HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ալեքս Գրիգը» տուգանվել է անբարեխիղճ մրցակցության համար

05_11-S-AlexsanyanՎառելիքի և այլ շուկաներում սկսվել են ուսումնասիրություններ Այսօր տեղի է ունեցել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի քանի հարցեր: Դրանցից երեքը, ըստ ՏՄՊՊՀ մամլո ծառայության, վերաբերել են ԱԺ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից թույլ տրված անբարեխիղճ մրցակցության դեպքերին: Հանձնաժողովը վարույթներ է հարուցել «Մանուկյան և գործընկերներ» ՍՊԸ դիմումի հիման վրա, որը օղու արտադրությամբ զբաղվող ռուսական մի քանի ընկերությունների` մտավոր սեփականության հարցերով շահերի ներկայացուցիչն է Հայաստանում: Համաձայն դիմումի` «Ալեքս Գրիգ» ընկերությունը արտադրում է օղիներ, որոնց ապրանքային նշանները շփոթության աստիճան նման են «Սլավյանսկայա», «Պառլամենտ գրուպ», «Պառլամենտ դիստրիբյուշն» և «Ռուսսկիյ Բրիլլիանտ» ընկերությունների արտադրած օղիների ապրանքային նշաններին: Ըստ դիմումի` տվյալ ապրանքային նշանները վերոհիշյալ ընկերությունների կողմից միջազգային գրանցում են ստացել և ենթակա են պահպանման նաև Հայաստանի Հանրապետությունում: Հարուցված վարույթի շրջանակներում Հանձնաժողովի կողմից «Պառլամենտ գրուպ» և «Պառլամենտ դիստրիբյուշն» ընկերությունների «Պառլամենտ», «Ռուսսկիյ Բրիլլիանտ» ընկերության համանուն և «Սլավյանսկայա» ընկերության «Բուֆետնայա Տրադիցիա» ապրանքային նշաններին «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից արտադրվող և վիճարկման առարկա հանդիսացող ապրանքանիշերի հնարավոր շփոթության աստիճանի նմանության հանգամանքը պարզելու նպատակով ուղարկվել են փորձաքննության: Փարձաքննությունը հաստատել է, որ «Ալեքս Գրիգի» կողմից արտադրվող օղիների ապրանքային նշանները և վերոհիշյալ ընկերությունների կողմից վիճարկվող ապրանքային նշանները («Պառլամենտ», «Ռուսսկիյ Բրիլլիանտ» և «Բուֆետնայա Տրադիցիա») գրաֆիկական և իմաստային առումով շփոթության աստիճան նման են այլ տնտեսվարողների պատկանող ապրանքային նշաններին: Հանձնաժողովն այսօր «Ալեքս Գրիգ» ընկերության վերոհիշյալ վարքագիծը որակել է որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն և յուրաքանչյուր դեպքի համար տուգանել 500 000 դրամով (ընդհանուր առմամբ` 1 500 000 դրամ): Ընկերությանը հանձնարարվել է 10-օրյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել սույն որոշմամբ սահմանված տուգանքի վճարումը հավաստող տեղեկատվություն, դադարեցնել և հետագայում բացառել օղու ապօրինի արտադրությունն ու իրացումը, մեկամսյա ժամկետում հանել այն շրջանառությունից: Այսօրվա նիստում Հանձնաժողովը, հաշվի առնելով մի շարք ապրանքային շուկաներում մոնիտորինգի արդյունքները, ուսումնասիրություններ է սկսել այն շուկաներում, որտեղ ապրանքների գների դինամիկան մրցակցության կանոնների հնարավոր խախտման մասին մտագոհությունների տեղիք է տալիս: Ըստ այդմ` Հանձնաժողովը բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտներից տեղեկություններ է պահանջել այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում վառելիքի ներկրման և իրացման գների, ներկրման ծավալների վերաբերյալ: Իսկ շաքարավազի, կարագի և բուսական յուղի շուկաներում պարզաբանումներ կպահանջվեն գների բարձրացման հիմնավորումների կամ դրանց համար պատճառ հանդիսացած գործոնների վերաբերյալ: Ստացված նյութերի վերլուծության արդյունքում կորոշվի վարույթներ հարուցելու հիմքերի առկայության հարցը: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հանձնարարությամբ` աշխատակազմի մասնագետներն այսուհետև շուկաների վերլուծություններն իրականացնելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնեն նոր տնտեսվարողների համար շուկայի մուտքի խոչընդտոների բացահայտմանն ու վերացման խնդիրներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter