HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդի տանող ճանապարհի հատվածը ձմռանը կարող է վտանգավոր լինել

Շինարարությունը չի ավարտվել նախատեսված հատկացումներից նվազ գումար տրամադրելու պատճառով

 Դեռ երկու ամիս առաջ սկսվել է Վանաձոր -Ալավերդի գլխավոր մայրուղու, հենց Ալավերդու մուտքի մոտ երկաթգծին հարող քանդված և վթարային վիճակում գտնվող ճանապարհի հենապատի վերականգնման աշխատանքները:

Հենապատը վերջին անգամ վերանորոգվել է 38 տարի առաջ`1972 թ.-ին: Ճանապարհի վերանորոգման աշխատանքների պատվիրատուն «Հայճանշինն» է: Շինարարական աշխատանքներն իրականացնում է Ալավերդու «Ճանշինը»: «Շինարարական աշխատանքների արժեքը 118 մլն դրամ է: Բայց այս տարի մի քիչ ենք ծախսելու, Ճանապարհը վերանորոգվելու է մինչև երկաթգծի թունելի մոտ` 45 մետր հենապատ է վերանորոգվելու»,- երկու ամիս առաջ մեզ հետ զրույցում ասաց Ալավերդու «Ճանշին» կազմակերպության աշղեկ Սամվել Պապոյանը: alaverdi_09.11.09 Մինչև երկաթգծի թունելի մոտ այսօր հենապատն ու ճանապարհը ոչ միայն վերանորոգված չեն, այլև ամբողջությամբ քանդված են: Սամվել Պապոյանը ճանապարհի վերականգնման առաջին օրերին հայտնեց, որ վթարված ճանապարհի վերականգնումը մտնում է գլխավոր մայրուղու ձմռան նախապատրաստման ծրագրի մեջ և հավաստիացրեց. «Եթե ամեն ինչ լավ գնա, ճանապարհի վերանորոգման աշխատանքները կավարտենք մինչև հոկտեմբերի վերջը»: Ասենք որ, հենապատի վերանորոգման շինարարական աշխատանքների հենց առաջին օրերից շինարարները նկատել են, որ ճանապարհի խնդիրները լուրջ են. «9 մ իջնելու ենք ներքև, հիմքի լայնությունը միայն 5,5 մ պետք է լինի: Պետք է ամբողջությամբ բետոնապատենք»,- ներկայացնում էին նրանք: Ինչպես պարզվում է` ճանապարհի վրա ամեն ինչ հարթ չի գնացել և վերականգնման աշխատանքների շինարարների խոստացած ժամկետն էլ անցել է, սակայն հենապատն ու ճանապարհը չեն կարգավորվել: Ավելին` այստեղ վերջինիս եզրով շարված հսկա քարերն ու շինարարական մեծ տեխնիկան` ողջ լայնությամբ շինարարական անավարտ աշխատանքների հետևանքով փլման նոր վտանգների առջև կանգնած ճանապարհի վրա, նոր սպառնառնալիքներ են խոստանում հատկապես ձմռանը, ծանրաբեռնված մայրուղով երթևեկող ավտոմեքենաներին: Դրա պատճառների մասին Ալավերդու «Ճանշին» կազմակերպության ղեկավար Սամվել Տիտանյանը բացատրեց. «Ճանապարհի առաջին փուլը պետք է ավարտեինք հոկտեմբերի վերջին: Սակայն վերականգնման համար նախատեսված 102 մլն դրամից մեզ այս տարի հատկացրել են 36 մլն դրամ: Ինչը որ կատարված տեսել եք, դրանով էլ ավարտվել է աշխատանքները: Ձմռանը ճանապարհին ստեղծված վիճակը, իհարկե, վտանգավոր է լինելու: Ինչքան հնարավոր է` բետոն ենք շարելու, որ նոր փլման վտանգները նվազեցվի: Նաև ճանապարհի հետևի հողի լիցք ենք անելու: Վերականգնման շինարարական աշխատանքների շարունակությունը և ֆինանսավորումը կվերսկսվի նոր տարուց, աշխատանքների շարունակությունը մտցված է 2010 թ.-ի պլանի մեջ: Իսկ մինչ այդ, այո, ճանապարհին վտանգներ կան»,- ասաց Ալավերդի քաղաքի մայրուղիների վերականգնման մասնագետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter