Գործադիրն ընդունել և մերժել է
Այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ, որը վարել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։ Նիստում հավանություն է տրվել Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը, ըստ որի` գործադիրի համար ընդունելի է բռնադատվածներին պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու գաղափարը, սակայն երկարաժամկետ վարկեր տրամադրելու դրույթները ոչ թե պետք է փոխարինվեն, այլ լրացվեն ֆինանսական աջակցության դրույթներով։
Ըստ կառավարության մամլո ծառայության` նիստում նշվել է, որ օրենքի նախագիծն ընդունելի կլինի արված առաջարկությունների ընդունման դեպքում։
Նիստի ընթացքում գործադիրը նպատակահարմար չի համարել նաև Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» եւ «Գնումների մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը։
Առաջինը վերաբերում է «Հայրենատիրության օր» սահմանելուն եւ տոնելուն, ինչի հիմնավորումը կառավարությունը բավարար չափով համոզիչ չի համարել, իսկ երկրորդը հակասում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի նպատակներին եւ գնումների հիմնական սկզբունքներին։
Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել