«Տնեցիները կարող են կարտոֆիլ ուտել, բայց արծվին չեմ կարող ասել` կարտոֆիլ կեր»
Մասնագիտությամբ ջերմատեխնիկ Արմենակ Ավետիսյանը որոշեց գազանանոց բացել Հրազդանում, երբ ձեռք բերեց «գառնուկի պես խուճուճ» Ջենի անունով շնիկին
Յոթ ամսական արջը` Ֆուֆուն, այսօր Հրազդանի կենդանաբանական այգու ամենախոշոր կենդանին է:
Այգու տնօրենը` Արմենակ Ավետիսյանը, արջը գնել է ամիսներ առաջ` գրավ դնելով ընտանիքի անդամների ամբողջ ոսկեղենը: «800 դոլարով եմ առել, վերջերս 1500-ով ուզեցին, չտվեցի: 5000 դոլար էլ տան, չեմ վաճառի: Ընտանիքիս անդամի պես եմ պահել Ֆուֆուին: Նոր եմ բերել գազանանոց, մեր տանն էր ապրում»,- ասում է Ա. Ավետիսյանը:
Եթե ՖուՖուն և մյուս կենդանիները դուրս գային որսի, գուցե ավելի քիչ չարչարվեին, քան Արմենակ Ավետիսյանը Հրազդանում նրանց համար կեր հայթայթելիս: «Շաբաթվա մեջ 2-3 օր դուրս եմ գալիս դրամահավաքի: Մարդիկ հարցնում են` ուրիշ ելք չկա՞, որ էս քայլին եմ գնում: Հրազդանում գրեթե չեմ հավաքում. ամաչում եմ, որովհետև ամեն մարդ չի հասկանա: Համ չեն տալիս, համ էլ բամբասում են: Գնում եմ Երևան, մտնում օֆիսներ, հաշվեհամարս եմ տալիս, խնդրում եմ օգնել. ինչ-որ չափով օգնություն գալիս է, բայց շատ քիչ»,- պատմում է Ա. Ավետիսյանը:
Գազանանոցի տնօրենի դրամահավաքի արկղիկը, որի վրա գրված է «Օգնե՛ք կենդանիներին», շրջում է նաև Սևանում, Չարենցավանում, Աբովյանում, և 2-3 օրվա ընթացքում հավաքված փողը հազիվ հերիքում է գազանների 1 օրվա կերին: Ավետիսյանը կատակում է, թե ինքը միաժամանակ քաղաքի սանէպիդկայանի գործերն է անում: Օրվա վերջում գնում է շուկաները, հավաքում թափելու ենթակա չվաճառված սնունդը, բերում կենդանիներին: Բայց նույնիսկ դեպի աղբարկղ տանող ճանապարհին հանդիպած մթերքի համար շատ հաճախ վճարում է:
Վերջին օրերին` եղանակը ցրտելու հետ, կենդանաբանական այգին այցելուներ գրեթե չունի, իսկ դա նշանակում է, որ կեր ձեռք բերելու մի աղբյուրն էլ կտրվեց: Մինչդեռ կենդանիներին հարկավոր է կերակրել օրը գոնե երկու անգամ: Ավետիսյանը չի խնայել նաև սեփական ավտոմեքենան, որը վաճառել, գումարի կեսը արդեն ծախսել է կերի համար: «Իմ տնեցիները կարող են կարտոֆիլ խաշել, թթվով ուտել,- ասում է Ավետիսյանը,- բայց արծվին չեմ կարող ասել` կարտոֆիլ կե՛ր. նրա համար թոք եմ առնում, փորոտիք: Նրան արյուն է պետք. նույնիսկ եթե երշիկով կերակրեմ, կսատկի»:
Իսկ տնեցիների դժգոհությունները նա լսում է արդեն 16 տարի, նրանց էլ այլ բան չի մնում, քան հաշտվել գազանանոց ունենալու մտքի հետ եւ խրախուսել Արմենակ Ավետիսյանին:
Ավետիսյանի որդին շների սիրահար է և արդեն մեկ տարի գազանանոցի տարածքում շնաբուծարան է պահում: Շների տեսականին դեռ փոքր է. մեծ մասը նվիրել են ծանոթները, որոնք իրենք այլևս չէին կարողանում կերակրել ու խնամել դրանց: Հայր ու որդի հույս ունեն, որ մեկ-երկու տարուց այդ շների ձագերի վաճառքից ստանալիք գումարը մեծ փրկություն կլինի գազանանոցի մյուս բնակիչների համար: Իսկ դրանք այնքան էլ շատ չեն` երկու գայլ, երեք աղվես, սամույրներ, փորսուղներ, սկյուռ, ծովախոզուկներ, մոտ երկու տասնյակ գիշատիչ և ոչ գիշատիչ թռչուններ:
Հրազդանի կենդանաբանական այգու տեսականին անհամեմատ ավելի հարուստ է եղել 1993-96 թվականներին, երբ այգին նոր էր բացվել: Այն ժամանակ էլ պետական հովանավորություն չկար, ինչպես հիմա, բայց Արմենակ Ավետիսյանը կարողանում էր աշխատեցնել իր հիմնադրած այգին: Ձմռանն էր դժվար: Կենդանիներին ստիպված էր լինում տեղավորել ծանոթ գյուղացիների գոմերում, իսկ գարնանը դրանց մեծ մասին ետ չէր ստանում: «Ոտքը կամ գլուխը պահում էին, ցույց էին տալիս, որ համոզեն` սատկել է: Հետո էի իմանում` շատերին մորթել, կերել են»,- պատմում է Ավետիսյանը:
Այսպես տասը տարվա ընթացքում գրեթե ոչինչ չի մնացել, իսկ մոտ 30 կապիկից ողջ է մնացել միայն Վիետնամից բերված Մադամը: Ավետիսյանը կարոտով է հիշում գազանանոցի վերջին կապիկին. «Մադամին տանում էի Ծաղկաձոր, հետը լուսանկարվում էին: Նա բոլորի համար փող էր աշխատում»:
2003-2007 թվականներին այգին չի գործել. դա այն շրջանն էր, երբ Արմենակ Ավետիսյանը մեկնել էր ԱՄՆ` գումար վաստակելու: Գնալուց առաջ Մադամին վաճառեց մի սրճարանատիրոջ` վերադարձին ետ գնելու պայմանով: Բայց երբ վերադարձավ, Մադամն արդեն սատկել էր: «2007-ին եկա Ամերիկայից, վերաբացեցի գազանանոցս` իմանալով, որ եկամուտ չեմ ունենալու»,- շարունակում է Ա. Ավետիսյանը: Կենդանաբանական այգու տնօրենը հույս ունի, որ դեռ կգտնվեն բարերարներ, ում օգնությամբ ինքը «կծաղկեցնի այս այգին երեխաների համար»:
Նա հույսը չի կտրել նաև քաղաքապետարանից, չնայած դեպի գազանանոց տանող ճանապարհները նույնիսկ ասֆալտապատ չեն:
Տաթև Մադաթյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել