
Հայաստանում այսօր 7635 քաղծառայող կա: Արդեն 7 տարի գործող քաղաքացիական ծառայության համակարգում ներկայումս մի շարք բարեփոխումներ են ընթանում:
«Հայելի» ակումբն այսօր հյուրընկալել էր քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանին ու «Բարեփոխում» հ/կ-ի նախագահ Կարինե Հակոբյանին:
Մ.Բադալյանը նշեց, որ որակյալ պետական կառավարում և, ընդհանրապես, որակյալ քաղաքացիական ծառայություն մենք երբևէ չենք ունեա, եթե չունենանք որակյալ ծառայողներ: «Մեր հասարակության, մեր քաղաքացիների մտածողության մեջ փոփոխության խնդիրը, ցավոք, ոչ միշտ է ժամանակի հետ համահունչ լինում: Դրանով են պայմանավորված նաև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում հաճախակի փոփոխություններն ու լրացումները»,- ասաց նա:
Խորհրդի նախագահի խոսքով` իրենք հաճախ են առնչվում շահերի բախման, վարքագծի և էթիկայի խնդիրների հետ: «Մենք ունենք պաշտոնյաներ, որոնք իրենց պաշտոնի բերումով շահերի բախման մեջ են գտնվում, մարդիկ, ովքեր ի պաշտոնե ուղղակիորեն առնչվում են այն համակարգերի հետ, որտեղ իրենք ունեն մասնավոր շահեր»,- ասաց նա:
Այս համակարգում կարևոր նորամություն է լինելու նաև քաղաքացիական ծառայողների ուսուցումը: «Քաղաքացիական ծառայությունը մեր պատկերացրած չափով գրավիչ և հրապուրիչ չէ, ամենաորակյալ կադրերը չէ, որ հավակնում են զբաղեցնել քաղաքացիական ծառայության պաշտոններ: Պատճառները տարբեր են, դրանցից մեկն էլ ցածր վարձատրությունն է»,- ասաց նա:
Կարինե Հակոբյանն էլ նշեց, որ բարդ խնդիր է այն, որ համակարգը մեկուսացված չէ, և քաղաքացիական ծառայողը հաճախ զերծ չէ քաղաքական փոփոխություններից:
«Հայաստանում 2003 թ.-ից կուսակցությունների համակարգը շատ վնասակար է եղել քաղաքացիական ծառայության ինստիտուտի ձևավորման վրա` գալիս է կուսակցական նախարար, և կադրային քաղաքականությունը որոշվում է ոչ թե մասնագիտական կարողություններից ելնելով, այլ` կուսակցական պատկանելությունից: Ընդհանրապես, քաղաքացիական ծառայության ինստիտուտը չես կարող առանձնացված դիտել երկրում իրականացվող կադրային քաղաքականությունից»,- ասաց նա:
Մ. Բադալյանն էլ նշեց, որ նախարարները հաճախ ավելորդ ջանքեր են գործադրում նախարարությունները կուսակցականացնելու համար: Սակայն նրա կարծիքով` բոլոր այն քաղծառայողները, որոնք պատրաստ են իրենք իրենց պաշտպանել, քաղաքացիական ծառայության խորհուրդն օրենսդրական շատ ամուր և հստակ հիմքերով ասում է, որ նրանք հնարավորություն ունեն պաշտպանել իրենց:
«Կան քաղծառայողներ, որոնց պաշտոնավարման ընթացքում 7 նախարար է փոխվել: Եթե քաղծառայողը չի փորձում ինքն իրեն պաշտպանել, նշանակում է` նա ազնիվ չէ իր գործունեության մեջ»,- ասաց նա:
Կ. Հակոբյանն էլ հակադարձեց, որ չբողոքելու ու իրենց իրավունքները չպաշտպանելու պատճառներից մեկն այն է, որ դատական համակարգը բավարար չափով անկախ չէ:
Իսկ Մ. Բադալյանի կարծիքով` մենք դեռևս քաղաքացիական հասարակություն չունենք և որևէ մեկս ոչինչ չենք անում այն կայացնելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել