HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Փաստաբաններին մեղսագրվող հոդվածը կարող է հակասահմանադրական ճանաչվել

ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Արթուր Գրիգորյանի, Արա Զաքարյանի եւ Դիանա Գրիգորյանի դեմ քրեական հետապնդումը շարունակվում է: Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասով` «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք» դրսեւորելու մեջ: Փաստաբանները պնդում են, որ իրենց նկատմամբ սկսված հետապնդումները պայմանավորված են այն հանգամանքով, որ իրենք բացահայտել են դատավոր Եվա Դարբինյանի կատարած պաշտոնեական հանցագործությունները:

Արթուր Գրիգորյանը, Արա Զաքարյանը եւ Դիանա Գրիգորյանը 2008 թվականին հանդիսացել են մարտի 1-ից հետո սկսված «Պիցցա դի Ռոմա»-ի գործով մեղադրյալների պաշտպանները, դատական գործը նախագահել է դատավոր Եվա Դարբինյանը: Ըստ քրեական գործի նյութերի` 2008 թվականի օգոստոսի 11-ի նիստի ժամանակ փաստաբան Դիանա Գրիգորյանը ինքնաբացարկ միջնորդություն է ներկայացրել դատարանին եւ մերժվելուց հետո լքել է դահլիճը, որի պատճառով դատական նիստը հետաձգվել է: Հաջորդ նիստի ժամանակ փաստաբաններ Արա Զաքարյանն ու Արթուր Գրիգորյանը ներկայացրել են մի շարք միջնորդություններ, որոնք դատարանի կողմից մերժվելուց հետո դատարանին ինքնաբացարկի  միջնորդություն ներկայացնելու համար դատարանից 3 օր ժամանակ են խնդրել: Դատարանը փաստաբաններին տրամադրել է 15 րոպե եւ ընդմիջում է հայտարարել: Դրանից հետո Դիանա Գրիգորյանը, Արա Զաքարյանը եւ Արթուր Գրիգորյանը չեն ներկայացել դատական նիստին, որը կրկին հետաձգվել է: Սեպտմբերի 5-ին կայացած դատական նիստի ժամանակ Արթուր Գրիգորյանը եւ Արա Զաքարյանը դատավորին կրկին նույն հիմքով ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, որը դատավորի կողմից թողնվել է առանց քննության: Պաշտպանյալների դիրքորոշումը ճշտելու համար փաստաբանները խնդրել են ընդմիջում, որը բավարարվել է: Ընդմիջումից հետո նրանք հանդես են եկել դատական նիստին իրենց հետագա մասնակցության աննպատակահարմարության մասին հայտարարությամբ եւ դատավոր Եվա Դարբինյանի բազմաթիվ նախազգուշացումից հետո լքել են դահլիճը: 9-11_Eva-DarbinyanԵվա Դարբինյանը փաստաբանների պահվածքի մասին տեղեկացրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահին` փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու նպատակով: Արա Զաքարյանի, Դիանա Գրիգորյանի եւ Արթուր Գրիգորյանի նկատմամբ հարուցվել է  կարգապահական վարույթ, որը կարճվել է: Իսկ 2008 թվականի հոկտեմբերի 31-ին փաստաբանների նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Փաստաբանները հրաժարվել են ցուցմունք տալ նախքաննական մարմնին, քանի որ կարծում էին, որ գործը «սարքած» է, եւ որ դատավորի կատարած հանցագործությունների վերաբերյալ քննություն պետք է իրականացնի հատուկ քննչական ծառայությունը: Արա Զաքարյանը,Դիանա Գրիգորյանը եւ Արթուր Գրիգորյանը հրաժարվել են ներկայանալ Արաբկիրի քննչական բաժին` ցուցմունքներ տալու, նրանց բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել, այնուհետեւ հետախուզում է հայտարարվել, որից հետո փաստաբանները ներկայացել են: Գործով չի հարցաքննվել դատավոր Եվա Դարբինյանը, որը նախ պատճառաբանել է, թե փաստաբանները ոչ թե անձամբ իրեն են վիրավորել, այլ դատարանին, եւ ինքն ավելացնելու ոչինչ չունի: Քրեական գործում առկա են երկու տեղեկանքներ, որոնք կազմել է Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Ս.Հովհաննիսյանը: Առաջին տեղեկանքում նշված է, որ քննիչը զանգահարել է դատավոր Եվա Դարբինյանին` հարցաքննության հրավիրելու համար: Texekanq-N1 «Եվա Դարբինյանը հայտնեց, որ ինքը կարող է ցուցմունք տալ միայն Պալատի նախագահ Դավիթ Զախարի Ավետիսյանի կողմից թույլտվություն ստանալուց հետո»,- նշված է առաջին տեղեկանքում: Այնուհետեւ քննիչը զանգահարել է  ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանին եւ հայտնել, որ գործի քննության համար անհրաժեշտ է հարցաքննել դատավոր Եվա Դարբինյանին: «Դ. Ավետիսյանը հայտնեց, որ Եվա Դարբինյանից ցուցմունք վերցնելը նպատակահարմար չի գտնում, եւ դատավորը ցուցմունք չի տա»,- արձանագրված է քննիչի կազմած 2-րդ տեղեկանքում: «Փաստորեն` Դավիթ Ավետիսյանը վերահսկում է Վերաքննիչ դատարանի դատավորներին, այս պայմաններում մեր գործով նշանակված դատավորը չի կարող օբյեկտիվ լինել»,- «Հետքի» հետ զրույցում ասաց մեղադրյալ Դիանա Գրիգորյանը: Փաստաբանները կարծում են, որ օբյեկտիվ դատավորը չի կարող նման քրեական գործը վարույթ ընդունել: Հիշեցնենք, որ մեղադրյալները ինքնաբացարկի միջնորորդություն էին ներկայացրել գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանին, որն էլ ընդունել էր այն: Ներկայումս Արթուր Գրիգորյանի, Արա Զաքարյանի եւ Դիանա Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը գտնվում է Արաբկիր եւ Քաղաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանի վարույթում, դատական նիստը նշանակված է նոյեմբերի 17-ին: Սակայն հնարավոր է, որ դատական քննություն չիրականացվի այս գործով, քանի որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան` խնդրելով որոշել, թե արդյո՞ք Քրեական օերնսգրքի 343-րդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Եթե այս օրենքը հակասահմանադրական ճանաչվի, ապա փաստաբանների դեմ հարուցված քրեական գործերը պիտի կարճեն: Հիշեցնենք, որ 343-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել նաեւ փաստաբան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ, սակայն գործի քննությունը դադարեցվել էր մինչեւ Սահմանադրական դատարանի որոշումը:

Հ.Գ. «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք» դրսեւորելու համար այս տարի դատապարտվել են 2 ընդդիմադիր լրագողներ` «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանը եւ լուսանկարիչ Գագիկ Շամշյանը: Երկուսն էլ դատապատվել էին դրամական տուգանքի` 300-350 հազարի չափով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter