Հափշտակել է «Աղքատության ընտանեկան նպաստ»-ի հատկացումներից
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դռնբաց դատական նիստում, նախագահությամբ դատավոր Էդվարդ Մանուկյանի, արագացված դատական կարգով քննվեց գործը` ըստ մեղադրանքի Արշակ Վարդգեսի Արշակյանի, ում առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 38-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է` պետական սեփականության դեմ ուղղված հանցագործություն:
Արշակ Արշակյանը 2000-2007 թթ.-ին, աշխատելով Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող «Գյումրի-1» ՍՏԾԳ-ում, որպես առաջատար մասնագետ, 2001-2006 թթ. օժանդակել է գործով մեղադրյալ Անեյա Բեգլարի Ցուցուլովային, խաբեությամբ հապշտակել պետական բյուջեով նախատեսված «Աղքատության ընտանեկան նպաստ» ծրագրին ուղղված հատկացումներից խոշոր չափի` 555 հազար դրամ գումարի աղքատության ընտանեկան նպաստ:
Նախաքննությամբ պարզվել է, որ նշված տարիներին Արշակ Արշակյանը կազմել եւ վարել է Բաքվից բռնագաղթված Անեյա Ցուցուլովայի եւ նրա ընտանիքի աղքատության ընտանեկան նպաստի գործը: Սոցիալական ծառայությունում փաստագրման պահին Ցուցուլովան բնակվել է Գյումրիում. տնակում բավական ծանր սոցիալական պայմաններում: Փաստագրումից մեկ ամիս անց 1941 թ.-ին ծն. Ցուցուլովան, նրա աղջիկն ու թոռները տեղափոխվել են բնակվելու Ախուրյանի տարածաշրջանի Ախուրիկ գյուղում:
Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Ցուցուլովայի Աղջիկը` Անժելա Գրիգորյանը 1994 թ.-ից զինորական պայմանագրային ծառայության մեջ է գտնվել Ախուրիկում տեղակայված զորամասում: Նույն զորամասում 1999 թ.-ից աշխատել են նաեւ Անժելայի առաջին ամուսնուց ծնված տղաները` Յուրի եւ Վադիմ Պակրիշկինները ու ստացել բավական բարձր աշխատավարձ: Այս հանգամանքը եւս կեղծվել է եւ ներկայացվել փաստաթղթեր այն մասին, որ ընտանիքում որեւէ մեկը չի աշխատում, ընտանիքի անդամներն ունեն փախստականի կարգավիճակ, ապրում են ժամանակավոր կացարանում, ծանր սոցիլական պայմաններում:
Ի դեպ, Անժելան եւ իր զավակները 1997 թ.-ից ՌԴ-ն քաղաքացիներ են, տատը` Ցուցուլովան սկզբում ունեցել է փախստականի կարգավիճակ, այնուհետեւ ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն: Այս տեղեկություններն եւս թաքցրել են, որպեսզի կարողանան ընդգրկվել նպաստառուների ցուցակում:
Ամբաստանյալ Արշակ Արշակյանը դատարանում պարզաբանեց, որ այդ քայլին գնացել է խղճահարությունից դրդված, տեսնելով Ցուցուլովայի ընտանեկան վիճակը եւ որեւէ դրամական ակնկալիք չի ունեցել: «Ես մեղավոր եմ, որ հետեւողական չեմ եղել եւ չեմ ստուգել ինձ ներկայացված փաստաթղթերը ու հետագա տարիներին չեմ այցելել այդ ընտանիքին, որպեսզի ճշտեմ, թե նրանք շարունակում են նույն տեղում բնակվել, թե տեղափոխվել են,- դատական նիստի ժամանակ հայտարարեց ամբաստանյալը,- Ստացվում է, որ ես պատասխան եմ տալիս ուրիշի յուրացրածի համար»:
Պետական մեղադրող Աշոտ Գրիգորյանը իր մեղադրական ճառում շեշտեց, որ ամբաստանյալի թողտվության հետեւանքով կեղծ բովանդակությամբ փաստաթղթերի օգտագործմամբ Ցուցուլովայի ընտանիքը ձեռք է բերել անապահովության սահմանային մեծության միավորից բարձր միավոր եւ դարձել նպաստառու, պետությունից հապշտակելով 555 հազար դրամ գումար: Պետական մեղադրողը պահանջեց ամբաստանյալի նկատմամբ կիրառել ՀՀ քր.օրենսգրքի 38-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը եւ դատապարտել 3 տարի ազատազրկման:
Քանի որ քրեական գործը հարուցվել է 2008 թ.-ին, ամբաստանյալի նկատմամբ կիրառվել է ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 2009 թ.-ի հունիսի 19-ի որոշում եւ ազատել պատժից, սակայն հոգուտ պետբյուջեի ամբաստանյալի տնտեսությունից բռնագանձել Ցուցուլովայի յուրացրած 555 հազար դրամը:
Իր վերջին խոսքում ամբաստանյալ Արշակ Արշակյանը դատարանին հիշեցրեց, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից բացահայտված 18 հազար կեղծ նպաստառու ընտանիքներ կան հանրապետությունում, որոնց նկատմամբ կիրառվելու է գումարների հետ բռնագանձման մեթոդը եւ որեւէ տեսուչի հայց չի ներկայացվել ու որեւէ մեկի գործը դատարան չի ուղարկվել: Ամբաստանյալն ասաց, որ գիտակցում է իր մեղքը, զղջում է եւ փաստորեն ինքը քավության նոխազ է այս գործում, քանի որ խղճահարությունից դրդված է օժանդակել Ցուցուլովայի ընտանիքին:
Դատարանը վճռեց Արշակ Արշակյանին ճանաչել մեղավոր ՀՀ քր.ճրենսգրքի 38-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտել ազատազրկման 2 տարի ժամանակով: Կիրառել ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 19,06,2009 որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը եւ Արշակ Արշակյանին ազատել նշանակված պատժի կրումից: Արշակյանից հօգուտ պետբյուջեի բռնագանձել 555.000 դրամ, որպես հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի հատուցում:
Պատիժը նշանակելիս դատարանը հաշվի առավ կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը եւ բնույթը, հանցավորի քրեականն պատսխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ համարելով այն, որ նախկինում արատավորված չի եղել, անկեղծորեն զղջացել է կատարած հանցանքի համար, տառապում է շաքարային դիաբետ հիվանդությամբ, իսկ ծանրացնող հանգամանքներ չկան:
Անժելա Գրիգորյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում, քանի որ Ցուցուլովայի ընտանիքը 2007թ-ից տեղափոխվել է ՌԴ մշտական բնակության: Արշակ Արշակյանն ասաց, որ իրեն խորհուրդ են տվել սպասել մինչեւ կհայտնաբերվեն կեղծարարները, նրանց նկատմամբ քաղաքացիական հայց ներկայացնի եւ հետ ստանա իրենից բռնագանձվելիք 555 հազար դրամը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել