Բերման ենթարկելու հրամանը տվել էր Ա. Աֆյանը
2007թ-ի հոկտեմբերի 23-ի դրվագով Նիկոլ Փաշինյանի այսօրվա դատական նիստն ավարտվեց վկայություն տվող ոստիկանության ևս 2 աշխատակիցների հարցաքննությամբ:
ՊՊԾ վաշտի հրամանատար Վարդան Գևորգյանը պատմեց, որ այդ օրն ականատես է եղել քաշքշուքի` ցուցարարների և ոստիկանների միջև: «Ամբաստանյալը բարձրախոսով կոչեր էր անում, որ քաղաքացիները չենթարկվեն ոստիկանության աշխատակիցների պահանջներին: Ֆիզիկական քաշքշուք ես տեսել եմ, Պետրոս Մակեյանն էր, ընդհանրապես չէր ենթարկվում ոստիկանությանը»,-հաստատեց վկա Վարդան Գևորգյանը: Նա նշեց, որ ինքն օգնել է Պետրոս Մակեյանին և նրա որդուն բերման ենթարկելու գործընթացին:
Նա ճանաչում էր տուժողին, տեսել է նաև, որ իր աշխատակցին «Չորորդ Իշխանություն» թերթի խմբագիր Շողեր Մաթևոսյանը դրոշով խփել է: Բայց Նիկոլ Փաշինյանին չի տեսել ոստիկանության աշխատակցին հարվածելիս:
Հաջորդ վկան` Կենտրոնի ոստիանության Պրոֆիլակտիկայի բաժնի պետ Արմեն Հովակիմյանը, Նիկոլ Փաշինյանին տեսել է գնդապետ Ալեքսանդրա Աֆյանի հետ զրուցելիս, և Լսել է Նիկոլ Փաշինյանի հետ նրա խոսակցության սկզբի մասը. «Փաշինյանը կպնում էր իշխանություններին և մեզ»,-ասաց Արմեն Հովակիմյանը: «Կպնել» ասածը` փաստաբան Երվանդ Վարոսյանի խնդրանքով բացատրեց, որ բացասական իմաստով էր:
Այդ վկան ևս չէր տեսել Նիկոլ Փաշինյանին` տուժող ոստիկանության աշխատակցին հարվածելիս:
Այսօրվա հարցաքննված 3 վկաներից և ոչ մեկը չհիշեց, թե կոնկրետ ումից են հրաման ստացել բերման ենթրկել քաղաքացիներին: Միայն Արմեն Հովակիմյանը հաստատեց, որ «բերման ենթարկելու հրամանը տվել էր Աֆյանը»:
Այսօրվա դատական նիստին չէին ներկայացել դատակոչված ևս 3 վկաներ: Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 9-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել