
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, ըստ վաղօրոք սահմանված դատավարական կարգի, պիտի լսեր ամբաստանյալներ Աշոտ Թափալցյանի եւ Սիմոն Սարգսյանի ցուցմունքները: Բայց դատական նիստի սկսվելուց անմիջապես հետո ամբաստանյալների փաստաբան Ռուբիկ Մովսիսյանը խնդրեց դատավորից միջոցներ ձեռք առնել իր անձի անվտանգությունն ապահովելու համար:
Ապա պարզաբանեց, որ նախորդ նիստից հետո, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 2-ին, դատարանի շենքի մոտ տուժող կողմի ներկայացուցիչներն անեծքներ են տեղացել իր հասցեին, փորձել են վնասել իր սեփական օգտագործման մեքենան: Եղել է վեճ հակառակորդ կողմերի տղամարդ ներկայացուցիչների միջեւ, եւ ինքը փորձել է հանդարտեցնել կրքերն ու արժանացել բավական ագրեսիվ վերաբերմունքի:
Փաստաբանը հայտարարեց, որ եթե իր անվտանգությունը չապահովվի, ապա ինքը կհրաժարվի պաշտպանել ամբաստանյալներին: Դատավոր Հարություն Մովսիսյանն էլ պարզաբանեց, որ եթե դեպքը տեղի չի ունեցել նիստերի դահլիճում կամ դատարանի շենքում, ապա ինքը որեւէ ձեւով չի կարող արձագանքել կատարվածին:
«Հարգելի պաշտպան, Դուք նշեցիք, որ դեպքը տեղի է ունեցել դատարանի շենքից դուրս, այո՞…Կնշանակի` Դուք պիտի դիմեք ոչ թե ինձ, այլ ոստիկանություն, եթե համարում եք, որ սպառնալիք կա ուղղված Ձեր անձին»,- խորհուրդ տվեց փաստաբանին դատավորը:
Այն բանից հետո, երբ դատապաշտպանը համաձայնվեց մասնակցել նիստին, դատավորը, ըստ դատակոչի, առաջարկեց առաջինն Աշոտ Թափալցյանին ցուցմունք տալ գործի կապակցությամբ:
Ամբաստանյալը պատմեց, որ ապրիլի 15-ին ինքը եղել է աշխատանքի վայրում: Ժամը 17-ի սահմաններում տեսուչ Կորյուն Մարտիրոսյանն իրեն զեկուցել է, որ «Լիլիա» գեղեցկության սրահից բաժանմունք են բերել մի տղայի, ով ասել է, որ ուշաթափվել է փողոցում: Ծխախոտ գնելու նպատակով «Պրեստիժ» խանութ մտած Կորյուն Մարտիրոսյանը տեսել է դիմացի մայթին հավաքված մարդկանց եւ ճշտելով, որ փողոցում ընկած մի տղայի տեղափոխել են գեղեցկության սրահ, գործընկերոջ հետ գնացել են սրահ եւ տղային բերել բաժանմունք:
Դուրս գալով կաբինետից` Թափալցյանը տեսել է, որ շտապօգնության աշխատակցուհին առաջին օգնությունն է ցույց տալիս: Հետո Տիգրանին հրավիրելով կաբինետ` զրուցել է հետը: «Իմ հարցին, թե ի՞նչ է պատահել, տղան ասաց, որ գլխապտույտ է ունեցել եւ ուշաթափվել է: Հետո ես փորձեցի ճշտել, թե մեքենա հո չի՞ հարվածել եւ ստացա բացասական պատախան,- պատմեց ամբաստանյալը,- այդ ընթացքում եկան նաեւ Տիգրանի հարզատները: Նրանք նույնպես ոչ մի ակնարկ չարեցին, թե իրանց տղային ծեծել են եւ որ իրենք այդպիսի տեղեկություններ ունեն»:
Թափալցյանը պատմեց նաեւ, որ ինքը թաքուն Տիգրանի եղբորից հետաքրքրվել է, թե արդյոք Տիգրանը թմրանյութ չի՞ օգտագործում եւ ստացել է բացասական պատասխան:
Ամբաստանյալը զարմացած էր, թե ինչու անգամ այդ ժամանակ եղբայրն իրեն չի ասել, որ Տիգրանին ծեծել են: Նույն օրը ժամը 20-ին ամբաստանյալին զանգահարել է «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ի տնօրեն Գեւորգ Խումարյանը եւ հետաքրքրվել, թե արդյոք Թափալցյանը տեղակ է դեպքից, քանի որ Տիգրան Թադեւոսյանին տեղափոխել են իրենց մոտ: Թափալցյանն ասել է, որ տեղյակ է, քանի որ տղայի հարազատները նրան տարել են ոստիկանությունից:
Դեպքը մատյանում չեն արձանագրել, որովհետեւ հաղորդում չի եղել ոչ շտապօգնության, ոչ հիվանդանոցի կողմից: Շտապօգնության բուժակը գրել էր ուշաթափություն, որը միջադեպ չի համարվում: Բժիշկն էլ զանգել է ոչ թե ոստիկանական բաժանմունքի հերթափահ մաս, այլ իր բջջայինին, այն էլ ճշտելու` իրենք տեղյա՞կ են Տիգրան Թադեւոսյանի հետ կատարվածից, թե՞ ոչ: Դրա համար էլ իրենք «դեպքը չեն արձանագրել»,- արդարանում էր Աշոտ Թափալցյանը:
Ինչ վերաբերում է երեւանցի կոլեգաների հետ տեղի ունեցած հեռախոսային զրույցին, ապա Թափալցյանը չժխտեց, որ զանգահարել է եւ խնդրել Ջավահիր Սերոբյանից վերցրած բացատրությունից հանել «վերցրել են ոստիկանությունից» բառերը, սակայն չի ասել, թե նախորդ բացատրությունը պատռեք:
Ամբաստանյալի տրամաբանությամբ ու բացատրելով, ինքն այդ քայլին է գնացել, որպեսզի թյուր տպավորություն չստեղծվի, թե Տիգրանի ուշաթափությունը տեղի է ունեցել բաժանմունքի շենքում:
Այն, որ առաջին հարցաքննության ժամանակ ամբաստանյալը թաքցրել է իր հեռախոսային խոսակցության մասին, Թափալցյանը պարզաբանեց, որ ինքն ընդամենը հարցերի է պատասխանել, իսկ նմանատիպ հարց քննիչի կողմից չի հնչել: Երկրորդ հարցաքննության ժամանակ զանգի հետ կապված հարցը եղել է, ինքն էլ ազնվորեն պատասխանել է:
Այն հարցին, թե ինչո՞ւ է հետախուզում հայտարարվել միայն Տիգրանի մահից հետո` դեպքից 11 օր անց, Թափալցյանը պատասխանեց, որ ինքը չէր կարող ուշաթափությունը որակել ծանր հանցագործություն եւ քրեական գործ հարուցել: Միայն Տիգրանի մահից հետո, երբ արդեն բացահայտ հայտարարվել է, որ տղան մահացել է դաժան ծեծի հետեւանքով, իրենք դիմել են համապատասխան գործողությունների:
Այնուհետեւ ցուցմունքներ տվեց ամբաստանյալ Սիմոն Սարգսյանը, ով զբաղվել է այս գործի հետաքննությամբ: Ամաստանյալը պատմեց,որ Թափալցյանից հանձնարարություն ստացել է միայն ապրիլի 16-ին` ժամը 22-ին, եւ անմիջապես էլ հարցաքննության նպատակով գնացել է «Ճերմակ հիվանդանոց»: Այնտեղ իմացել է, որ Տիգրանին տեղափոխել են Երեւան: Ժամը 23-ին, վերադառնալով բաժանմունք, ամբաստանյալը որոշել է նշանակել դատաբշժկական փորձաքննություն` արձանագրության մեջ նշելով, որ տուժողը գտնվում է «Ճերմակ հիվանդանոցում», այն դեպքում, երբ տղան ժամը 21:20-ին արդեն դուրս էր գրվել հիվանդանոցից եւ տարվել Երեւան:
Դատաքննության ընթացքում պարզվեց, որ Սարգսյանի նախաքննական ցուցմունքները հակասում են դատարանին տված ցուցմունքներին: Նախաքննության փուլում Սարգսյանը գրել էր, որ «Ճերմակ հիվանդանոց» իր այցելության պահին ինքը տեսել է տուժողին ու նրա հարազատներին ու քանի որ վերջիններս շատ հուզված ու խառնված են եղել, ինքը չի մոտեցել, հարցեր չի տվել, բուժանձնակազմի հետ նույնպես չի խոսել:
Իրականում Սարգսյանի այցելության պահին, ինպես պարզվեց դատարանում, հիվանդանոցում ոչ տուժածն է եղել, ոչ հարազատները, իսկ բուժանձնակազմի այդ օրվա հերթապահից ինքը որոշ տեղեկություններ, այնուամնեայնիվ, ստացել է Տիգրանի վերաբերյալ: Ամբաստանյալն ասաց, որ ինքն այդպիսի ցուցմունք է տվել, որովհետեւ մտքով չի անցել, որ քրեական գործ կհարուցվի:
Սարգսյանը ոչ մի կերպ չէր կարողանում բացատրել, թե ինչո՞ւ ինքը անմիջապես չի մեկնել Երեւան այնտեղ հանդիպելու տուժողներին, ինչո՞ւ չի կատարել դեպքի վայրի տեղզննում եւ ինչո՞ւ չի պահանջել Տիգրանի հագուստները` որպես իրեղեն ապացույց:
Երկու ամբաստանյալներն էլ պնդում էին, որ հանցագործների թաքնվելը ոչ թե իրենց մեղքով է, այլ Տիգրանի հարազատների, ովքեր պարտակել են իրականությունը ոստիկանությունից: Իրենց կատարած բազամթիվ խախտումների համար երկուսն էլ ստացել են կարգապահական տույժ եւ արդեն 5 ամիս է` չեն աշխատում:
Դատաքննության ժամանակ ամբաստանյալ Թափալցյանը հայտարարեց, որ դեպքի օրվա երեկոյան Տիգրանի եղբայրը իր համախոհներով, մեքենայով գնացել է Սեւյան փողոց, հանդիպել ծեծին մասնակցած տղաներին: Բացի դրանից, ինքը տեղյակ է, որ հանցագործների ծնողները եղել են Երեւանում եւ հիվանդանոցում տեսակցել Տիգրանին ու նրա մորը:
Ինչպես նաեւ տեղյակ է, որ տղայի մահվան օրը նրա եղբայրը` Արմենը, զանգել է ծեծող տղաներից մեկի` Սերգեյի մորը եւ ասել. «Տիգրանը մահամերձ է, լավ իմացի` գալու եմ Գյումրի, տղուդ դոշիդ վրա մորթեմ»:
«Հենց իրենք, Տիգրանի հարազատներն են նպաստել, որ հանցագործները թաքնվեն»,- պնդում էր Թափալցյանը, քանի որ սպառնալիքից վախեցած Գայանեն` Սերգեյի մայրը, տեղյակ է պահել մյուսների ծնողներին, վերջիններս էլ որոշել են իրենց տղաներին թաքցնել հետաքննությունից: Այս տեղեկություները Թափալցյանը ստացել է 4-5 օր առաջ, Սեւյան փողոցում ապրող իր ծանոթներից:
Այնուհետեւ դատարանն անցավ փաստաթղթերի հրապարակման փուլին: Պաշտպանական ճառերի փուլը հետաձգվեց հաջորդ օրվան, քանի որ դատախազը պատրաստվելու միջնորդություն ներկայացրեց:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 6-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել