Գեղարքունիքում մեղադրանքից պաշտպանվելն ընդունված չէ
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում հոկտեմբերի 28-ին սկսվեց ամբաստանյալ Արմեն Նաջարյանի գործի քննությունը, որը մեղադրվում է Սոտքի ոսկու հանքավայրից գողություն կատարելու համար: Դեպքը տեղի է ունեցել 2005 թ., երբ Վարդենիսի տարածաշրջանում գտնվող Սոտքի ոսկու հանքավայրը շահագործում էր հնդիկ միլիարդատեր Անիլ Ագարվալին պատկանող «Վեդենտա Ռեսոուրսես» ընկերությունը:
Ըստ քրեական գործի նյութերի, ամբաստանյալ Ա. Նաջարյանը 4 հոգու հետ մուտք է գործել հանքախորշ եւ այնտեղից դուրս է բերել հանքանյութ, որն իր մեջ պարունակում է ոսկի, արծաթ եւ արժեքավոր այլ մետաղներ:
Գործով հարցաքննության հրավիրված վկաները` ոստիկանության երկու աշխատակիցներ, դատարանում հայտնեցին, որ դեպքը տեղի ունենալու պահին իրենք օպերատիվ տեղեկություն են ստացել եւ անմիջապես դեպքի վայր մեկնելով առգրավել են գողունը:
Դատաքննությանը ներկա էր նաեւ տուժողի՝ Սոտքի հանքավայրը շահագործող ընկերության ներկայացուցիչ Վարուժան Վարդանյանը: Վերջինս ասաց, որ ամբաստանյալ Նաջարյանից որեւէ պահանջ չունի, քանի որ վնասն ամբողջությամբ փոխհատուցվել է, բացի այդ, այն ժամանակ ինքն այդ ընկերությունում չէր աշխատում:
Արմեն Նաջարյանին առաջադրված մեղադրանքի քննությունը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի քննչական բաժանմունքն սկսել է մոտ երկու ամիս առաջ, ըստ գործի նյութերի` հետախուզման մեջ գտնվող ամբաստանյալին հայտնաբերելուց հետո:
«Բռնվելուց հետո եղբորս բաց են թողել, նա էլ գլուխը վերցրել ու գնացել ա Երեւան աշխատելու: Երբ վերադարձավ, ասացի, որ հետախուզման մեջ է: Հենց նույն օրն էլ ինքնակամ գնաց ներկայացավ»,- պատմում է մեղադրյալի քույրը` Լարիսիա Նաջարյանը: Մինչդեռ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանն ասում է, թե ամբաստանյալ Նաջարյանն ինքնակամ չի ներկայացել. նրան բերման են ենթարկել այս տարվա սեպտեմբերի սկզբին:
Ա. Նաջարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով` «Գողությունը, որը կատարվել է` 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 3) բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով», պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
Դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ քննվող գործի առաջին դատական նիստին ներկա էին դատավարության բոլոր մասնակիցները` դատախազը, տուժողի շահերի ներկայացուցիչը, վկաներից` ոստիկանները (մյուս վկաները չէին ներկայացել, որի պատճառով էլ դատաքննությունը հետաձգվեց):
Ամբաստանյալի շահերը ներկայացնող չկար, ինչպես հատուկ է եղարքունքի մարզում տեղի ունեցող դատավարություններին, հատկապես Վարդենիսի ու Ճամբարակի տարածաշրջաններում: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ այս մարզում դատական նստերի մոտ 90%-ը քննվում է առանց պաշտպանի մասնակցության:
Ամբաստանյալ Ա. Նաջարյանը պաշտպանության իրավունքից հրաժարվել էր եւ նախաքննության, եւ դատաքննության ժամանակ եւ իրեն միանգամից մեղավոր էր ճանաչել առանց բացատրություն տալու:
Դատարանում Ա. Նաջարյանը դարձյալ հրաժարվեց ցուցմունքներ տալուց` խնդրելով իրեն հարցեր չտալ: «Ես ի վիճակի չեմ որեւէ հարցի պատասխանելու»,- ասաց նա:
Նիստը նախագահող դատավորը որոշեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները, ինչպես օրենքն է պահանջում նման դեպքերում: Սակայն ամբաստանյալը նախաքննության ժամանակ նույնպես ցուցմուքներ չէր տվել եւ դարձյալ նույն պատճառաբանությամբ` «վատ եմ զգում, ի վիճակի չեմ որեւէ հարցի պատասխանելու»:
Ամբաստանյալը դատաքննության ողջ ընթացքում գլխարկը չհանեց եւ դատավորն այդ հանգամանքը բացատրեց նրա վատառողջ լինելով: Ա. Նաջարյանի անառողջ վիճակը տեսանելի էր նաեւ առանց բացատրության:
Նրա քրոջ՝ Լարիսա Նաջարյանի ասելով եղբայրը տառապում է էպիլեպսիայով, վերջին տարիներին հետախուզման մեջ գտնվելու հանգամանքը սթրեսների պատճառ է դարձրել, որի հետեւանքով նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի:
Նրա ասելով եղբայրը կամովին բժշկի չի դիմի, իսկ իրենք ի վիճակի են նրան հարկադրաբար բժշկական զննման տանելու: Այդ է պատճառը, որ նրա առողջական վիճակին վերաբերող փաստաթղթեր չեն կարող ներկայացնել դատարանին, որը կարող էր եւ հանցանքը մեղմացնող հանգամանք դիտվել, եւ հիմք հանդիսանալ հանրային պաշտպան ներգրավելու համար:
Ակնհայտ էր, որ ամբաստանյալը իրավական օգնության կարիք ուներ, քանի որ չէր ըմբռնում դատավորի կարգադրությունները, թեկուզեւ իր անգիտության պատճառով:
Մեր հարցին` ինչո՞ւ է հրաժարվում պաշտպանի օգնությունից եւ ի՞նչ հանգամանքներ են պատճառ հանդիսացել, որ եւ նախաքննության ժամանակ, եւ դատարանում, հրաժարվում է պաշտպան ունենալու իրավունքից` նա նույն պատասխանը տվեց`«խնդրում եմ ինձ հարցեր չտալ»:
Դատավոր Վահագն Մելիքյանի կարծիքով ամբաստանյալն այնպիսի առողջական խնդիրներ չունի, որ չընկալի իր ասածները, եւ ինքը չի կարող հակառակվել նրա կամքին ու հարկադրաբար պաշտպան ներգրավել գործում:
Պրն Մելիքյանի ասելով իր դատավորական պրակտիկայում համոզվել է` ամբաստանյալներն այն ժամանակ են հրաժարվում պաշտպան ունենալու իրավունքից, երբ իրենց լիովին մեղավոր են ճանաչում կատարած հանցանքում: Այս դեպքը նույնպե՞ս վերագրենք այդ մոտեցմանը, համոզված չենք:
Նշենք նաեւ, որ Սոտքի հանքավայրից գողություն կատարելը շատ տարածված է այս տարածաշրջանում եւ նրանք այդ հանգամանքը իբրեւ հանցանք չեն ընկալում, այնպես, ինչպես Սեւանա լճի շրջակայքում բնակվողները ձուկ են որսում եւ, որոնց անհասկանալի է, թե ինչու չպետք է բնության բարիքից օգտվեն:
Նույն բացատրությունը տալիս են Սոտքի հանքավայրի շրջակա բնակավայրերի բնակիչները ասելով, որ դա իրենց հող ու ջրի բարիքն է, եւ իրենք սոցիալական ծանր վիճակում գտնվելով իրավունք ունեն օգտվելու դրանից:
Վերջին տարիներին Սոտքի հանքավայրում մահվան տասնյակ դեպքեր են գրանցվել հանքանյութ հանելու համար գաղտագողի հանքախորշ մտնելու պատճառով: Սակայն այդ հանգամանքն անգամ ետ չի պահում սոցիալական ծանր իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրող Վարդենիսի տարածաշրջանի բնակչությանը:
Սառա Պետրոսյան
Պապին Մուրադյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել