Գյումրու քաղաքապետի հերթական արձան-նվերը քաղաքին
«Ես հիմա էլ եմ դեմ, որ իմ հեղինակած բազալտե 6,5 մետրանոց արձանը կանգնեցվի ապագա բիզնես կենտրոնի դիմաց,-սպիտակ շորով փաթաթված արձանի կողքին կանգնած հուսահատ բացատրում էր քանդակագործ Սամվել Պետրոսյանը,-բայց լսող չեղավ, իմ հեղինակած Անանիա Շիրակացին արժանի էր հրապարակային ցուցադրության: Ես հիմա էլ եմ պնդում, որ նրա տեղը Գյումրիի Անկախության հրապարակում է, որտեղ միջավայր կա, ուսումնական հաստատությունները նկատի ունեմ, թե չէ բիզնես ու գիտություն, ձեր կարծիքով որքանով է դա համատեղելի: Բերեցին արձանս խցկեցին էս փողոցի վրա, ախր Շիրակացին ուր, բիզնեսն ուր»:
Մեծանուն գիտնականի արձանը պատրաստելու պատվերը Սամվել Պետրոսյանը Գյուրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանից ստացել էր դեռեւս 2007թ-ին: Քանդակագործը շտապեցրեց տեղեկացնել, որ արձանը նվեր է Գյումրուն ու գյումրեցիներին, ինքը աշխատել է անվարձահատույց, իսկ նյութերի ձեռք բերման հետ կապ չի ունեցել, քաղաքապետարանն է տրամադրել: Այս տարվա ամռանը, երբ իմացել է, որ արձանը տեղադրվելու է Շիրակացի փողոցում կառուցվող ապագա Բիզնես կենտրոնի դիմաց, ընդվզել է: Սամվել Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսները օգուտ չեն տվել: Քանդակագործին ըստ երեւույթին հասկացրել են, որ սուսուփուս իր գործն անի, քանի որ Անկախության հրապարակում արդեն իսկ կա կանգնեցված արձան` քանդակագործ Արտուշ Պապոյանի հեղինակած Հայուհին եւ տեղափոխության մտադրություն որեւէ մեկը չունի, թեպետ քաղաքապետարանը նմանատիպ տեղափոխությունների փորձ ունի: Անցած տարի գյումրեցի Զավեն Կոշտոյանի երկրաշարժին նվիրված հուշարձանը, որ տարիներ շարունակ կանգնեցված էր Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ, տեղափոխեցին Անի թաղամասի Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակ, որպեսզի Ֆրիդ Սողոյանի նույնաբովանդակ գործը տեղադրվեր նրա փոխարեն: Ինչեւէ, քանդակագործի կարծիքը մնացել էր կարծիքի մակարդակի եւ որեւէ էական փոփոխություն չէր մտցրել արձանի տեղադրման խնդրում: Արձանի բացումը նոյեմբերի 7-ին էր, Գյումրու օր կոչվող տոնակատարությունների շրջանակում:
Նոյմբերի 7-ին Գյումրիում էր «Օրինաց երկիր» կուսակցության ընտրանին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Հյուրերի դիմավորումը քաղաքի մուտի մոտ էր, որից հետո մեքենաների շարասյունը ուղեւորվեց Շիրակացի փողոց: Այստեղ նախատեսված էր Անանիա Շիրակացու արձանի բացմանը հանդիսավոր արարողությունը: Արձանի բացման պատիվը վերապահվեց Արթուր Բաղդասարյանին եւ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանին: Ոչ մի խոսք քանդակագործի մասին, Սամվել Պետրոսյանը, որպես հեղինակ չարժանացավ որեւէ դրվատանքի, անգամ խոսք ասելու իրավունք չունեցավ: Սրանից էլ ստիպված էինք ենթադրել, որ մի քանի ամիս առաջ կազմակերպած ասուլիսները ծանր են նստել քանդակագործի վրա: Ստիպված էինք կասկածել նաեւ Սամվելի Պետրոսյանի նվիրատվության վերաբերյալ արած հայտարարությանը: Ամենայն հավանականությամբ քաղաքապետի որոշումներին դեմ արտահայտված արվեստագետը պարզապես չի վճարվել ու չի էլ վճարվելու: Սամվել Պետրոսյանը մեր ուշադրությունը հրավիրեց արձանի պատվանդանին, որը պարզապես բետոնյա կիսագունդ էր: «Արձանս լրիվ կպցրել են գետնին,-դժգոհում էր քանդակագործը,-բա պատվանդանն էլ բետոնից կլինի…գիտեք չէ ինքը (այսինքն Վարդան Ղուկասյանը) սովորություն ունի պատվանդանների վրա գրելու որ ինքն է հովանավորել, բայց դե տեսաք բան չկար գրած, բետոնի վրա հո չէր գրելու, չգիտեմ էլ թե հետո ինչ են անելու»: Գյումրեցուն այլեւս հնարավոր չէ զարմացնել կիսատ պռատ արձանների տեսքով: Անցած տարի Վարդանանց արձանախումբը հրապարակում տեղադրելուց հետո վերամբարձ կռունկը եւ այդ, եւ հաջորդ 3 օրերին կանգնած մնաց զորավարի կողքին, որպեսզի վերջինս վերեւից չգահավիժի ներքեւ, մինչեւ մոնտաժային աշխատանքները լրիվ ավարտվեն:
Դե իսկ 2 տարի առաջ, Գյուրմրու օրվա կապակցությամբ բացված Աշոտ Ողորմած թագավորի արձանն ընդամնեը 2 օր առաջ պարզվեց, որ պլաստմասսայե է եղել: Ի դեպ դա արձանի երկրորդ խայտառակությունն էր, առաջինի վրա չկարողացավ ծիծաղը զսպել անգամ այն ժամանակ դեռ վարչապետ Սերժ Սարգսյանը, երբ սպիտակ շորը հեռացնելուց հետո պարզվեց, որ ձիու սմբակի տակ փայտե հենարան է տեղադրված: Նոյեմբերի 6-ին, տեղադրումից հետո 2 տարի անց, քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը վերջապես ավարտել էր արձանի բրոնզաձույլ տարբերակն ու հինը փոխարինել նորով: Այս արձանն եւս քաղաքապետի պատվերով էր արվել:
Բոստանչու թոռը` շինարար
Քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ այս տարվա տոնակատարությունների շրջանակում բացվեց նաեւ աղբյուր: Հարեւանությամբ տեղադրված հուշատախտակի վրա գրված էր, որ այն կառուցվել է հայտնի աղբյուրագործ Չադրենց տոհմի հիշատակը հավերժացնելու նպատակով: Չադրենք Ղուկասյանների տոհմի մյուս ճյուղն են: Այդ տոհմի ներկայացուցիչն է Բաղնիքի Կարոն, որ մականունը ստացել է քաղաքային բաղնիքում ծնվելու համար: Չադրենց Կարոն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբայրն է: Տարիներ առաջ, հարցազրույցի ժամանակ, խոսելով իրենց տոհմի ու ազգանվան մասին, Բաղնիքի Կարոն ասում էր, որ իրենց ազգանունն առաջացել է «չադր-վրան» բառից: Իրենք տոհմական բոստանչիներ են եղել, վրան են խփել բոստանի գլխին, այնտեղ էլ մնացել են, դրա համար էլ իրենց կոչել են Չադրյաններ: Ի դեպ, «Սլոբոդկա» կոչվող թաղամասում, որտեղ հիմա ապրում են Ղուկասյաններն ու Չադրյանները, իրոք էլ համարվել է բոստանչիների ու մանր առեւտրականների թաղ: Ծառահատումների պատճառով այնքան աղմուկ հանած Չերազ եւ Սպանդարյան փողոցներն իրար միացնող, առայժմ անանուն փողոցի բացման պատիվը վերապահվեց Արթուր Բաղդասարյանին եւ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանին: Փողոցի երկարությամբ շարված մարդկանց միջից հանկարծակի հնչած «կեցցե Վարդան Ղուկասյանը», «ապրի Վարդան Ղուկասյանը» բացականչությունները խորհրդային տարիներին բնորոշ շքերթ էր հիշեցնում: Ամեն դեպքում քաղաքապետը ձեռքի թափահարումով ողջունեց բացականչողներին եւ հյուրերին հրավիրեց «Հոկտեմբեր» կինոթատրոն, որտեղ կայացավ պարգեւների հանձման արարողությունը: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին շնորհվեց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում: Նույն կոչմանն արժանացավ նաեւ Լենինականի առաջին քաղկոմի քարտուղար Տաճատ Սարգսյանը: Հանդիսությանը ներկա դերասան Ռաֆայել Քոթանջյանին շնորհվեց Պատվավոր վարպետ ոսկե կրծքանշան:
«Ես էս վերջերս եմ հայտնաբերել, որ մեր սիրելի դերասանի հայրը Կարսեցի է, մայրը գյումրեցի ու որոշեցինք, որ անպայման մեր ուշադրությանն արժանացնենք հարգարժան դերասանին»,-բեմից հայտարարեց Վարդան Ղուկասյանը: Այն պահին երբ բեմ էր բարձրանում Գյումրիում գործող Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի մասնաճյուղի ռեկտոր Լարիսա Ռշտունին, պարոն քաղաքապետն անմիջապես մոտենալով խոսափողին հայտարարեց.«Աստված վկա, ես խաբար չեմ, նոր եմ իմացել, իմ համար էլ է անակնկալ»: Պարզվեց, որ նրան շնորհել են ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչում: «Չարքերը վրես ինչ ասես գրում են, դարձրել են գել ու գազան, ես գիտեմ հիմի պիտի գրեն, թե էս էր մնացել պակաս, էս էլ եղավ»,-պարգեւատրումից հետո արտահայտվեց Վարդան Ղուկասյանը: Ուշադրության արժանացան նաեւ այս տարի դպրոցն ավարտած 5 ոսկե մեդալակիրները, ովքեր քաղաքապետից ստացան դրամական պարգեւներ: Պաշտոնական մասի ավարտից հետո պատասխանելով լրագրողների իր առողջությանը վերաբերող հարցերին, քաղաքապետն հայտնեց, որ իր առողջությունը «ցենտր է»: Դե իսկ գյումրեցի կանանց խորհուրդ տվեց մեկ-երկու երեխա ավել բերել, «որ քաղաքը 200 հազարից դառնա 300 հազար»:
Մեկնաբանել