HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մադրիդյան սկզբունքները»` մխացող պատրույգով ական

04_11-Avetisyan-QocharyanՔնար Բաբայան Այսօր «Արմատ» ակումբում կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ներկայացրեց «Մադրիդյան սկզբունքների» մասին նկարահանված «Մխացող պատրույգ» փաստավավերագրական ֆիլմը: Այն բաղկացած է երկու մասից և արդեն ցուցադրվել է  «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով: «Վերջին քաղաքական իրադարձությունները հիմք հանդիսացան, որ ծնվի այս ֆիլմը: Փորձեցի որպես ռեժիսոր և հեղինակ անաչառ` ներկայացնել «Մադրիդյան սկզբունքները»: Վերջիվերջո չգա մի օր, երբ մեզ փաստի առաջ կանգնեցնեն, ինչպես դա եղավ հայ-թուրքական արձանագրությունների դեպքում»,- ասաց Ջ. Ավետիսյանը: Ջ. Ավետիսյանը համամիտ չէ այն մարդկանց հետ, ովքեր «Մադրիդյան սկզբունքները» համարում են ձեռքբերում և ինքնորոշման իրավունք ունենալու հնարավորություն: Կինոռեժիսորը համոզված է, որ Ղարաբաղն արդեն ինքնորոշվել է, և ավելորդ անգամ դրա մասին խոսելու կարիք չկա: Իսկ ԼՂՀ անկախության և անվտանգության միակ գրավականը հայկական բանակն է: Ջ. Ավետիսյանը խոստովանում է, որ ֆիլմի հիմքում ընկած են հարցազրույցներ ինչպես պաշտոնատաև անձանց, այնպես էլ ազատամարտիկների, երիտասարդների, որդեկորույս մայրերի և պարզապես հասարակ ղարաբաղցիների հետ: «Մարդկանց հետ շփումից ես հասկացա, որ մարդկանց մեծ մասն ընդհանրապես անտեղյակ է «Մադրիդյան սկզբունքներից», իսկ նրանք, ովքեր տեղյակ են, փորձում են արդարացնել: Այնուամենայնիվ, ղարաբաղցիները հող հանձնելու մասին անգամ լսել չեն ուզում` ներկա կարգավիճակը համարելով տարբերակներից լավագույնը: Ղարաբաղում հող հանձնելը հավասարազոր է սեփական ոտքով մահվան դուռը գնալուն»,- ասաց կինոռեժիսորը: Ինչ վերաբերում է ֆիլմի վերնագրին, ապա այն վերջում է ընտրվել: «Մխացող պատրույգը» տվյալ դեպքում «Մադրիդյան սկզբունքներն» են, և Ջ. Ավետիսյանի որակմամբ` պատրույգը վառած ական է: «Տվյալ դեպքում կամ պետք է պատրույգը հանգցնել, կամ դնել Բաքվի տակ, և երրորդ տարբերակը, աստված չանի, կպայթի, և կտեսնենք, թե արդյունքում ինչ կունենանք. ունեցածն էլ կկորցնենք»,- ասաց ֆիլմի ռեժիսորը: Ասուլիսի շրջանակներում «Մադիրդյան սկզբունքների» տեղեկատվական քաղաքականությանն անդրադարձավ «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության» խորհրդի անդամ Տիգրան Քոչարյանը: Նրա կարծիքով, «Մադրիդյան սկզբունքները» Հայաստանի դիվանագիտության մեջ ամենաառեղծվածային թեման է, քանի որ մինչ այսօր ենթադրյալ տեքստերից բացի` հասարակությունը չի տեսել փաստաթղթի օրիգինալ տարբերակը: «Այս իրավիճակում ամենաանհեթեթը մեկ օր առաջ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հայտարարությունն է այն մասին, որ իրենք այդ փաստաթուղթը չեն տեսել և տեղեկատվությունը ստանում են միայն լրատվամիջոցներից»,- ասաց Տիգրան Քոչարյանը: Այնուամենայնիվ, Տիգրան Քոչարյանը մոտավորապես տեղյակ է «Մադրիդյան սկզբունքների» բովանդակությունից, որը ենթադրում է հայկական զորքերի դուրսբերում ազատագրված տարածքներից, ադրբեջանցի փախստականների վերադարձ և խաղաղապահ զորքերի տեղակայում: Խոսելով հայատյացության տարածված լինելու մասին` Տիգրան Քոչարյանը որպես օրինակ բերեց Հեյդար Ջեմալի հայտարարությունը, ով ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը պայմանավորում է հայոց պետականության վերացմամբ: Բանախոսի հավաստմամբ` Հ. Ջեմալի հայտարարությունը Ռուսաստանում ավելի մեծ արձագանք գտավ, որտեղ վերջինիս անվանեցին տականք: «Ցավոք սրտի, նոյեմբերի 2-ին International Alert-ի կազմակերպած Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ կլոր սեղանի ժամանակ մեր խմբի անդամները` հայտնի քաղաքագետներ Ալեքսանդր Իսկանդարյանը, Կարեն Բեքարյանը, Արտակ Կիրակոսյանը և Ղարաբաղի ներկայացուցիչները, իջան այնպիսի մակարդակի, որ մի սեղանի շուրջ նստեցին Հ. Ջեմալի հետ: Այս քայլով մեր քաղաքագետները լեգիտիմացրել են Հ. Ջեմալի հակասեմիթական և հայատյաց գաղափարը»,- ասաց Տիգրան Քոչարյանը: Ըստ բանախոսի` նման երևույթների պատճառը ներմուծված հանդուրժողականության գաղափարն է. շատերը չեն հասկանում, որ դա պարզապես «անթասիբություն» է: Հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին` Տիգրան Քոչարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նույն այդ քննարկման ժամանակ Ղարաբաղի ներկայացուցչին թույլ չտրվեց մեկ րոպեից ավել ելույթ ունենալ` արգելելով մասնակցել հետագա քննարկումներին: International Alert-ի կազմակերպած միջոցառման մասին տեղեկություններ ստանալու նպատակով դիմեցինք կլոր սեղանի մասնակից քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին: Քաղաքագետի խոսքերով` միջոցառումը նախաձեռնել էր International Alert-ը Ռուսաստանի «Հանրային պալատի» աջակցությամբ, որը ենթադրում էր եռակողմ քննարկում` Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: «Ըստ նախնական պայմանավորվածության` մասնակիցները ներկայացնում են իրենք իրենց կամ կազմակերպությունը և ոչ թե իրենց երկիրը: Ղարաբաղից եղել են շատ ներկայացուցիչներ, բայց զեկույցով հանդես է եկել միայն Մասիս Մայիլյանը (ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար)»,- ասաց Ալ.Իսկանդարյանը: Բացի նախապես գրանցված ելույթ ունեցողներից` ցանկացողները հնարավորություն ունեին, նստելով սեղանի շուրջ, ելույթ ունենալ: Ալ.  Իսկանդարյանի խոսքերով` ԼՂՀ ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը ցանկություն է հայտնել ելույթ ունենալ և սկզբից ոչ ճիշտ է ներկայացել (այսինքն` նշել է իր պետական պաշտոնը): Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովն առարկել է`ասելով, որ այդպես չէր պայմանավորվածությունը, և որ Ռ. Զարգարյանը չի կարող ելույթ ունենալ որպես  ԱԳ նախարարի խորհրդական: «Ռուբեն Զարգարյանը առանց առարկելու ներկայացավ որպես պատմական գիտություների թեկնածու և առանց ավելորդ խոչընդոտների ելույթ ունեցավ»,- ասաց քաղաքագետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter