
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր հանդիպել է հանրապետության հաց արտադրող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ, ում հետ եւ քննարկել է ոլորտի այն մտահոգիչ վիճակը, որն արձանագրվել է վերջերս առողջապահության նախարարության կողմից` հացաթխման կետերում կատարված ստուգումների արդյունքում:
Տեսչական ստուգումների արդյունքում, վարչապետի խոսքերով, արձանագրվել են անթույլատրելի փաստեր, որոնց մասին նա նախընտրեց չխոսել, քանի որ վիճակն ամոթալի է:
Առողջապահության նախարարության ներկայացուցչի հաղորդմամբ` ստուգումներ անցկացրած հաց արտադրող մի շարք արտադրամասերում չեն պահպանվում սանիտարահիգիենիկ նորմերը, չկան հացաթխման անհրաժեշտ պայմաններ: Պատշաճ մակարդակով չի իրականացվում նաեւ հացի մատակարարումը. որոշ արտադրամասեր ունեն սեփական մեքենաներ, որոնց միջոցով էլ հացը տեղափոխվում է խանութներ, իսկ ոմանք էլ հաց են տեղափոխում կամ տաքսիներով, կամ էլ այլ մեքենաներով, որոնք չունեն անհրաժեշտ պայմաններ:
Ստուգումների արդյունքներով` մի շարք ձեռնարկություններ տուգանվել են` ընդհանուր առմամբ 1 մլն 700 հազար դրամի չափով, իսկ 5 արտադրամասերում ժամանակով դադարեցվել է արտադրությունը` մինչեւ արձանագրված խախտումների վերացումը: Առողջապահության նախարարության ներկայացուցիչների հավաստմամբ` ստուգումները պարբերական բնույթ են կրելու, որոնք նպատակ ունեն այս ոլորտում հնարավորինս վերացնել խախտումները եւ արտադրամասերը համապատասխանեցնել պահանջվող նորմերին:
Վարչապետ Արա Հարությունյանն իր հերթին հորդորել է հաց արտադրողներին` հնարավորինս վերացնել թերությունները եւ ստեղծել սանիտարահիգիենիկ նորմալ պայմաններ, քանի որ «խոսքը գնում է բնակչության առողջության մասին»:
«Իսկ այս հարցում պետությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել հաց արտադրողներին»,-այսօր հայտարարեց կառավարության ղեկավարը, ով հավաքվածներին տեղեկացրեց, որ նրանք իրենց ձեռնարկությունները վերանորոգելու եւ պայմանները բարեկարգելու համար կարող են արտոնյալ վարկեր վերցնել Արցախի ներդրումային հիմնադրամից:
Ի դեպ, այդ հնարավորությունն արդեն երկրորդ տարին է, որ կա, եւ դրանից օգտվել են ոլորտի մի քանի սուբյեկտներ: Վարչապետն ընդգծեց, որ պետությունն ամեն ինչ կանի` աջակցելու հացարտադրությունը նորմալ կազմակերպելուն, մնում է միայն հաց արտադրողներն օգտվեն արտոնյալ վարկերից եւ վերացնեն իրենց արտադրամասերում արձանագրված խախտումները` սկսած սանիտարահիգիենիկ պայմաններից մինչեւ հացի մատակարարում: Նշված ձեռնարկություններին տրվեց մեկ տարի ժամկետ` իրավիճակը բարելավելու համար: Իսկ մեկ տարի հետո ստուգումները, ինչպես հավաստիացրեց գործադիրի ղեկավարը, կլինեն ավելի խիստ եւ չի լինի ոչ մի ներում:
Հանդպման ժամանակ խոսվեց նաեւ այն մասին, որ ստուգումները հացի արտադրամասերով չեն սահմանափակվի. ստուգումներ կանցկացվեն նաեւ սննդի արտադրության մյուս ճյուղերում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել