Ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների
Նոյեմբերի 6-ին Արթիկի կենտրոնական հրապարակում, ժամը 14:30-ին, Գյումրիի Վ.Աճեմյանի անվան թատրոնի հարակից տարածքում, ժամը 16:00-ին տեղի կունենա Թեղուտի պաշտպանության խմբի նախաձեռնած` ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների և «մադրիդյան սկզբունքների» հասարակական-քաղաքացիական բողոքի գործողությունը, ինչի շուրջ կազմակերպիչները հայտարարություն են տարածել.
Ազատ խոսքի բռնաճնշումները, իշխանական խմբակին հլու դատական կցորդ համակարգը, մշտապես կեղծվող ընտրությունները, «մարտի 1-ի» ոճրագործությունը, քաղաքական հայացքների համար հալածանքները, խաղաղ ցույցերի արգելումն ու համատարած անպատժելիությունը այսօր թակում են ամեն մեկիս դուռը և հղի են նոր Հայրենազրկման հետևանքներով, այն է` մեր հայրենյաց սրբազան հողն ու 20-րդ դարավերջում հաղթած հայի արժանապատվությունը աճուրդի հանելը` ի դեմս հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման և «մադրիդյան սկզբունքներով» Արցախի ազատագրված տարածքների հանձնման…
Ազգադավ արձանագրությունների վավերացումն ու «մադրիդյան սկզբունքների» կենսագործումը`
- ամբողջությամբ վտանգում են Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ազգային ու պետական շահերը,
- հակասում են աշխարհասփյուռ հայության համազգային տեսլականին` մեր կորսված Հայրենիքին վերատիրանալու սրբազան իրավունքին ու պարտականությանը:
Հայկական ներկայիս երկու պետությունների ինքնիշխանությանն ու միատարրությանը սպառնացող աղետաբեր զարգացումները կանխելու նպատակով բոլորս և յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր վճռական մերժումը հայտարարելու` թե հայ-թուրքական արձանագրություններին, թե մադրիդյան սկզբունքներին, և թե այս ու մյուս մարտահրավերներն արդյունավետ դիմակայելու անընդունակ ու անմեղսունակ, մարդասիրության ու Հայոց պետականության վսեմ զգացողությունները ոտնահարող, քոչվոր ավարառուների ու մանրիկ ծախող-առնողի հոգեբանությամբ գործող իշխանություններին:
ՍԻՐԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Համազգային բողոքի մեր մասնիկ մերժումը միահամուռ բարձրաձայնենք.
Ի տես`
- էությամբ հանցածին, ազգային պետական շահերի հետ որևէ աղերս չունեցող իշխանությունների,
Ի պաշտպանություն`
- հայրենի բնօրրանում ազատ ու արժանավայել ապրելու մարդու իրավունքի,
- հայազարմ սերունդների կողմից հինավուրց Հայկական բարձրավանդակի քաղաքակրթության և հայկյան ժառանգությանը վերատիրանալու Աստվածատուր իրավունքի,
Հանուն`
- Ցեղասպանության զոհերի սուրբ հիշատակի,
- Ազատ, Արդար, Ինքնիշխան ու Միացյալ ՀԱՅՐԵՆԻՔ կերտելու պատմական առաքելության:
Հրայր Սավզյան- Թեղուտի պաշտպանության խմբի անդամ
Արփինե Գալֆայան-Թեղուտի պաշտպանության խմբի անդամ
Զարուհի Փոստանջյան- Թեղուտի պաշտպանության խմբի անդամ
Սեդա Մելիքյան- Փաստաբաններ մարդու իրավունքների համար ՀԿ
Դանիել Իոաննիսյան- Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ
Լալա Ասլիկյան- ՀՀ Քաղաքացի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել