HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Արա Սաղաթելյան. «Մենք գալիս ենք «մինուս» 10-ից, բայց այսօր արդեն «պլյուսի» մեջ ենք»

06_11-A-Saghatelyan«Մոլորակի վրա որևէ երկրում, բացի մեր հարևան հայտնի հանրապետությունից, չկա կառույց, որը զբաղվի տեղեկատվական պատերազմով ու ասի. «Ես զբաղվում եմ տեղեկատվական պատերազմով»: Այդ կառույցները սովորաբար (դա մեր կենտրոնին չի վերաբերում) կոչվում են կենտրոններ, հիմնադրամներ, խորհրդատվական այլ մարմինները: Տեղեկատվական պատերազմ վարող կառույցներ որոշ երկրներում գտնվում են միայն բանակային ստորաբաժանումների համակարգում»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը: Նա նշեց, որ որևէ ԶԼՄ-ի չի զանգում և ասում, թե որ լուրը պետք է տարածել, որը` ոչ: «Ես դաշտը կառավարողը չեմ: Ես դաշտում առկա հնարավոր և ռեալ ռիսկերի գնահատողն եմ»,- ասաց Արա Սաղաթելյանը: Ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե ինչպե՞ս է Արա Սաղաթելյանը գնահատում Հայաստանի տեղեկատվական պայքարի մակարդակը` Ադրբեջանի և Թուրքիայի համեմատ, և ի՞նչ քաղաքականություն է վարում մեր երկիրը` Ցեղասպանության և Արցախի խնդրի հետ կապված իր տեսակետներն արտերկրում ներկայացնելու համար: Արա Սաղաթելյանն այդ առումով Հայաստանի քաղաքականությունը գնահատեց «շատ վատ»` միաժամանակ նշելով, որ ներկայիս վարչակազմն ունի այլ մոտեցումներ, քան նախորդը: «Երբ խոսում եք այն մասին, թե ինչ է արվում, ես բոլորիդ եմ հորդորում` նայեք` որտեղից ենք գալիս, հետո ասեք. «Ինչո՞ւ ենք հասել այստեղ»: Ես բերեցի օրինակը, երբ երկրի արտգործնախարարը Պառլամենտում 2006 թ. դեկտեմբերի 7-ին ասում է. «Մենք չունենք ռեսուրսներ, որ կարողանանք մրցել Թուրքիայի, Ադրբեջանի հետ»: Դա նորմալ չէ: Այսինքն` մենք գալիս ենք «մինուս» 10-ից, բայց այսօր արդեն «պյլուսի» մեջ ենք: Թե ինչքա՞ն «պլյուսի», դժվարանում եմ ասել, բայց «պլյուսի» դինամիկան ուժեղանում է: Մենք շատ կարճ ժամանակահատվածում մեր դիրքերը շատ կուժեղացնենք»,- ասաց Արա Սաղաթելյանը: Նա նշեց, որ Թուրքիան տեղեկատվական համատեքստում Հայաստանից ավելի ուժեղ է ռեսուրսային բազայով, սակայն ինտելեկտուալ և ստեղծարար բազայով ավելի ուժեղ է հայությունը: «Դու կարող ես «Google»-ի առաջին տողերում լինել` վճարելով գումար, դու կարող ես «Google»-ի առաջին տողերում լինել` կիրառելով քո ուղեղը: Մենք աշխատում ենք ուղեղը կիրառելու ուղղությամբ: Դա աշխատատար է, բայց մենք պրոբլեմ չունենք: Շատ հարցեր, որոնք մենք փորձում ենք լուծել այս ռեսուրսային բազայի պայմաններում, իրենք լուծում են շատ պարզ` քեշ փողով: Ես հստակ փաստեր ունեմ, որ բավականին հեղինակավոր փնտրող ցանցերը, օրինակ, ինտերնետում, ունեն մասնավոր պայմանավորվածություններ Ադրբեջանի որոշակի ներկայացուցիչների հետ` իրենց տեղեկատվությունը, լուրերը առաջ մղելու: Ոչ թե բիզնես պայմանավորվածություններ (գիտեք` կարող ես վճարել «Yandex»-ին և «Google»-ին), այլ մասնավոր պայմանավորվածություններ»,- ասաց Արա Սաղաթելյանը: Ներդրվել է պետական կայքերի անվտանգությունն ապահովող համակարգ Արա Սաղաթելյանը նշեց, որ ՀՀ տեղեկատվական անվտանգության հայեցակարգը բաղկացած է 2 հիմնական բլոկից` տեղեկատվական-տեխնիկական և տեղեկատվական-հոգեբանական: Նրա խոսքերով` այս ամիսներին որոշակի աշխատանք է կատարվել, և խնդիրներ են լուծվել: Օրինակ` մի քանի ամիս առաջ ակտիվ քննարկվում էին հայկական պետական և ոչ պետական կայքերի վրա ցանցահենների իրականցրած ագրեսիվ գործողությունները: «Այսօր մենք ունենք տեխնիկական համակարգ, որը ներդրված է, և ապահովում է մեր պետական կայքէջերի անվտանգությունը: Չկոտրվող կայքէջ գոյություն չունի: Բայց յուրաքանչյուր պետություն կամ մասնավոր սուբյեկտ ձգտում է ստեղծել այնպիսի մի համակարգ, որը պահպանի արտաքին միջամտությունից իր ցանցային ռեսուրսները: Այսօր մենք ունենք այդ համակարգը»,- ասաց Արա Սաղաթելյանը: Նա հավելեց, որ կետրոնի գործընկերների միջոցով 2 ամիս առաջ անցկացվել է մոտ 90 պետական կայքի մանրակրկիտ մակերեսային ուսումնասիրություն, բացահայտվել են այդ կայքերի թույլ կողմերը, և տվյալները հանձնվել են համապատասխան մարմիններին: «Այդ բոլոր թույլ տեղերն արդեն ուղղված են»,- ասաց Արա Սաղաթելյանը: Հնչեց հարց` բացի վերոնշյալից, ի՞նչ է արել կառույցը ստեղծման օրվանից, Արա Սաղաթելյանը գո՞հ է իրենց աշխատանքից, և որքա՞ն է կառույցի ֆինանսավորվումը: Արա Սաղաթելյանը ներկայացրեց այն ուղղությունները, որոնցում որոշակի արդյունքի են հասել. կենտրոնը դիտարկել և մշակել է որոշակի գործողություններ, որոնք կապված են ՀՀ պետական քաղաքականության պատշաճ տեղեկատվական սպասարկման հետ, մասնավորապես` մշակել է համացանցում աշխատելու որոշակի մեթոդներ: «Այս փուլում դեռ լրագրողների համար հասու չէ, բայց մի քանի ամսվա ընթացքում մենք ենթադրում ենք դրա որոշ մասը բացել լրագրողների համար: Մշակվել է համընդհանուր հարթակ հանրային կապերի պատասխանատուների համար: Այսինքն` մենք նախկինում ասում էինք, որ տարբեր գերատեսչությունների մեր հանրային կապերի պատասխանատուները չեն աշխատում կամ աշխատում են վատ: Հասկանում եք, չէ՞, որ հնարավոր չէ 2 կամ 3 հոգով վերահսկել, թե հանրային կապերի 70 պատասխանատուները աշխատեցի՞ն, թե՞ ոչ: Այդ պատճառով մենք ստեղծեցինք փակ ինտերնետ խումբ, որտեղ շատ պարզ երևում է `արդյոք այս կամ այն գերատեսչության ներկայացուցիչը ժամանակին արձագանքե՞լ է իրեն ներկայացված այս կամ այն խնդրին, արդյոք նա տեսնո՞ւմ է իր առջև ծագած խնդիրները, արդյոք նա պլանավորո՞ւմ է իր աշխատանքը և ինչ-որ գործողություններ իրականացնո՞ւմ է` հասարակության պատշաճ ծանուցման հետ կապված»,- ասաց Արա Սաղաթելյանը: Նա նշեց, որ նաև դիտարկում են ՀՀ տեղեկատվական շահերի դեմ ուղղվող գործողությունները, որոնք նախաձեռնում է Ադրբեջանը: «Եվ մենք օժանդակում ենք այդ միջոցառումների հակազդեցությանը: Օրինակ` ենթադրենք, եթե Պաշտպանության նախարարությունը առավոտյան 11:00-ին արդեն չնկատեր, որ ադրբեջանական հայտնի կայքում տեղադրված լուսանկարը ոչ թե հայ զինծառայողի է, այլ վրացի, 11:05-ին մենք իրեն այդ մասին կհայտնեինք»,- ասաց Արա Սաղաթելյանը: Նա հավելեց, որ եթե պետական մարմնին խորհրդատվություն է անհրաժեշտ, ապա իրենք լուծման տեխնոլոգիա են տալիս: Կառույցի ամսական ֆինանսավորումը մոտ 3 մլն դրամ է: Կառույցում 15 հոգի է աշխատում: «Մշակվա՞ծ է պետական քարոզչական հայեցակարգ հայ-թուրքականի մասով»,- հարցրեց լրագրողներից մեկը: Արա Սաղաթելյանը նշեց, որ այդ մասով պատշաճ տեղեկատվական սպասարկման հայեցակարգ կա, սակայն տեղեկատվական անվտանգության ոլորտում փաստաթղթերի մեծ մասը տեսնելու համար չէ, այլ բովանդակում է ներքին գործառույթներ: Վերջին շրջանի ամենահրատապ հարցերի` Ցեղասպանության և Արցախի խնդիրների վերաբերյալ Հայաստանի հասարակությունը ավելի հակված է հավատալ օտար մամուլին և օտար պաշտոնյաներին, քան հայաստանյան գործիչներին: Հնարավո՞ր է, որ սրա պատճառը տեղեկատվական դաշտում թերացումներն են: Լրագրողի այս դիտարկմանը Արա Սաղաթելյանը պատասխանեց, որ, իհարկե, թերացումներ կան. դա գալիս է մշակույթի և փորձի պակասից: «Մշակույթի ձևավորման ժամանակահատված է պետք, որ պետությունը սովորի պատշաճ և օպերատիվ կերպով սպասարկել իր պետական քաղաքականությունը: Փառք աստծու, այսօր մի իրավիճակից, երբ բարձրաստիճան պետական պաշտոնյաներից մեկը խոսում էր այն մասին, որ «մենք ռեսուրսներ չունենք, դե ո՞նց անենք», մենք հասանք մի իրավիճակի, երբ հասկացել ենք, որ այս ռեսուրսներով ի վիճակի ենք բաներ անելու և անում ենք: Եվ երկրորդը` մեր տեղեկատվության սպառման կուլտուրան անգամ վերջին 6 ամիսների ընթացքում փոփոխվել է: Մի քանի ամիս առաջ մենք ավելի մեծ հետաքրքրությամբ էինք վերցնում, արտատպում, սպառում, հավատում այլ լրատվամիջոցների: Այսօր մենք ավելի զգույշ ենք»,- ասաց Արա Սաղաթելյանը: Ադրբեջանցի պաշտոնյա. «Լրագրողը, որը վատ է գրում, պետք է բանտ նստի» Արա Սաղաթելյանը վերջերս է վերադարձել Մոսկվայից, որտեղ տեղեկատվական անվտանգության խնդիրների վերաբերյալ հավաք է եղել: Դա նախապատրաստական միջոցառում էր: Իսկ դեկտեմբերի 8-10 կամ 9-11-ը տեղի կունենա ԱՊՀ և Բալթյան երկրների լրատվամիջոցների համաժողով: «Հիմնական նպատակն է փորձել վերականգնել հորիզոնական կապերը անկախ հանրապետությունների միջև, և ձևավորել համընդհանուր տեղեկատվական դաշտ: Յուրաքանչյուր հանրապետություն ներկայացնելու է 10-ական լրատվամիջոցի ներկայացուցիչ»,- ասաց Արա Սաղաթելյանը: Հարց հնչեց, թե ինչպե՞ս կարելի է ընդհանուր տեղակատվական դաշտ և հորիզոնական կապեր ստեղծել Ադրբեջանի հետ: Արա Սաղաթելյանն ասաց, որ դա Մոսկվայի նախաձեռնությունն է, և համարվում է, որ «Միր» հեռուստաընկերությունը հաջողված նախաձեռնություն է: Սակայն մասնագիտական առումով Արա Սաղաթելյանն առաջարկել է հաշվարկել ռիսկերը: «Ռիսկերը հաշվի առնելով` որոշվեց գնալ մեծ թիմերով և փորձել միջանձնային հարաբերությունների հիման վրա ստեղծել հորիզոնտալ կապեր: Օրինակ` այսպես կոչեմ, ադրբեջանցի իմ գործընկերն ասաց, «Իսկ ինչո՞ւ մեր էքսպերտները հնարավորություն չունեն ձեր հարթակներում ելույթ ունենալու»: Ես ասացի. «Ո՞վ է գարանտը, որ չի փոփոխվի տեքստը» Այսինքն` յուրաքանչյուր հորիզոնտալ կապի պարագայում պետք է լինեն ինչ-որ երաշխավորներ: Իրենց պարագայում դա շատ հեշտ է, որովհետև տեղեկատվական դաշտերի կոորդինացման առումով Ադրբեջանը իմպերատիվ բրգաձև կառույց ունի: Նրանց կոնցեպտը շատ պարզ է, որը հնչեցրեց իրենց նախագահի աշխատակազմի վարչության պետերից մեկը` Ալի Հասանովը, Ստրասբուրգում: Փորձագիտական հանդիպում էր, և նստած եվրոչինովնիկները զարմացած էին»,- ասաց Արա Սաղաթելյանը: Իսկ Ալի Հասանովն ասել է հետևյալը. «Լրագրողը, որը վատ է գրում, պետք է բանտ նստի: Եվ մենք քրեական օրենսգրքից չենք հանելու զրպարտության հոդվածը: Չէ՞ որ բժիշկը, որը վատ է վիրահատում, դատվում է: Ուրեմն, մինչև մեր լրագրողները չսովորեն լավ գրել, մենք իրենց քրեական օրենսգրքի շրջանակներում պատասխանատվության կենթարկենք: Մենք ունեինք մի լրագրող, որը հաճախ խոսում էր այն մասին, որ պետական չինովնիկները կաշառքներ են վերցնում: Մենք տվեցինք իրեն կաշառք: Նա վերցեց, և մենք նրան կալանավորեցինք»: Արա Սաղթելյանը նշեց. «Ադրբեջանում այս համակարգն է: Ադրբեջանի համակարգը ես գիտեմ շատ վաղուց: Այսինքն` պետք են գարանտներ` կամ խմբագիրների մակարդակով կամ պետական կառույցների մակարդակով: Եթե մեզ մոտ ինչ-որ լրատվամիջոցներ կարող են նախաձեռնել ինչ-որ բաներ, իրենց որևէ լրատվամիջոց կամ հ/կ ազատ կոմունիկացիա ունենալ հայերի հետ չի կարող»: «Լրագրողներին պապա պետք չէ» Լրագրողներից մեկն ասաց, որ ՀՀ-ում հաճախ ոտնահարվում են լրագրողների իրավունքները և բերեց «Ա1+»-ի օրինակը: Քանի որ ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը չի արտահայտվում այդ մասին, կարելի՞ է ենթադրել, որ նման դեպքերը սպառնալիք չի համարում Հայաստանի տեղեկատվական անվտանգությանը: Արա Սաղաթելյանը պատասխանեց, որ հարցը բովանդակում էր քաղաքական գնահատական, և ինքը չի ուզում կենտրոնանալ «Ա1+»-ի խնդրի վրա: Կենտրոնը զբաղվում է ոչ թե քաղաքական գնահատականներով, այլ տեխնոլոգիական առաջարկներով: «Այ, եթե լինի բաց, արդար մրցույթ, և բաց, արդար մրցույթի ընթացքում իրականացվող պատշաճ գործընթացների պարագայում դիմած որևէ մեկ սուբյեկտ անարդար կերպով դուրս մղվի մրցույթից, հայեցակարգով նշված է, որ, այո, դա սպառնալիք է, որովհետև ոչ պատշաճ մրցակցություն է»,- ասաց Արա Սաղաթելյանը: Լրագրողը նշեց, որ հարցը գուցե քաղաքական չէ, և իրոք իրավունքների ոտնահարում կա, քանի որ Եվրադատարանը վճիռ է կայացրել հօգուտ «Ա1+»-ի, և հարցրեց, թե ո՞րն է կենտրոնի դիրքորոշումը լրագրողների իրավունքների ոտնահարման հարցում: Արա Սաղաթելյանը պատասխանեց, որ լրագրողների իրավունքները պետք է պաշտպանի ոչ թե որևէ պաշտոնյա կամ արտաքին կառույց, այլ ապահովեն երկրի ներսում գործող օրենսդրական դաշտը և լրագրողական կորպորացիան: «Ես համարում եմ, որ լրագրողներին պապա պետք չէ: Եթե ստեղծվի մի իրավիճակ, երբ մենք, շփվելով լրագրողների, մեր այլ գործընկերների հետ, տեսնենք, որ ակնհայտորեն չեն ապահովվում ամբողջ ճանապարհն անցնելու ընթացքում իրավունքների պաշտպանության մեխանիզմները, ակնհայտ է, որ մենք կտեղեկացնենք մեր վերադասին: Մինչև հիմա ես չեմ տեսնում: Եթե դուք գիտեք դեպք, որտեղ լրագրողի իրավունքը խախտվել է, և լրագրողը սպառել է պատշաճ գործընթացները... Ավելի վատ բան ասեմ, եթե կորպորացիան չի կարողացել ապահովել տվյալ անձի շահերի պատշաճ պաշտպանությունը, եթե մենք, որպես լրագրողների կորպորացիա, չենք ձևավորում հանրային կարծիք, որը կարող է ճնշել որևէ չինովնիկի, ուրմեն մենք լրատվամիջոցներ չենք»,- ասաց Արա Սաղաթելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter