HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Դառնալ խաղացո՞ղ, թե՞ խաղալիք

06_11-ardzanagrutyun«Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը կամ վավերացման ժամանակ հնարավոր նոր պայմանների առաջադրումը հայկական կողմի համարժեք վերաբերմունքին կարժանանա: Այս արձանագրություններով Հայաստանը միակողմանիորեն չի ստանձնում որևէ պարտավորություն, չի կատարում որևէ հաստատում: Հայաստանը ստորագրում է այս արձանագրությունները երկու երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու հիմքեր ստեղծելու նպատակով: Ուստի, եթե Թուրքիան խելամիտ ժամկետում չվավերացնի այս արձանագրությունները և դրանից հետո սահմանված ժամկետում չկատարի դրանց բոլոր դրույթները կամ դրանք խախտի հետագայում, ապա Հայաստանն առանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր»,-հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում Հայ-թուրքական զույգ արձանագրությունների ստորագրումից մի քանի ժամ առաջ հանրությանը հղած իր ուղերձում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Դրանով, փաստորեն, պաշտոնական Երևանը հաստատեց, երկու բան: Ա. Արձանագրությունները Թուրքիային մանևրելու հնարավորություն են տալիս և դրա վավերացման կամ չվավերացման խնդիրը կարող է Անկարան օգտագործել քաղաքական նկատառումներով: Եվ Հայաստանը հենց սկզբից ուզում է զգուշացնել, որ չի հանդուրժելու նման մոտեցումը: Բ. Հայաստանը ոչ թե միակողմանիորեն է պարտավորություններ ստանձնում կամ կատարում որևէ հաստատում, այլ երկկողմանիորեն և իր հետագա քայլերը բխեցնելու է նրանից, թե որքանով է Թուրքիան կատարում իր կողմից ստանձնած պարտավորությունը: Արձանագրություններից ակնհայտ է, թե որն է թուրքական պարտավորությունների շրջանակը` սահմանների բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Եվ որևէ նշանակություն չունի` Թուրքիան դա ստանձնում է հստակ ձևակերպված  պարտավորությա՞մբ, թե՞ լղոզված ձևակերպումներով, քանի որ բացառապես Թուրքիայի ցանկությունից է կախված թե մեկ, թե մյուս խնդրի կարաավորումը: Գլխավորն այն է, որ միջազգային հանրությունը ևս այդպես է կարծում` անկախ այն բանից, որ թե’ սահմանների բացումը, թե’ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը արձանագրություններում ներկայացվում են իբրև փոխադարձ զիջումների արդյունք: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ստանձնած այն պարտավորություններին, որոնք ըստ նախագահ Սարգսյանի, վերջինս չի ստանձնել միակողմանիորեն, արձանագրությունները ուղղակի որևէ ձևակերպում չեն տալիս: Ըստ էության` Հայաստանի ստանձնած պարտավորությունը հենց Արձանագրությունները ստորագրելու, ապա վավերացնելու իրողության մեջ է: Այսինքն ստացվում է պարզ առևտուր` սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման դիմաց Հայաստանը ստորագրում, վավերացնում է այս արձանագրությունները և դրանով ստանձնած պարտավորությունները, քանի որ որևէ այլ իրավիճակում ո’չ սահմանների բացման և ո’չ էլ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար արձանագրություն ստորագրելու անհրաժեշտություն չէր առաջանա: Փաստացի կոմպրոմիսը տեղի է ունեցել ոչ թե բուն արձանագրությունների տեքստում, այլ սահմանների բացման և հարաբերությունների հաստատման ու արձանագրությունների ստորագրման միջև: Եվ ակնհայտ է, որ եթե Թուրքիան կոմպրոմիսը դիտարկել է այս հարթության մեջ, ապա շատ կոնկրետ ակնկալիքներ է ունեցել Հայաստանից, որոնք ներառնվել են արձանագրություններում և դրանց ստորագրմամբ: Անկարան մասամբ հասել է իր նպատակներին: Դրանց մասին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն արդեն խոսել է Մեջլիսում, երբ ներկայացնում էր Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները: Ահա թե ինչու է Հայաստանը, ի դեմս նախագահի, պնդում, որ արձանագրությունները Թուրքիան պետք է վավերացնի որքան հնարավոր է շուտ` առանց հավելյալ պայմաններ առաջադրելու, և որ այդ արձանագրությունները Հայաստանը կճանաչի միայն Թուրքիայի կողմից վավերացվելուց և գործողության մեջ դնելուց հետո: Եվ հիմա ստացվում է չափազանց հետաքրքրական իրավիճակ. Թուրքիան ձեռք է բերել Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններով համեմված փաստաթուղթ, իսկ Հայաստանը դեռևս ձեռք չի բերել իր ակնկալածը` այսինքն չունի բացված սահմաններ և հաստատված դիվանագիտական հարաբերություններ: Եվ անկախ այն հանգամանքից` կողմերը կստորագրե՞ն դրանք, թե՞ ոչ, Թուրքիան այդ արձանագրություններով Հայաստանի ստանձնած պարտավորությունները դարձնելու է շահարկման առարկա: Ցյուրիխում հայկական կողմը հրաժարվում էր ստորագրել արձանագրությունները, որովհետև թուրքական կողմը արարողությանն ուղեկցող հայտարարության սեփական տեքստում խոսելու էր ԼՂ հիմնախնդրի կարգավորման անհրաժաշետության մասին` իբրև արձանագրությունների վավերացման և կենսագործման նախապայման: Դրանից հասկանալի է դառնում, որ այս հարցում կողմերը չեն ունեցել արձանագրությունների ստորագրման հետ ուղղակի կապված նախնական պայմանավորվածություն` ի տարբերություն սահմանների ճանաչման և պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծման հիմնահարցերի, որոնք ներառնված են արձանագրություններում: Այսինքն` Թուրքիան, ստորագրմամբ հասնելով վերջին երկու կետերի հետ կապված իր նպատակներին, հավելյալ խնդիր է դրել նոր նախապայման առաջադրել Հայաստանին` ի դեմս ԼՂ հարցում վերջինիս կողմից պարտադիր և միակողմանի զիջումների գնալու անհրաժեշտության: Ուստի պատահական չէր, որ ստորագրումից անմիջապես հետո Թուրքիան իր ողջ դիվանագիտական «բանակը» կենտրոնացրեց ղարաբաղյան ճակատում այս նախապայմանը Երևանին պարտադրելու, իսկ Հայաստանը` այդ էքսպանսիան չեզոքացնելու ուղղության վրա: Ոչ թուրքական և ոչ էլ հայկական կողմը այդ ամբողջ ընթացքում որևէ կերպ չանդրադարձան թե’ սահամնների փոխադարձ ճանաչման, թե’ Ցեղասպանության իրողությունը պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովում քննության նյութ դարձնելու խնդիրներին: Մինչդեռ պարզ տրամաբանություն հուշում է, որ եթե այս հարցերում արդեն պայմանավորվածություններ չեն եղել, ապա դրանք երկու կողմերից էլ սուր քննարկումների ու շահարկումների տեղիք պիտի տային: Ավելին. արձանագրությունների ստորագրումից հետո Հայաստանի իշխանական շրջանակներն սկսեցին ավելի ազատ ու անկաշկանդ խոսել ներկայիս սահմանները ճանաչելու, այսինքն Սևրի պայմանագիրն ընդունելու անհարաժեշտության մասին` որպես այլընտրանք չունեցող գործընթաց: Պարզ է, որ առանց արձանագրությունների ստարագրման, որևէ մեկը երբեք չէր համարձակվի այդպիսի հայտարարություններ անել, ինչպես չէր անում «ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկից առաջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter