Կենտրոնական բանկի արձագանքը
Վերջերս մամուլի հրապարակումներից մեկում հայտարարվել էր, որ «բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանի Հանրապետությունում փողեր են լվանում»: Այդ առնչությամբ Կենտրոնական բանկի (ԿԲ) Ֆինանսական դիտարկումների կենտրոնը հայտնում է հետևյալը.
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը (ՖԴԿ) հանդիսանալով փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում լիազոր մարմինը, մշտապես իրականացրել և իրականացնում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ կապված տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն և տեղաբաշխում:
ՖԴԿ-ն իր քառամյա գործունեության ընթացքում իրավապահ և վերահսկող մարմիններից, օրենքով սահմանված հաշվետվություն տրամադրող անձանցից, ինչպես նաև օտարերկրյա գործընկեր ֆինանսական հետախուզության մարմիններից, ի թիվս ստացված կասկածելի գործարքների վերաբերյալ ֆինանսական և իրավապահ բնույթի բազմաթիվ տեղեկությունների, տեղեկատվություն չի ստացել Հայաստանի Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից փողերի լվացման մեջ ներգրավված լինելու վերաբերյալ:
Միաժամանակ, ՖԴԿ-ն, անդամակցելով ֆինանսական հետախուզության մարմինների միջազգային կառույցին և իր տրամադրության տակ ունենալով աշխարհի երկրների պետական բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` նրանց կողմից այս կամ այն հանցագործության մեջ ներգրավվածության վերաբերյալ տեղեկատվական բազաներ, մշտապես մանրամասն դիտանցման է ենթարկում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պետական պաշտոնյաների վերաբերյալ տեղեկությունները:
Դրա արդյունքում ևս տեղեկություններ չեն արձանագրվել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից փողերի լվացման մեջ ներգրավված լինելու վերաբերյալ:
ՖԴԿ-ն իր գործունեության արդյունքների վերաբերյալ մշտապես հաղորդումներ է ներկայացնում Կենտրոնական բանկի խորհրդին և փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ստեղծված հատուկ միջգերատեսչական հանձնաժողովին: Գործունեության տարեկան ամփոփ արդյունքները հրապարակվում են ՖԴԿ-ի ինտերնետային կայքում և, բացի այդ, տարվա ընթացքում պարբերաբար ներկայացվում են նաև լրատվամիջոցներով:
Հարկ ենք համարում մեկ անգամ ևս ընդգծել, որ Հայաստանում ձևավորված` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգն, իր բոլոր բաղկացուցիչներով, 2008-2009 թթ. ընթացքում Եվրոպայի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից անցել է համակողմանի գնահատում:
Հաստատված գնահատման հաշվետվությամբ արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունում արդյունավետորեն են ներդրված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտը կարգավորող միջազգային ստանդարտները»:
ԿԲ լրատվության ծառայություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել