HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ռիչարդ Կիրակոսյան. «Ես 100 %-ով պաշտպանում եմ այս քաղաքականությունը»

«Ես հայ-թուրքական դիվանագիտական գործընթացում ես մի նոր օրացույց եմ տեսնում: Չեմ կարծում, որ պետք է ակնկալենք, որ թուրքական խորհրդարանը որևէ քայլ կանի արձանագրությունների վավերացման խնդրում մինչև հաջորդ տարվա սկիզբ` ավելի հստակ` փետրվար-մարտ ամիսները: Սա, իհարկե, նաև կապված է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի հետ»,- Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքերով` Թուրքիայի այս ռազմավարությունը, այնուամենայնիւվ, ռիսկային է, քանի որ հայկական կողմի համբերությունն անսպառ չէ, և Թուրքիայից շատ ակնկալիքներ կան: Ավելի կարևոր է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը անընդհատ ուղերձ են հղում, որ Թուրքիան պետք է կատարի իր պարտականությունները ողջամիտ ժամկետում: «Մենք նաև Մինսկի խմբի և Լեռնային Ղարաբաղում վերաբերյալ մի նոր օրացույցի պիտի հանիպենք, որը սկսվում է Մոլդովայում և շարունակվելու է մինչև Աթենք: Դեկտեմբերին 1-ին և 2-ին Աթենքում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի հանդիպում է լինելու: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ևս պետք է հանդիպեն այնտեղ` նպատակ ունենալով մինչև հունվար որոշ առաջխաղացում գրանցել Ղարաբաղյան հարցում»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: Սակայն, նրա համոզմամբ, որևէ փոփոխություն կամ առաջընթաց չի լինելու, և այս պարագայում հարցն այն է, թե ինչպես կարելի է բնորոշել և բնութագրել առաջընթացը ԼՂ հարցում, որովհետև Թուրքիան և ԵԱՀԿ-ն առաջընթացի որևէ նշան են փնտրում: Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերով` Արցախի հարցը հայ-թուրքական արձանագրությունների մեջ չկա: Սա շատ կարևոր է, և Թուրքիայի համար նշանակում է, որ Արցախի հարցը վերադարձնել սեղանին գրեթե հնարավոր չէ: Անգամ պաշտոնական ԱՄՆ-ի քաղաքականությունն է ընդունում, որ Արցախի հիմնախնդրով բանակցություններն արդեն 2-րդ մի գիծ են, որը շատ ավելի դանդաղ է ընթանում և շատ ավելի քիչ լավատեսություն է ներշնչում բեկում մտցնելու տեսանկյունից: Միաժամանակ Ռիչարդ Կիրակոսյանը նշեց. «Բայց իհարկե, Ղարաբաղի հարցը կապ ունի հայ-թուրքական դիվանագիտության հետ: Սակայն, իմ կարծիքով, ամենից կարևոր փաստն այն է, որ այն այլևս անմիջականորեն կապված չէ և այլև նախապայման ու նախապահանջ չէ հայ-թուրքական դիվանագիտության շրջանակներում: Եվ չպետք է թույլ տալ, որ այն վերադառնա` որպես նախապայման»: «Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչ Թաթուլ Հակոբյանը ասաց, որ Ռիչարդ Կիրակոսյանը հայ-թուրքական արձանագրություններում Արցախի անվան բացակայությունը որպես հայկական դիվանագիտության հաղթանակ ներկայացրեց, սակայն «Ձեր պատկերացմամբ` ինչպե՞ս կարող է 2 երկրների հարաբերությունների հաստատման արձանագրության մեջ (երբ այդ արձանագրությունները երբեմն կարող են լինել 3 նախադասություն) լինել մեկ այլ խնդիր»: Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց, որ «արձանագրությունը պայմանագիր չէ: Ամենից կարևորն այն է, որ սա երկկողմանի արձանագրություն է: Եվ սա չի կարելի օգտագործել Ադրբեջանի հանդեպ կամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ»: «Ի տարբերություն Երևանի շատ վերլուծաբանների` ես ուզում եմ հստակ լինել: Ես 100 %-ով պաշտպանում եմ այս քաղաքականությունը: Իմ վերապահումները վերաբերում են դրա մեջ եղած գործընթացին, ոչ թե քաղաքականությանը: Կարծում եմ, որ անգամ Կալիֆորնիայում ապրող դաշնակները կպաշտպանեին այդ քաղաքականության գաղափարը: Բայց ամենակարևորը գործընթացը և դրա համար վճարվող գինն է»: ՌԱՀՀԿ տնօրենի համոզմամբ` իսկական փորձությունը դեռ առջևում է. կարևոր հարցն այն է, թե որոնք են լինելու պատմական հարցերը քննող հանձնաժողովի առաքելությունը, մանդատը, և ովքեր են լինելու հանձնաժողովի անդամները: Մյուս կարևոր խնդիրը, որին պետք է պատրաստվենք, ոչ թե միայն արձանագրություններն են, այլ այն, թե ինչպես ի կատար կածվեն այդ արձանագրությունները: «Սակայն նորից ապրիլի 23-ի, օգոստոսի 31-ի գործընթացները` կես գիշերին կարևոր փաստաթղթերի հրապարակումը, ցույց են տալիս, որ ուրեմն թաքցնելու բան կա»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: ՌԱՀՀԿ տնօրենի դիտարկմամբ` հայ-թուրքական ներկայիս գործընթացում թափանցիկության անհրաժեշտություն կա. և՛ հայկական, և՛ թուրքական կառավարությունը շատ քիչ բան է արել, որ հասարակությանը տեղեկացված լինի գործընթացից: «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կա ավելի մեծ խնդիր` շատ ավելի մեծ գաղտնիություն կա, երբ թափանցիկության և տեղեկատվության բացակայությունը կանխատածված կամ չկանխամտածված ապատեղեկատվության պատճառ է դառնում: Այս 2 գործընթացներում քաղաքացիական մասնակցության անհրաժեշտություն կա»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: Նա ասաց, որ ի տարբերություն Բաքվի որոշ ներկայացուցիչների` չի կարծում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք կա, սակայն ԵԱՀԿ Մինսկի խումբը կառուցվածքային մի թերություն ունի: Դա բանակացությունների սեղանի շուրջ Արցախի` ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչների բացակայությունն է: «Բանակցությունների սեղանի շուրջ Ղարաբաղին տեղ տալուց հրաժարվելը մարտահրավեր է` ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետությանը: Եթե նայենք Հյուսիսային Իռլանդիայից մինչև Պաղեստին եղած հակամարտություններին, ապա կտեսնենք, որ չի կարող լինել որևէ հակամարտության լուծում, մինչև հակամարտության բոլոր կողմերը չմասնակցեն բանակցություններին»,- ասաց ՌԱՀՀԿ տնօրենը: Նրա կարծիքով Արցախի հարցում իսկական փոփոխությունը կամ բեկումը կարող է գալ ոչ թե Երևանից, Բաքվից, Ստեփանակերտից կամ Մինսկի խմբից, այլ Ռուսաստանից: Ռիչարդ Կիրակոսյանի համոզմամբ` գործընթացում փոփոխություն կարող է լինել, եթե Ռուսաստանն իր հայամետ կեցվածքը դարձնի «ավելի չեզոք», ինչի հիմքում կլինի Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների բարելավումը: Սա էլ իր հերթին ցույց կտա եվրոպացիներին և ամերիկացիներին, որ Ռուսաստանը պատրաստ է ավելի կառուցողական համագործակցության: «Անկեղծ ասած, ռուսական քաղաքականության մեջ այսպիսի մի փոփոխությունը հավանաբար մի գործոն է, որին Հայաստանը պատրաստ չէ, որովհետև եթե Ռուսաստանը իսկապես փոխի իր քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում, ապա չեմ կարծում, որ Հայաստանը դրան պատասխան կամ հակակշիռ ունի»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նշեց, որ հորիզոնում նաև ամպեր են կուտակվում. եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպե հիմա է, ապա հնարավոր է, որ 10-12 տարի անց պատերազմը վերսկսվի: Ադրբեջանը գիտակցում է, որ եթե պատերազմը հիմա սկսի, ապա կպարտվի: «Մենք սեմինարը անվանել ենք «Հայ-թուրքական դիվանագիտությունը և Լեռնային Ղարաբաղը. համաձայնությո՞ւն, թե՞ ոչ»: Այս անվանումը հեռուստատեսային մի խաղից է, քանի որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը շատ վճռորոշ մի ժամանակահատվածում են գտնվում: Երկու ընտրությունն էլ` համաձայնությո՞ւն. թե՞ ոչ, դժարություն ունի: Սա հավանաբար նաև հայոց պատմության ամենավճռորոշ պահերից է, երբ անհրաժեշտ է ուժ և պետական մտածողություն»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: Քննարկման ժամանակ հարց հնչեց, թե ինչո՞ւ է պատրերազմի վերսկսման ժամկետ նշվում հենց 12 տարին: Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց, որ դա հիմնված է այն հաշվարկի վրա, որ եթե Ադրբեջանն այսօր սկսի ռազմական լուրջ բարեփոխումներ իրականացնել, ապա 12 տարի անց պատրաստ կլինի պատերազմի: «Բայց կարևորն այն է, որ կա մի ուրիշ վտանգ: Ոչ թե այն վտանգը, որ երկիրը պատերազմի է գնում` այդ մասին պաշտոնական հայտարարություն անելով, այլ ինձ մտագոհում է այն պատերազմը, որը կարող է սկսվել «պատահաբար», ինքնաբերաբար, երբ մի փոքր բախում կարող է վերաճել մեծամասշտաբ պատերազմի: Այս տեսակի բախումն ավելի հնարավոր է, որի հիմքում տեղեկատվության բացակայությունն է»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նշեց, որ օբյեկտիվ ռազմական տեսանկյունից Հայաստանն շատ ավելի պատրաստված և պրոֆեսիոնալ է, սակայն մտահոգիչ է այն, որ Ադրբեջանը պրոֆեսիոնալ չէ, իսկ անկանխատեսելիության և ոչ արհեստավարժ լինելու հետևանքը տեսանք Վրաստանում: «Այդ պատճառով Հայաստանի Պաշտպանության նախարարության համար մտահոգիչը Ադրբեջանի անկանխատեսելիությունն է: Բայց ի պատիվ Սեյրան Օհանյանի` պետք է ասել, որ Հայաստանի Պաշտպանության նախարարությունն այսօրվանից սկսում է պատրաստվել վաղվա սցենարներին: Մենք պետք է աշխարհին հիշեցնենք, որ հայկական բանակը ամենահզորն է տարածաշրջանում, և սա օբյեկտիվորեն ճիշտ է»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: Նա հավելեց, որ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարություններն ու պատերազմը վերսկսելու սպառնալիքներն վտանգավոր են այն իմաստով, որ ոչ միայն սպառնում են տարածաշրջանի կայունությանը, այլև ազդում են ադրբեջանցի զինվորների վրա այն իմաստով, որ դա մի նոր ապակայունացնող գործոն է դառնում: Ի վերջո, Հայաստանը չի կարող վերահսկել այս զարգացումները, բայց պետք է արձագանքի դրանից: Եվ հենց դրա համար էլ հարկավոր է պատրաստվել: Միաժամանակ Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ հայոց բանակը պատերազմի ախորժակ չունի, և միայն պաշտպանական ուժ է տարածաշրջանում: «Միակ մեջբերումը, որ կանեմ նախկին նախագահ Ջորջ Բուշից (քանի որ անձամբ ես Օբամայի դեմոկրատներից եմ, բայց Բուշի Տեխասում ասած մի արտահայտությունը կարելի է կիրառել նաև հայոց բանակի պարագայում), սա է. «Մենք պատրազմ չենք ուզում: Բայց եթե ուզում եք, բերեք, տեսեք` ինչ կլինի»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter