարցում առաջիկա մեկ ամսվա ընթացքում համաձայնություն ձեռք չբերվի Բաքվի հետ, ապա Անկարան պատրաստ է փոխհատուցել ադրբեջանական կողմի պնդմամբ վերջին 10 ամիսների ընթացքում գազի գնի ավելացման պատճառով գոյացած գնային տարբերությունը:
Ստատուս-քվոն չի կարող ընդմիշտ շարունակվել
«Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն ինչպես հիմա են, չեն կարող ընդմիշտ շարունակվել, և բոլորը պետք է հարմարվեն կարգավորման հեռանկարին, սահմանի բացմանը ... Պատերազմը Վրաստանում ցույց տվեց, որ մեծ ռիսկեր կան տարածաշրջանային հակամարտությունների շարունակության հետ կապված: Դա որոշակի ակտիվություն մտցրեց նաև հայ-թուրքական հարաբերություններում»,- «Վրեմյա նովոստեյ»-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:
«Քանի դեռ Ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված, որքա՞ն լուրջ կարող է Ադրբեջանը վիրավորված լինել թուրքական կառավարությունից Հայաստանի և Թուրքիայի` իրար ընդառաջ գնալու պատրաստակամությունից». այս հարցին ի պատասխան` Փիթեր Սեմնեբին ընդգծել է.
«Մենք համոզված ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը նոր հնարավարություններ է ստեղծում նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Մի իրավիճակում, երբ հայկական ղեկավարությունը միաժամանակ բազմաթիվ խնդիրների հետ է բախվում, այս կարգավորումը հնարավարություն կտա նրանց կենտրոնանալ հետևյալ մեծ և բարդ խնդիրների վրա:
Ես համոզված եմ, որ հայկական ղեկավարությունը կգիտակցի, որ Ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոն չի կարող ընդմիշտ շարունակվել: Պետք է ուղղակի ճիշտ պայմաններ ստեղծել, որ ղեկավարությունը կարողանա զբաղվել նաև Ղարաբաղյան հարցով:
Ես հիմա չեմ համարձակվում խոսել հստակ զիջումներից: Ամեն ինչ հստակ ուրվագծված է Մադրիդյան սկզբունքներով, որոնք հիմա` Մեծ ութնյակի հանդիպումից հետո, հայտնի դարձան:
Իհարկե, ամենադժվար խնդիրները մանրամասների մեջ են, սակայն, ընդհանուր առմամբ, այնտեղ ուրվագծվում են լուծումներ, որոնցով երկու կողմերն էլ զիջումներ են անում, իսկ ամենադժվար հարցերը, այսինքն` Ղարաբաղի կարգավիճակի հարցերը հետաձգվում են անորոշ ապագա»:
Հայ դիվանագիտության հաղթանակը
Անկախ նրանից, թե դո՞ւր է գալիս դա ինչ-որ մեկին, թե՞ ոչ
Ըստ Ռազմավարական ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի` «Համաձայնելով հանել Ղարաբաղի հարցը հայ-թուրքական արձանագրություններից` Թուրքիան, ըստ էության, այս հարցերը տարանջատել է իրարից, և հիմա թուրքական կողմի համար շատ դժվար, ավելին` անհնար կլինի դա նորից դնել հայ-թուրքական բանակցությունների սեղանին:
Եվ Ռուսաստանը, և ամերիկացիները հստակ հայտարարել են, որ Ղարաբաղը կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ: Սա հայ դիվանագիտության հաղթանակն է, անկախ նրանից` դո՞ւր է գալիս դա ինչ-որ մեկին, թե՞ ոչ:
Տարածաշրջանում դա թուլացնում է Թուրքիայի դիրքորոշումը` Լեռնային Ղարաբաղի հետ կապված, և որ ոչ պակաս կարևոր է, ազդարարում է թուրք-ադրբեջանական «եղբայրական հարաբերությունների» վախճանը»:
Չի հերքել
«Ես հակադարձ հարցը տամ` լավ, ի՞նչ անենք: Կարո՞ղ է ՀՀ-ն իր փոքր տարածքով ու բնակչությամբ ուզում է, որ աշխարհը գոյություն չունենա, որ մենք լավ լինենք»,- մեր թղթակցի հետ զրույցում այսպես է արձագանքել ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը` ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն դիտարկմանը, թե թուրքական կողմը սահմանի բացման դեպքում կաշխատի մեր օլիգարխների հետ, քանի որ ՀՀ-ի զարգացման խոչընդոտը օլիգարխներն են:
Հ.Բագրատյանը բերել է հայ բարձրաստիճան հոգևորականների ու կաթողիկոսների օրինակը, որոնց հետ պարսկական ու թուրքական խաներն ու սուլթանները լավ հարաբերություններ էին հաստատում ու չափազանց արժեքավոր նվերներ էին տալիս: «Անհնարին ոչինչ չկա: Մենք պարզապես կարող ենք այնպես անել, որ ՀՀ-ն այդ սցենարի մեջ չհայտնվի: Եթե մենք չենք կարող դա անել, ուրեմն խոցելի կլինենք բազմաթիվ առումներով, այդ թվում նաև` այդ սցենարի առումով»,- նշել է Վ.Բոստանջյանը:
Ամենաանկյալը
2009 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱՊՀ տարածքում ՀՆԱ-ի ամենաբարձր անկումն արձարագրվել է Հայաստանում: ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2009 թ. առաջին 9 ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 18,4 %-ով, Ռուսաստանինը` 10 %-ով, Բելառուսինը` 0,5 %-ով: ԱՊՀ որոշ երկրներում, սակայն, արձանագրվել է ՀՆԱ-ի աճ: Օրինակ` Ադրբեջանում ՀՆԱ-ն աճել է 5 %-ով, Ղրղզստանում` 3,4 %-ով, Տաջիկստանում` 1,8 %ով:
Գնացեք Կիև և հարցրեք
ԱԺ պետաիրավական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2010 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ պատգամավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց.
«20 դոլարով (ԱՊՀ երկիր գործուղում մեկնողների համար այդքան օրավարձ է հատկացված) մեր պետական պաշտոնյան պետք է օդանավակայանից հասնի քաղաք, հոգա օրվա սննունդը, քաղաքում տրանսպարտային ծախսերը և այլն»:
Ֆինանսների փոխնախարարը բացատրեց. «Պետությունը քեզ փոխհատուցում է տալիս, որովհետև եթե դու տանը լինեիր, կգնային տանը ճաշ կուտեիր, մի քիչ քո վրա էժան կնստեր»:
Դավիթ Հարությունյանն իր հերթին առաջարկեց. «Եկեք ես և դուք միասին գնանք, ես իմ 20 դոլարը օրական Կիևում կտամ ձեզ, և այդ օրվա աշխատավարձս էլ տամ ձեզ, իսկ դուք փորձեք մեզ պահել այդ 20 դոլարով»:
Մադաթյանի շանսերը
Թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու Էդուարդ Մադաթյանը, որի շանսերը շատ բարձր են գնահատվում, երեկ հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: Պարզվեց` երեկ նրա «ծննդյան օրն» էր. 2004 թվականի նոյեմբերի 2-ին նրա նկատմամբ մահափորձ է կատարվել` ավտոմեքենան է պայթեցվել, որից ժամանակ նա հրաշքով է փրկվել մահից: Դեպքը տեղի է ունեցել Խոսրովի անտառի ճանապարհին:
Ենթադրվում է, որ մահափորձը կազմակերպել է հայտնի Կծան Միշան, որի ցուցմունքների հիման վրա հետագայում քրեական գործ հարուցեցին Մադաթյանի նկատմամբ` իշխանության բարձր ներկայացուցիչների նկատմամբ տեռորիստական ակտ կազմակերպելու մեղադրանքով: Այդ գործի պատճառով նախաքննության մարմիններն անտեսեցին Մադաթյանի նկատմամբ կատարված մահափորձը, և այն առայսօր բացահայտված չէ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել