HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressԻրանը կտուգանի ՀՀ-ին Իրանի գազի արտահանման ազգային ընկերության ինժեներատեխնիկական ծառայության տնօրեն Ռասուլ Սալմանին «ԻՍՆԱ» գործակալությանը հայտնել է, թե Հայաստանը պետք է տուգանք վճարի իրանական կողմին: Haykakan-JamanakԽնդիրն այն է, որ ներկայումս Իրանը օրական Հայաստան է արտահանում 1-1.2 միլիոն խմ գազ եւ ստանում համապատասխան քանակությամբ էլեկտրաէներգիա: Սակայն Իրանը պատրաստ է ավելի շատ գազ տրամադրել եւ ավելի շատ էներգիա ստանալ, ինչը հայկական կողմը չի ապահովում: Իսկ դա, ըստ Սալմանիի, գազ մատակարարելու մասին համաձայնագրի` «Take or Pay»  («Վերցրու կամ վճարիր») դրույթի խախտում է: Բացի այդ` Հայաստանը պայմանագրով նախանշված ժամկետներից ավելի ուշ է սկսել գազ գնել Իրանից: Տուգանքի չափը, Սալմանիի խոսքերով, կորոշվի առաջիկայում: HraparakՀարկայինի պետի որդին է, դրա համար էլ... Աջափնյակ-Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանի նախագահությամբ երեկ ավարտվել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի գերազանցիկ ուսանող, անչափահաս Հովհաննես Չիլինգարյանի դատավարությունը: Նա մեղադրվում է քրօր.-ի 112-րդ հոդվածի 1-ին մասով` մարմնական վնասվածք պատճառելու մեջ: Դրանից առաջ նրան դաժանաբար ծեծել էին, սակայն դատարանը, դա հաշվի չառնելով, երեկ նրան դատապարտել է 3 տարի ազատազրկման  եւ հենց դահլիճից կալանքի տակ վերցրել: Բանն այն է, որ տուժողը Մաշտոցի հարկային ոստիկանության պետի` Միհրան Դավթյանի որդին է: Գուցե կացարան չկա՞ Թրաֆիքինգի զոհերի հիմնահարցերը համակարգում է տարածքային կառավարման փոխնախարար Արմեն Գեւորգյանը: Մոտ երկու տարի առաջ 14 մլն. դրամ է հատկացվել թրաֆիքինգի զոհերի համար ապաստարան կառուցելու նպատակով: Երեկ ոստիկանության 6-րդ վարչությունից տեղեկացանք, որ 2009 թվականին հայտնաբերվել է թրաֆիքինգի 44 զոհ, որոնցից 15-ին ուղարկել են հասարակական կազմակերպություններ: Այդ խնդիրներով զբաղվում են «Ամքոր» եւ «Հույս եւ օգնություն» հ/կ-ները: Թե որտեղ է գտնվում զոհերի համար կառուցված կացարանը, եւ ովքեր են պատսպարվում այնտեղ` ոստիկանության աշխատակիցը չասաց. ապաստարանի տեղը եւ զոհերի տվյալները գաղտնի են. «Նույնիսկ ոստիկանները չգիտեն նրանց տեղը»: Միայն ասաց, որ կացարանը ժամանակավոր կեցության համար է, իսկ «Ամքորի» նախագահի հետ երեկ զրուցել չստացվեց, առաջիկայում կփորձենք որոշ հարցեր պարզել: Իսկ գուցե ընդհանրապես նման ապաստարան գոյություն չունի՞: Հարկային տեռոր Արաբկիրում Փոքր եւ միջին տնտեսվորող սուբյեկտներին հարկային տեռորի ենթարկելու նոր մեթոդ է մշակել Արաբկիրի տարածքայինի պետ Արամ Սարգսյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Արամ Սարգսյանն իր տրամադրության տակ գտնվող հարկահաններին ուղարկում է փոքր եւ միջին խանութներ` մինչեւ մեկ միլիոն ՀԴՄ կտրոն տպել տալու: Վերջիններս մտնում են խանութ, ինքնակամ վերցնում հաշվիչ-դրամարկղային սարքն ու 700 հազար դրամից մինչեւ մեկ միլիոն դրամի կտրոն տպում` այդպիսով արհեստականորեն ուռճացնելով տվյալ խանութի եկամուտները, հետեւաբար` գանձվող հարկը: Փոքր եւ միջին բիզնեսմեններին կեղեքելու այս մեթոդը սկիզբ է դրել Արամ Սարգսյանն իր գալուց անմիջապես հետո: Նշենք, որ նա այս պաշտոնին  նշանակվել է մոտ երկու ամիս առաջ: Ըստ շրջանառվող լուրերի` սույն տեռորիստը վարչապետ Տիգրան Սարգսյանի ազգականն է: Մեր աղբյուրի փոխանցմամբ` երբ թալանված խանութների տերերը դժգոհություն են հայտնել արաբկիրյան հարկային անարխիայից, Արամ Սարգսյանն սպառնացել է` ցանկություն հայտնելով «տեսնել» այն համարձակ, լավ տղային, որը չի վախենում բողոքելուց: Azg-oratertԱթեշյան սրբազանը հրավիրվել է Անկարա «Ազգին» հասած ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` Կ. Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Արամ արք. Աթեշյանը երեկ հրավիրվել է Անկարա` հանդիպում ունենալու վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Մեզ չհաջողվեց պարզել, թե որն է եղել հանդիպման շարժաոիթը: Այսուհանդերձ, կարելի է ենթադրել, որ այն կապ ունի պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի առողջական վիճակի հետ: Տեղեկացնենք, որ Աթեշյան սրբազանը համարվում է պատրիարքական աթոռի հիմնական թեկնածուներից մեկը: Hayoc-ashxarhԴեպի եվրոպա Թուրքիայի սահամնի հետ բացումը ավելի գրավիչ է դարձնում Իրան-Հայսատան երկաթուղու ծրագիրը, քանի որ այն դառնում է տարանցիկ երկաթուղի, որով ասիական շրջանից ցամաքային ուղիով փոխադրումներ կիրականացվեն դեպի Եվրոպա: Նման կարծիք հայտնեց երեկ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը` նշելով, որ ներկայումս թունելներ են կառուցվում Բոսֆորի նեղուցի տակով, եւ գնացքներն առանց լաստանավային միջամտության կարող են հասնել մինչեւ Եվրոպա: 168-jamԵրկու ահը մի մահ է Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության Իջևանի անձնագրային բաժանմունքը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանին վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք տրամադրել: Ն. Փաշինյանի լիազոր-ներկայացուց Դավիթ Մաթևոսյանին ուղղված նամակով Անձնագրային և վիզաների վարչության Իջևանի անձնագրային բաժանմունքը տվել է հետևյալ պարզաբանումը. «Նիկոլ Վովայի Փաշինյանին տեղեկանք չի տրամադրվում, քանի որ Հայաստանի ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009 թ. թիվ 3/3-3671 գրության համաձայն` Նիկոլ Փաշինյանը 26.02.2008 թվականից մինչև 07.07.2009 թվականը գտնվել է հետախուզման մեջ և հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել»: Այս տեղեկանքից նախ ստացվում է, որ «Մարտի 1-ի» գործով մեղադրվող, Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ «զանգվածային անկարգություններ կազմակերպած», մարդկանց «հոգեխանգարմունքի մեջ գցած» Ն. Փաշինյանը փետրվարի 26-ից Հայաստանում չի եղել: Նա Հայաստանում չի եղել նաև 2009 թ. հուլիսի 7-ին, երբ ինքնակամ ներկայացել է Գլխավոր դատախազություն: Եվ վերջապես ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության վարչական տարածքում չի գտնվում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանը, որտեղ, կրկին ըստ պաշտոնական հաղորդագրության, պահվել է Ն. Փաշինյանը ինչպես հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո: Իրականում այս անհեթեթությունն ընդամենն իշխանությունների վախի վկայությունն է: Այսինքն` իշխանությունները հաշվարկել են, որ նույնիսկ «ավանդական ընտրակեղծիքներով» չեն կարողանալու կանխել Նիկոլի հաղթանակը և որոշել են «հարցը փակել» նման ձևով: Chorrord-ishxanutyunՓոխշահավետ համագործակցություն Հայաստանի կառավարությունը որոշել է իր սուղ միջոցներից մոտ 12 մլն դրամ հատկացնել Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակին, որպեսզի վերջինս կարողանա վճարել տարածքի  վարձակալման համար: «ՉԻ» -  Կառավարության ցուցաբերած այսօրինակ մարդասիրությունը միանգամայան արդարացված է: Խեղճ Եվրախորհրդին որտեղի՞ց այսքան գումար. հազիվ իրենց աշխատակիցների աստղաբաշխական աշխատավարձերին է հերիքում: Եւ ընդհանրապես` ինչո՞ւ պիտի Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունները իրենց գրպանից վճարեն տարածքի վարձակալության համար: Մեր կառավարությունը սիրով կհոգա նրանց բոլոր ծախսերը, ընդ որում, դրա դիմաց առանձնապես մեծ բան չի պահանջի: Ընդամենը բարեկամաբար կխնդրի, որ այդ կազմակերպությունները Հայաստանում տեղի ունեցած ցանկացած այլանդակություն (ընտրակեղծիքներ, բռնություններ, մարդու իրավունքների ոտնահարում եւ այլն) գնահատեն որպես «ակնհայտ առաջընթաց», որը «հիմնականում համապատասխանում է Եվրախորհրդի չափանիշներին»: Համաձայնվեք` սրա դիմաց 12 միլիոնը հեչ բան է: Կառավարությունը հաճույքով մի զրո էլ կավելացներ, ու դա կլիներ իսկապես փոխշահավետ համագործակցություն: AravotՀիմա ո՞վ է հիշում «Սաբահին» չհավատալու կոչերը Բլոգերից մեկը «Помню как щас» հեգնախառն անդրադարձով հիշեցնում է, թե երբ ապրիլի 23-ից մի քանի օր անց «ստի ու անհավաստիության աղբյուր (մանավանդ համեմատած մեր ԱԳՆ-ի, ՀՀ բարձրագույն իշխանությունների եւ ԶԼՄ-ների հետ) թուրքական «Սաբահ»-ը գրել էր, թե ինչեր են ներառվում այդ ճանապարհային քարտեզի մեջ, բոլոր հիստերիկներին կոչ էր արվում. ա. չհավատալ թուրքերին, բ. հավատալ ԱԳՆ-ին եւ նրա կարկառուն ներկայացուցիչներին, գ. հավատալ ՀՀ բարձրագույն իշխանություններին»: Սակայն  օգոստոսի 31-ին բացահայտվեց, որ «Սաբահ»-ի արտահոսքը, ըստ էության, ճշգրիտ էր: «Ի՞նչ ասեմ, ազատություն է` ով ուզում է` ականջներին լապշա է կախում, ով ուզում է` նախագահին է հավատում, ով էլ չի ուզում` հիստերիկություն է անում»,- այս առնչությամբ գրում է բլոգերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter