HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Արա Սաղաթելյան. «Մամուլը պետք է պահանջատեր լինի»

«Փակ պաշտոնական տեղեկատվական համակարգը չէ՞ պատճառը, որ Հայաստանի քաղաքացիները, լրագրողները տեղեկատվություն ստանալու նպատակով ավելի շատ դիմում են օտարերկրյա աղբյուրներին»,- այս հարցը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ուղղվեց ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանին: Նա ասաց, որ պետությունը «կառույցների ոչ պատշաճ փակությունը» հռչակել է պետության տեղեկատվական անվտանգության համակարգին ուղղված սպառնալիք, և հորդորեց լրագրողներին նման դեպքերում պնդել` մինչև իրենց տեղեկատվություն տրամադրեն: «Երկրորդ` եթե խոսքը վերաբերում է մամուլի քարտուղարներին, կարող են անգամ դիմել մեզ: Կենտրոնը բաց է բոլորի համար: Ես համարյա շուրջօրյա այնտեղ եմ: Դուք կարող եք գալ, տեղում ստանալ որոշ հարցերի պատասխաններ: Երբ կայքերի վրա հարձակումներ էին լինում, բազմաթիվ լրագրողներ եկան, ստացան որոշակի տեղեկատվություն, գնացին: Որոշ լրագրողներ, որոնք հնարավորություն չունեն թուրքական լրատվամիջոցներից թուրքերեն տեղեկատվություն ստանալու (մենք դիտարկում ենք նաև թուրքալեզու լրատվամիջոցները), հաճախ դիմում են` դրանց հետ կապված հարցերով: Օրինակ` ասում են. ««day.az»-ում այսպիսի բան է հրատարակված, իսկ սրա իրական տեքստը ո՞րն է, կամ այս մեջբերումն այնպե՞ս է, թե՞ ոչ»»,- ասաց Արա Սաղաթելյանը: Նրա խոսքերով` իրենք պատրաստ են աշխատել բոլորի հետ, որովհետև այդ աշխատանքի արդյունքում իրենք կտեսնեն, թե որտեղ է թերանում պետական ապարատը: Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի հիմնական գործառույթներից մեկը տեղեկատվական խնդիրներում պետական ապարատի թերացումները բացահայտելն է և ղեկավարությանը համապատասխան տեղեկանքներ ներկայացնելը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ ենք մենք եվրոպական չինովնիկների այցերի մասին միշտ իմանում ադրբեջանական աղբյուրներից` Արա Սաղաթելյանը ինքն էլ հարց ուղղեց լրագրողներին. «Իսկ ինչո՞ւ եք դուք իմանում ադրբեջանական աղբյուրներից: Այդ հարցը ինձ ուղղված չէ: Ուրեմն պահանջեք պատշաճ տեղեկատվություն: Երկրորդ` միգուցե մեր աղբյուրները լավ չեն աշխատում, բայց այդ եվրակառույցների աղբյուրները աշխատում են, ենթադրաբար, պատշաճ: Իմացեք այդտեղից և պնդեք, որ մեր կառույցները նախապես հայտնեն լրագրողներին դրա մասին: Չորրորդ իշխանությունը` մամուլը, մեր հասարակության շահերի պաշտպանն է, և մամուլը պետք է պահանջատեր լինի: Մամուլը պետք է բռնի չինովնիկին և խեղդի այնքան, մինչև կստանա տեղեկատվությունը»: Արա Սաղաթելյանի խոսքերով` սա շատ արդյունավետ մեթոդ է, և ինքը, երբ երիտասարդ տարիքում լրագրող էր աշխատում, ընդունարաններում նստում էր այնքան, մինչև ստանում էր իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը: Մի քանի օր առաջ հայկական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ Շառլ Ազնավուրն ասել էր, թե 1924 թ. Ստալինը խոստացել է հայերին վերադարձնել Արևմտյան Հայաստանի տարածքները: Լրագրողը պարզել էր, որ Ստալինը նման հայտարարություն չի արել, և ապատեղեկատվությունն առաջինը տարածել է տեղեկատվական պատերազմներով և ապատեղեկատություն տարածելով զբաղված, ընդգծված հակահայկական www.historyoftruth.com կայքը: Արա Սաղաթելյանն ասաց, որ լրատվամիջոցները համարել են, որ լուրը հետաքրքիր է և սկսել են տարածել այն: Բայց չէ՞ որ բնական է, որ որևէ մեկը լրատվամիջոցներին չէր ասելու. «Վերցրեք այս կայքից այդ լուրը, բայց իմացեք, որ այս կայքը ֆինանսավորվում է Ամերիկայի թուրքական համայնքի կողմից, և այս կայքում հակահայկական նյութեր են հրապարակվում օրը 20-30 հատ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter