HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագացված դատաքննությունների ժամանակ պաշտպանի մասնակցությունը ձեւական բնույթ է կրում

«Հետքն» արդեն անդրադարձել է Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակիչ 25-ամյա Լյովա Թովմասյանի ու նրա ընկերների կատարած գողության դեպքին, որը տեղի էր ունեցել այս տարվա մայիսի 21-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղի տարածքում: Մենք զրուցել էինք Լյովա Թովմասյանի հետ, իսկ նրա ընկերները` Տիգրան Մելքոնյանն ու Վիգեն Հովհաննիսյանը հրաժարվել էին բացատրություն տալ, թե նախաքննության ընթացքում ինչու չեն ցանկացել պաշտպան ունենալ: Հիշեցնենք, որ նրանք հրաժարվել էին նաեւ հանրային պաշտպանից, սակայն դատարանում ունեցել են պաշտպան: Գողության համար Լյովային ու նրա 2 ընկերներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1,2,3 կետերով 34-177-րդ հոդվածի 1,2,3 կետերով: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 31-ին նրանց դատապարտել էր ազատազրկման` 2 տարի 6 ամիս ժամանակով, սակայն, նրանց նկատմամբ կիրառվել էր ԱԺ-ի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին»  որոշումը եւ ազատ էին արձակվել դատարանի դահլիճից: Լյովան ասաց, որ հանրային պաշտպան ունենալու ցանկություն չի ունեցել, մտածելով, որ ինքնուրույն կարող է իր իրավունքները պաշտպանել, սակայն դատարանում խնդիրներ են առաջացել եւ օգտվել է հանրային պաշտպանի ծառայությունից: «Իրեն չգիտեմ` ով ա, ով չի, չեմ ճանաչում: Չգիտեմ էլ, թե ով է հանրային պաշտպանին բերել: Իրեն դատարանում եմ տեսել»,- հայտնել էր մեզ Լյովան: Նա նույնիսկ իր պաշտպանի անունը չգիտեր: Այս քրեական գործն ուսումնասիրելով` պարզեցինք, որ 3 ընկերների իրավունքները դատարանում ոչ թե հանրային պաշտպանն է ներկայացրել, ինչպես պնդում էր Լյովան, այլ փաստաբան Հրաչ Ալեզյանը: Գործում առկա էր միայն Հրաչ Ալեզյանի օրդերը: Բացի օրդերից, փաստաբանի ներգրավված լինելու մասին վկայում է միայն նիստերի արձանագրության մեջ նշված մեկ տողանոց նշումը, որ փաստաբանը դատարանից խնդրել է մեղմ պատիժ նշանակել իր պաշտպանյալներին: Այս ամենից կարող ենք ենթադրել, որ փաստաբանի ներկայությունը դատարանում ձեւական բնույթ է կրել, նա որեւէ դերակատարում չի ունեցել ամբաստանյալների գործում, որի պատճառով էլ որեւէ տպավորություն չի թողել ամբաստանյալների մոտ: Հ. Ալեզյանի ներկայությունը դատարանում ապահովել են միայն այն պատճառով, որ արագացված կարգով դատաքննություն իրականացնելիս օրենքը պարտադիր է համարում պաշտպանի մասնակցությունը: Դատավոր Ռուզաննա Բարսեղյանի վարույթում է քննվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով մեղադրվող Գագիկ Ղուկասյանի գործը: Նա էլ նախաքննության ընթացքում պաշտպան չի ունեցել: Գործում առկա 12.12.2008 թ.-ի արձանագրության համաձայն, քննիչ Կ. Կարապետյանը  բացատրել է Գ. Ղուկասյանին պաշտպան ունենալու իրավունքի մասին, որից Գ. Ղուկասյանը հրաժարվել է: Վերջինս նախաքննության փուլում մի քանի անգամ հրաժարվել է պաշտպան ունենալու իրավունքից` պատճառաբանելով, որ հրաժարումը «կապ չունի իր նյութական վիճակի հետ»: Սակայն, դատավոր Ռ. Բարսեղյանը 27.09.2009 թ. հանրային պաշտպան հրավիրելու մասին որոշում է կայացրել: «Ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, գտնում եմ, որ դատաքննությանը հանրային պաշտպանի ներկայությունն ապահովելու անհրաժեշտություն է առաջացել: Միաժամանակ գտնում եմ, որ ամբաստանյալին իրավաբանական օգնություն պետք է ցույց տրվի անվճար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վստահորդի եւ  պաշտպանի միջեւ բացակայում է վարձակալության վերաբերյալ համաձայնություն»,-իր որոշումը «պատճառաբանել» է դատավոր Ռ. Բարսեղյանը: Նշենք, որ հանրային պաշտպան տրամադրելու հիմնական նախապայմանը անձանց սոցիալական խոցելի վիճակն է, իսկ օրենքով նախատեսված պարտադիր մասնակցություն է նախատեսված սահմանափակ խմբի մարդկանց համար` ժամկետային զինծառայողներ, անչափահասներ, մտավոր թերզարգացածություն եւ առողջական այլ խնդիրներ ունեցողների համար: Գագիկ Ղուկասյանը նշված խմբերից ոչ մեկին չի պատկանում: Բացի այդ, նա մի քանի անգամ նշել է, որ պաշտպանից հրաժարվելը պայմանավորված չէ իր նյութական վիճակով, հետեւաբար անհասկանալի է գործում հանրային պաշտպան ներգրավելու մասին դատավորի «բարեհոգի» որոշումը: «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի «Հանրային պաշտպաններից հրաժարումները» թեմայով սեպտեմբերի 10-ին հրավիրած կլոր սեղանի քննարկման ժամանակ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Վահան Յանիկյանն, անդրադառնալով այդ հարցին, ասաց, թե Հանրային պաշտանի գրասենյակի ղեկավար Մասիս Ղազանչյանը հանրային պաշտպան հրավիրելու մասին քննիչների ու դատավորների բազմաթիվ որոշումներ է վերադարձրել: «Որոշումն այնպես է գրված, որ դրանով հնարավոր չէ պաշտպան տրամադրել: Մի տարի է ասում ենք ձեր որոշման մեջ գրեք, որ այս մարդն անվճարունակ է եւ հանրային պաշտպան է խնդրում, իսկ դուք ղեկավարվեք Քր. դատ. օր.-ի 165 հոդվածով եւ գրեք, որ ազատում եք նրան իրավաբանական օգնության վճարից, չեք գրում` մենք էլ վերադարձնում ենք ձեր որոշումը»,-նշեց նա: Անհասկանալի է նաեւ այն, որ մեղադրյալները նախաքննության ժամանակ գրեթե բոլոր կարգավիճակներում` կասկածյալ, մեղադրյալ, հրաժարվում են իրավաբանական օգնությունից, սակայն դատարանում հանկարծ հասկանում են, որ իրենց անհապաղ իրավաբանական օգնություն է անհրաժեշտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter