Եթե բարեկամություն անելն ավելի դժվար է, քան թշնամությունը
Հրանտ Բագրատյան
Տես՝ սկիզբը Միջին ժամկետում` 4-6 տարի (2014-2016 թթ.), սահմանը բացելու պարագայում հայ-թուրքական տնտեսական հարաբերությունները կխորանան: Այստեղ արդեն Հայաստանը պետք է կարողանա համապատասխան քաղաքականության շնորհիվ ավելի մեծ օգուտներ քաղել, քան սկզբնական շրջանում:
Խոսքը, նախ, վերաբերում է տարանցիկ հաղորդակցությունների բացմանը (խողովակաշարային տրանսպորտ, երկաթգիծ, օդային հաղորդակցություն, կապ եւ այլն), եւ ապա` արտահանման պոտենցիալ ունեցող ձեռնարկություների գործունեության ծավալմանը: Որոշակի աշխուժացում կարող է սկսվել գյուղատնտեսական, սննդի, շինանյութերի, էներգետիկայի, քիմիայի ոլորտներում: Թուրքիայի հետ տնտեսական ճանապարհը բացելու դեպքում կարող են հիմնականում գործարկվել Պոլիվինիլացետատը, Նաիրիտը, Վանաձորի քիմիական կոմբինատը (եթե դրանցից ինչ-որ բան մնացել է): Ի դեպ, քիմիայի վերագործարկումը կարող է վերստին Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասուրդ առաջացնել: Կզարգանան միջնորդական ծառայությունները, այդ թվում` ֆինանսական ու բանկային ոլորտներում: Ընդհանուր առմամբ, արտաքին հատվածի ընթացիկ հաշիվը կարող է հասնել 1.5 մլրդ դոլարի: Այս փուլում արդեն կսկսվեն համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը, տնտեսակարգերի դիվերսիֆիկացիան, կակտիվանա արտաքին հատվածի կապիտալ հաշիվը: Այս շրջանում թուրքերը կձգտեն ոչ միայն սովորական տնտեսական համագործակցության, այլ կաշխատեն ազդեցություն ունենալ Հայաստանոմ տնտեսական ու քաղաքական էլիտայի ձեւավորման վրա: Բանն այն է, որ Հայաստանի ՀՆԱ-ի 54%-ը արտադրվում է 40 ընտանիքների միջոցով: Մենաշնորհներն այսօրվա հայկական պետության կեցության ձեւն են: Թուրքիայում առաջին 40 խոշոր մեծահարուստները տնտեսության 10%-ն էլ չեն վերահսկում: Թուրքիայում առկա է աշխարհում ամենադինամիկ փոքր բիզնեսներից մեկը (զիջում է, թերեւս, միայն Չինաստանին ու Հնդկաստանին): Այսօրվա վիճակով Հայաստանի ամենաազդեցիկ տնտեսական գործիչը` երկրորդ նախագահը, վերահսկում է 1.5 մլրդ դոլարի շրջանառություն (ՀՆԱ-ի 14%-ը), ներկայիս նախագահը, ըստ իս, հովանավորում է մենաշնորհները: Հայաստանի ներկայիս բարձրագույն պետական մյուս այրերը (ԱԺ նախագահ, կոալիցիոն կուսակցությունների ղեկավարներ, պատգամավորներ, վարչապետ, նախարարներ, մարզպետներ եւ այլն) խոշոր ձեռնարկատերեր են, մեծահարուստներ: Ընդ որում, նրանցից եւ ոչ մեկը դա չի նվաճել աշխատանքի կամ ձեռնարկատիրության շնորհիվ: Այդ ամենը նրանք ստացել են. բոլորի հարստության հիմքում էժան (կամ ձրի) պետական ռեսուրսն է` վերափոխված կապիտալի, փոխլրացված մենաշնորհով: Ոչ-ոք չի կարողացել ստեղծել տարածաշրջանային նշանակության որեւէ բրենդ, ոչ-ոք ինքնուրույն կյանքում որեւէ շուկա չի նվաճել: Հայաստանի կառավարությունը չի կարողանում քաղաքական կամք դրսեւորել եւ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու որեւէ ռացիոնալ որոշում կայացնել: Ամեն մի որոշում պետք է բավարարի այդ կլաններին, ինչը բացառված է: Նույնիսկ երբ պետությունը պարտք է վերցնում, այդ կլանները վրա են հասնում եւ իրենց փայը պահանջում: Արդյունքում` համաշխարհային տնտեսության հետ որեւէ էական կապ չունեցող Հայաստանում առկա է 18.4%-ոց (այն էլ պաշտոնական վիճակագրությամբ) տնտեսական անկում: Այդպիսի բան նույնիսկ Սոմալիում չկա: Խաղաղօվկիանոսյան Տուվալուն եւ Կիրիբատին գրեթե միակ երկրներն են, ուր տնտեսական անկումը Հայաստանից բարձր է (պատճառն այն է, որ այդ 26 եւ 730 քառ. կմ տարածք ունեցող կղզիախմբերը գլոբալ տաքացման պատճառով տարեկան մի քանի անգամ ամբողջությամբ ջրի տակ են անցնում): Հայաստանի կառավարությունը բարձր տոկոսով պարտք է անում, բերում խրախուսում է շինարարությունը, որի պատճառով ճգնաժամն այդքան խորն է մեր երկրում: Թուրքիայում տնտեսության նման կենտրոնացվածություն չկա: Այսօրվա վիճակով ամենահարուստ ընտանիքի` Սաբանչի եղբայրների ունեցվածքը գնահատվում է 5 մլրդ դոլար եւ երկրի ՀՆԱ-ի 1%-ից էլ պակաս է: Թուրքական վերջին 4 նախագահներից (Տ. Օզալ, Ս. Դեմիրել, Ա. Սեզեր եւ Ա. Գյուլ) եւ 8 վարչապետներից (Ս. Դեմիրել, Է. Ինոնյու, Թ. Չիլլեր, Մ. Յլմազ, Ն. Էրբաքան, Բ. Էջեւեթ, Ա. Գյուլ եւ Ռ. Էրդողան) ոչ մեկը օլիգարխ չի եղել, պետական գույք, տնտեսական համալիրներ ու մենաշնորհներ չի յուրացրել, կոռուպցիոն սկանդալի մեջ չի եղել: 1996-ին, երբ Թ. Չիլլերի ամուսինը պետական պատվեր ստացավ, այդ փոքրիկ, Հայաստանի համար «նորմալ» միջադեպը պատճառ դարձավ այն բանի, որ Չիլլերը մեկընդմիշտ հեռանա քաղաքականությունից: Թուրքական զինվորականությունը, գեներալները վարձատրվում են պետության կողմից (ինչպես սուլթանների ժամանակ ենիչերները), յուրաքանչյուր աչքի ընկած զինվոր վաղ թե ուշ գեներալ է դառնում: Այդ է պատճառը, որ այս մարդիկ պատասխանում են սահմանադրական կարգի համար, այլ ոչ թե ռեստորաններ են բացում: Թուրքիան ունի հարաբերականորեն ամենաբարձր վարձատրվող ուսուցիչն աշխարհում (ստորեւ բերած դիագրամից պարզ է դառնում, որ թուրք ուսուցիչների միջին աշխատավարձը գերազանցում է 1 շնչին ընկնող ՀՆԱ արտադրությունը 2.5 անգամ), շատ բարձր վարձատրվող համալսարանական պրոֆեսորներ:
Թուրքերը հիանալի հասկանում են Հայաստանում տիրող խայտառակ վիճակը: Ինչ-որ տեղ նույնիսկ վախենում են հայաստանյան կոռուպցիայի մասշտաբներից: Միամիտ կլինի կարծել, թե սահմանի բացումը կթուլացնի հայկական մոնոպոլիստների դերը: Ոչ, թուրքերը վաղ թե ուշ սկսելու են նրանց հետ գործ ունենալ, որովհետեւ Հայաստանը թույլ եւ նվաստ դարձնելու ավելի լավ գործիք, քան մեր օլիգարխներն են, չկա: Հիշում եմ` միջին դարերում ինչպես էին թուրքերը խրախուսում հայ տաղանդներին, իրենցով անում, մեդալներ, պարգեւներ շռայլում հայ կաթողիկոսներին, երեւելիներին: Դա հին ու փորձված քաղաքականություն էր հայերի մեջ պետություն ստեղծելու ցանկությունները սահմանափակելու համար: Հիմա մենք պետություն ունենք, եւ ուրեմն խնդիրը այդ նույն մեթոդներով պետության թուլացումն է: Հայ օլիգարխները, մեծ հաշվով, թուրքերին պատասխանելու են քծնանքով եւ օժանդակելու պատրաստակամությամբ: Սահմանը բացելուց հետո թուրքական դինամիկ, մանր ու միջին բիզնեսը իր ճկունությամբ հաղթելու է հայկական քարացած օլիգարխիային: Մենք չունենք, ոչնչացրել ենք դինամիկ հայ ձեռներեցներ ունենալու ամեն մի փորձ: Եթե առաջիկա տասնամյակում քաղաքականությունը փոխվի եւ նման խավ, այդուհանդերձ, ստեղծվի, ապա Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումն, ի վերջո, շոշափելի օգուտներ կարող է բերել:
Ավելի երկար ժամանակահատվածում` 7-15 տարի, եթե սահմանը բացվի, Թուրքիան եւ Հայաստանը մտնելու են տնտեսական ինտեգրացիայի գործընթացի մեջ: Այդ ընթացքում թուրքական կապիտալը Հայաստանում նախեւառաջ երկրաքաղաքական խնդիրներ է լուծելու: Հայաստանի պատասխանը համարժեք կարող է լինել, եթե այդ ընթացքում մենք թուրքերին դեմ տանք դինամիկ ձեռներեցների մի հոծ զանգված, ժողովրդավարական ինստիտուտներն ավելի հզոր լինեն, քան Թուրքիայում: Երկար ժամանակահատվածի առումով հաջողության հասնելու համար Հայաստանը պետք է մշակի եւ իրացնի նոր ներդրումային քաղաքականություն: Թուրքիայի տնտեսության մեջ ուղղակի արտասահմանյան ներդրումները 2006 թ. կազմել են 20.6 մլրդ դոլար, Հայաստանինը՝ 0.34: Ընդ որում, եթե վերացարկվում ենք սեփականաշնորհման ձեւով եւ ուղղակի եղանակով ակտիվների վաճառքից (որոնք անարդարացիորեն են հայտնվել այս ներդրումների կազմում), ապա Հայաստանի թիվը փոքրանում է եւս 3 անգամ: Որպեսզի Հայաստան եկած թուրքական ներդրումը ծառայի մեզ, այլ ոչ թե Թուրքիայի քաղաքական նկրտումներին, այն պետք է կլանվի գրավչությամբ ու ծառայի մեր տնտեսության իրական զարգացման շահերին: Միանգամայն պարզ է, որ երկար ժամանակի առումով առեւտրին ու կապիտալ ներդրումներին փոխարինելու կգան տնտեսական ինտեգրացիայի երեւույթները: Սա էլ առաջ կբերի տնտեսական միությունների, մաքսային ընդհանուր սահմանի պահանջ: Սկզբում նման գործընթացը կընդգրկի Թուրքիան, Հայաստանը եւ Վրաստանը: Սրանք բոլորն էլ էներգակիրներ ներմուծողներ են: Հետագայում այդ գործընթացին կխառնվեն նաեւ Իրանն ու Ադրբեջանը: Վերջիվերջո, բնական կլինի ինչպես այս 2-ի, այնպես էլ առաջին երեքի տնտեսությունների աստիճանական մասնագիտացումը էներգակիրների տրանսպորտավորման ու վերամշակման ուղղությամբ: Թուրքիան տարածաշրջանում էներգակիրների ամենաարդյունավետ օգտագործողն է: Մեկ դոլարի էներգակիրներից Թուրքիան արտադրում է 6.2 դոլարի ՀՆԱ, Հայաստանը՝ 5.6, Վրաստանը՝ 4.1, Իրանը՝ 3.1, Ադրբեջանը՝ 2.5: Թուրքիայի արտաքին պահուստները 2007 թ. կազմում էին 69 մլրդ դոլար, Հայաստանինը՝ 1.4: Բնական կլինի, եթե առաջիկայում Թուրքիան ձգտի լիրայի համար տարածաշրջանային վճարման միջոցի կարգավիճակ ստանալ: Մանավանդ, որ նրան հաջողվում է իր տարածքով անցկացնել էներգակիրների տարանցման հիմնական ուղիները: Հայաստանը պետք է օգնի Թուրքիային այս հարցում` փոխարենը ստանալով տարածաշրջանային ֆինանսական միջնորդի կարգավիճակը: Իր աշխարհագրական ու քաղաքական դիրքով Հայաստանը այս գործի ամենաիդեալական թեկնածուն է:
Սոցիալական համեմատություն: Աղյուսակ 3-ը փաստում է այդ նույն երկրների սոցիալական ցուցանիշների համեմատությունը:
Հայաստան եւ Թուրքիա, հիմնական սոցիալական ցուցանիշների համեմատությունը (2007 թ.)
Ջինիի գործակիցն այն հազվագյուտ սոցիալական պարամետրերից է, որտեղ Հայաստանն առավելություն ունի: Բայց այստեղ պետք է նկատի ունենալ, որ աղքատ երկրների համար Ջինիի գործակիցը աղճատումներ ունի: Բանն այն է, որ մասնավորապես Հայաստանում 2-րդ տոկոսից հետո սկսվում են աղքատները: Այդ պարագայում, ինչպես ավելի վաղ նշել եմ իմ աշխատություններում, կվինտիլներով եկամտի բաշխումը հանգեցնում է նրան, որ Ջինիի գործակիցը արհեստականորեն համահարթեցվում է: Պատահական չէ, որ առաջին հայացքից ունենալով Ջինիի ավելի լավ գործակից` Հայաստանն ունի աղքատության ավելի բարձր մակարդակ (2 անգամ), քան Թուրքիան: Ճիշտ է, Հայաստանում փոքր-ինչ բարձր է կյանքի միջին տեւողությունը, բայց դա հիմնականում պայմանավորված է ցածր ծնելիությամբ. ավելի քան 10 անգամ բարձր, քան Հայաստանում բնական աճի պայմաններում Թուրքիայում շեշտակիորեն բարձրացել է երիտասարդների տեսակարար կշիռը բնակչության թվակազմում: Զբաղվածության կառուցվածքը Հայաստանում այսպիսին է. գյուղատնտեսություն` 45%, արդյունաբերություն՝ 19.8% եւ ծառայությունների ոլորտ՝ 35.2%: Թուրքիայում նշված թվերը հետեւյալն են՝ 16%, 28% եւ 64%: Հայաստանում նման կառուցվածքը բացատրվում է (1) տնտեսության հետամնաց կառուցվածքով եւ (2) գյուղատնտեսության մեջ աշխատանքի ցածր արտադրողականությամբ: Իսկ սա նշանակում է, որ տնտեսական հարաբերությունների լավացման պայմաններում հայ պանդուխտների (մասնավորապես գյուղացիների) արտագաղթը Թուրքիա կամ սեզոնային աշխատանքի մեկնելն անխուսափելի է: Աղյուսակ 4-ը ցույց է տալիս 2 երկրների նոր տեխնոլոգիաների եւ իննովացիաների դերը Հայաստանի եւ Թուրքիայի տնտեսություններում:
Բարձր տեխնոլոգիաների եւ ժամանակակից կոմունիկացիոն համակարգերի դերը Հայաստանի եւ Թուրքիայի տնտեսություններում (2007 թ.)
Ինչպես տեսնում ենք, այս ոլորտում եւս Հայաստանը անգամներով ետ է մնում: Թվում էր, թե այստեղ մենք պետք է որ կարողանանք ինչ-որ համեմատական առավելություն ունենալ: Ի վերջո, դեռեւս նախկին ԽՍՀՄ-ում հայ մաթեմատիկոսները լուրջ ավանդ ունեին ծրագրավորման հարցերում. բացարձակ ծավալներով երրորդ հանրապետությունն էինք համարվում: Անկախություն նվաճելուց հետո այս ոլորտը սկսեց արագորեն զարգանալ: Անցյալ դարի 90-ականների վերջին եւ 21-րդ սկզբներին մի պահ ավելի քան 100 մլն դոլարի արտահանում ունեցանք: Շատերն էին խոսում Հայաստանը մի նոր սիլիկոնային հովտի վերածելու հեռանկարների մասին: Բայց նման անկախ բիզնեսի առաջ գալը չէր կարող վրիպել դիկտատորական երկրի կառավարիչների ուշադրությունից: Բացի այդ, իշխանավորներին չէր հաջողվում մենաշնորհացնել այս ոլորտը: Եվ ահա, շուտով հունական OTE-ին ԱրմենՏելի սխալ սեփականաշորհման եւ դրամի փոխանակարժեքի հանցավոր արժեվորման (2003-2007 թթ. 580-ից մինչեւ 300) միջոցով այս ոլորտը գրեթե զրոյացվեց: Հիմա մենք ծրագրավորում կոչվածը թուրքերից պետք է սովորենք: Մի քանի խոսք ռազմական էկոնոմիկայի մասին: Թուրքիայի տարեկան ռազմական բյուջեն կազմում է 11.7մլրդ դոլար (2005 թ.): Դա աշխարհի 11-րդ ռազմական բյուջեն է: Համեմատության համար ասենք, որ ԱՄՆ ռազմական բյուջեն 495մլրդ դոլար է, Չինաստանինը՝ 104, Ռուսաստանինը՝ 58, Ֆրանսիայինը՝ 53, Մեծ Բրիտանիայինը՝ 51, Ճապոնիայինը՝ 44, Գերմանիայինը՝ 38, Հնդկաստանինը՝ 22 մլրդ դոլար: Արժե նշել, որ Իրանի ռազմական բյուջեն ընդամենը 5.2 մլրդ դոլար է, Ադրբեջանինը՝ 2.2 մլրդ, իսկ Հայաստանինը՝ 0.25 մլրդ դոլար (2009 թ.): Նշենք, որ թուրքական զինված ուժերին տրամադրած քվոտաները (որոնք, ի դեպ, թուրքերն օգտագործել են 100%-ով) 10-40 անգամ գերազանցում են Հայաստանի համապատասխան թվերը: Այսպես` Թուրքիան ունի 2795 տանկ, 3120 ԲՏՌ, 3523 միավոր հրետանի, 750 ինքնաթիռ, 43 ուղղաթիռ եւ 780 հազ. զինվոր: Բանակի մեծությամբ Թուրքիան ունի 5-րդ զինուժն աշխարհում: Կարեւոր է նշել, որ այն ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է: Ներկայումս Թուրքիան արտադրում է իր զինուժի կարիքների համար անհրաժեշտ գրեթե բոլոր զինատեսակները (բացի ուղղաթիռներից): Թուրքիայում արտադրված F-16 կործանիչներով ՆԱՏՕ-ն ներկայումս համալրում է մերձբալթյան երկրների, Արեւելյան Եվրոպայի երկրների բանակները, թուրք մասնագետները տեղում այդ երկրների համար օդաչուներ են պատրաստում: Թուրքիայի տնտեսության ամենաթույլ տեղը հսկայական արտաքին պարտքն է: Վերջին տարիներին այն զգալիորեն պակասել է (կուզեի նշել, որ Էրդողանի կառավարության հիմնական ծառայություններն են` սղաճի շեշտակի իջեցումը, դրամական բարեփոխումը եւ արտաքին պարտքի հարաբերական իջեցումը, ինչն էլ այսօրվա վիճակով անկասելի է դարձնում նրա հերթական հաղթարշավը ընտրություններում): Ինչեւէ, Թուրքիայի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 47.3%-ը (2005 թ.) կամ շուրջ 250մլրդ դոլար, Հայաստանինը` շուրջ 35%-ը (2009 թ.) կամ 3մլրդ դոլար: Այստեղ Հայաստանը որոշակի առավելություն ունի: Եվ ուրեմն, հայ-թուրքական հարաբերությունները զարգացնելիս անթույլատրելի կլինի Թուրքիայի նկատմամբ պարտքերի կուտակումը: Թուրքիան ներկայումս հայտնի է իր ինտելեկտուալ պոտենցիալով: Մի շարք թուրք տնտեսագետներ միջազգային համբավ ունեն. Քեմալ Դերվիշ, Էմին Գուրգեն, Ջեյլա Բազարբազիօլու: Թուրք մասնագետները լայն ընդգրկում ունեն միջազգային հանրության կողմից տարբեր երկրներում իրականացվող տնտեսական բարեփոխումներն առաջնորդելու առումով: Թուրքական համալսարանները լուրջ ուսումնասիրություններ են կատարում համաշխարհային տնտեսության դինամիկայի ու հեռանկարների շուրջ: 2007 թ. հունվարին ՀՀ իշխանությունների աջակցությամբ Արմենիա-Մարիոթում կազմակերպված «Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները» գիտաժողովի, ինչպես 2009 թ. Հայաստանի Ամերիկյան համալսարանում PFA-ի կոնֆերանսի ժամանակ մենք ականատես եղանք համաշխարհային եւ Հայաստանի տնտեսության վերաբերյալ պրոֆեսիոնալ զեկույցների, որոնք վկայում էին, որ Հայաստանը վաղուց նրանց ուշադրության կենտրոնում է: Այսպիսով, մի կողմից հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների զարգացումը Հայաստանին նոր հնարավորություններ է տալիս էականորեն ավելացնել զարգացման ռեսուրսային բազան, ինտեգրվել համաշխարհային տնտեսության հետ, բացում է նոր շուկաներ, շեշտակիորեն փոխում երկրի աշխարհաքաղաքական դիրքն ու նշանակությունը: Դրա հետ մեկտեղ, մյուս կողմից, համապատասխան կազմակերպվածության, դինամիկ ձեռներեցների հոծ խավի բացակայության, իշխանավորների ու օլիգարխների լկտիության, մենաշնորհների պայմաններում Հայաստանը կարող է կորցնել իր ինքնուրույնությունը, տարրալուծվել թուրքական տնտեսական ու քաղաքական օվկիանոսում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել