HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձնական ծրագիր` առավոտյան ժամերին տրանսպորտային հոսքերը թեթևացնելու նպատակով

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում առավելապես առավոտյան ժամերին նկատվող տրանսպորտային հոսքերը թեթևացնելու նպատակով, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ապրիլի 18-ից մայիսի 18-ը ընկած ժամանակահատվածում ( 22 աշխատանքային օր ), իրականացվում է փորձնական ծրագիր:

Ըստ այդմ, Կենտրոն վարչական շրջանի թվով 16, Արաբկիրի' 5, Շենգավիթի` 2 և Էրեբունու մեկ դպրոցներում, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի 20 նախադպրոցական ուսումնական հաստատություններում դասերն ու պարապմունքները սկսվում են 08:30-ին: Այս մոտեցման համար հիմք է ծառայել դպրոցներում գարնանային արձակուրդի շրջանում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում նկատված տրանսպորտային հոսքերի զգալի կրճատումը:

Փորձնական այս ծրագրի արդյունքների ամփոփումից հետո միայն կորոշվի մայրաքաղաքի բոլոր հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում այն ներդնելու նպատակահարմարության հարցը:

Ընդհանուր առմամբ, Երևանի քաղաքային տրանսպորտի ոլորտի կանոնակարգման հետ կապված, նախատեսվում է բազմակողմանի ծրագրի իրականացում, որն իր մեջ ներառում է մի շարք ուղղություններ, այդ թվում.

• Ներքաղաքային երթուղիներում շահագործվող միկրոավտոբուսների քանակի նվազեցում և դրանք միջին և մեծ տեղատարողությամբ ավտոբուսներով փոխարինում,

• Մայրաքաղաքում տեղաբաշխված խանութներին, մանրամեծածախ շուկաներին և առևտրային կետերին, սննդի օբյեկտներին մատակարարվող ապրանքների առաքման որոշակի ժամերի սահմանում,

• Միջմարզային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների, ուսանողական ավտոբուսների համար մայրաքաղաքի մուտքերի մոտ գտնվող ավտոկայաններում կամ երթակարգավարական կայաններում վերջնականգառների սահմանում և քաղաքացիներին ներքաղաքային տրանսպորտով մայրաքաղաքի կենտրոն տեղափոխում,

• Ավտոկայանատեղիների կազմակերպմանն ու կանոնակարգմանն ուղղված միջոցառումների իրականացում:

Երևանի քաղաքային տրանսպորտի ոլորտի զարգացման հայեցակարգի ամբողջական տարբերակն առաջիկայում կներկայացվի հանրության քննարկմանը:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter