Հոգեկան հիվանդների հարազատները կասկածի տակ են դնում հայկական արտադրության դեղերի որակը
Էջմիածնի բնակիչ Հասմիկ Հակոբյանին հանդիպեցինք Էջմիածնի պոլիկլինիկայում: Նա հուզված էր: Աղջիկ` Անահիտը, 30 տարի է տառապում է հոգեկան հիվանդությամբ: Նա ընդունում է Տրիֆտազին, Ցիկլադոլ, Դիազեպան, Հալոպերիդոլ դեղերը:
Քանի որ Անահիտը հաշմանդամ է, դեղերը տրվում են պետպատվերի շրջանակներում, սակայն, մոր ասելով, անվճար տրվող դեղերը բացառապես հայկական արտադրության են եւ արդյունք չեն տալիս:
«Հիմնականում դժգոհում եմ մեր տեղական դեղերից: Աղջիկս արդեն 30 տարվա հոգեկան հիվանդ է: Երբ ռուսական դեղ է խմում, իրեն շատ լավ է զգում, իմ վիճակն էլ հանգիստ է: Հիմա մեր ու հարեւաններիս անդորրը խանգարվում է, երբ տեղական դեղ է խմում: Ամբողջ օրը կռիվ, ղալմաղալ է անում, սկսում է թոռներիս ծեծել: Ես էլ ի վիճակի չեմ ամեն անգամ ռուսական դեղ առնեմ: Էջմիածնում էլ դեղատուն չի մնացել, որտեղ պարտք չունենամ: Տեսնում եմ, որ հայկական դեղերը չեն օգնում, պարտքով եմ վերցնում, բա էլ ի՞նչ անեմ: Ափսոս տեղը չգիտեմ, թե որտեղ են արտադրում էդ դեղերը, թե չէ կգնամ կհասնեմ ընդեղ, խայտառակ կանեմ: Էս ի՞նչ վիճակ է մեր վիճակը»,- ասաց Հասմիկ Հակոբյանը:
Հիվանդի մոր ասելով` բոլոր դեղերը փորձել են: Տեղական արտադրության դեղերից Անահիտն ավելի ագրեսիվ է դառնում: «Ավելի լավ է հայկական դեղ չխմի, քան թե անունն անում ենք դեղ ենք տալիս, խմում է ու սկսում ծեծ ու ջարդ անել տանը: Եթե իրան անվճար դեղ է հասնում, ինչի՞ պետք է իրա թոշակը տամ, թանկ ու կրակ դեղերն առնեմ: Ինչի՞ համար են միայն հայկական դեղերն անվճար տալիս: Ես բողոքում եմ, որովհետեւ ի վիճակի չեմ ամեն անգամ դեղատնից դեղ գնեմ: Հենց հիմա պետք է գնամ դեղատնից ռուսական դեղ գնեմ, 4-5 հազար դրամ պիտի ծախսեմ դրա համար, բայց աղջիկս էլ 7000 դրամ թոշակ է ստանում: Այդ գումարով իրան կերակրե՞մ, հագցնե՞մ, թե դեղերն առնեմ: Ես ո՞ր մեկն անեմ: Ամեն անգամ գալիս պոլիկլինիկայի բժիշկների վրա եմ զայրանում, իրենք էլ ասում են` ես ի՞նչ անեմ: Մենք էլ ենք մեղք, չէ՞: Ինչքա՞ն կարելի է այս վիճակին դիմանալ»,- ավելացրեց տիկին Հասմիկը: Նրա ասելով` հիվանդ աղջիկն էլ է հասկանում դեղերի տարբերությունը եւ սկսում է հայկական դեղ չխմել, քանի որ դրանից ավելի վատ է զգում: «Աղջիկս էլ է հասկանում արդեն դեղերի լավ ու վատ լինելը: Որ հայկական դեղ եմ տալիս, ասում է` էս ի՞նչ դեղ ես տվել, ինձ ներվայնացնում է: Ես էլ սուս ու փուս եկել եմ պոլիկլինիկա, բժշկին խնդրել եմ, որ ուրիշ դեղեր գրի, գնամ թեկուզ փողով առնեմ, որ ներվերս հանգիստ լինեն»,- ավելացրեց Հասմիկը: Հ. Հակոբյանն ասում է, որ միայն իրենց փողոցում 4-5 հոգեկան հիվանդ կա, եւ բոլորն էլ դժգոհում են հայկական արտադրության դեղերի որակից: «Մենակ իմ աղջիկը չի այդպես, բոլորն էլ հայկական դեղերից վատ են զգում: Պետությունը պետք է ուշադրություն դարձնի նման հարցերին: Պետությունը պետք է իրեն վատ զգա, որ իր երկրի փողոցներում հիվանդները դուրս են գալիս ու սկսում են հայհոյել, բղավել, խանգարել անցորդներին: Առանց այդ էլ վատ պայմաններում ենք ապրում` ոչ ապրուստի միջոց կա, ոչ աշխատանք ունենք, հիվանդների դեղերն էլ մի կողմից են նեղություն տալիս մեզ»,- ավելացրեց հիվանդատերը: Նրա պահանջը մեկն է` պետպատվերով դեղերի ցանկում ներառել նաեւ այլ երկրների արտադրած դեղերը, քանի որ հայկականներն արդյունավետ չեն: Երբ Հասմիկ Հակոբյանին փոխանցեցինք ՀՀ Առողջապահության նախարարության դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Էմիլ Գաբրիելյանի խնդրանքը, որ հայկական եւ այլ երկրի արտադրած նույն դեղը տանեն իրենց կենտրոն` փորձաքննության, հիվանդատերը զայրացավ. «Էլ բան ու գործ չունե՞մ: Հիմա էլ դեղերն առնեմ, ընկնեմ դռնեդուռ, որ փորձարկեն: Իրենք լավ էլ գիտեն, թե ինչ դեղ են արտադրում, թող իրենք էլ փորձաքննությունն անեն»:
Զրուցեցինք նաեւ Անահիտի հոգեբույժի հետ:
Անիկ Քեփիդյանը հաստատեց, որ հոգեկան հիվանդները դժգոհում են հայկական արտադրության դեղորայքից: «Հիվանդները հիմնականում դեղերից են դժգոհում: Ես չեմ կարող կոնկրետ ասել` հայկակա՞ն դեղն է լավ, թե՞ այլ երկրի արտադրածը: Մենք եզրակացնում ենք միայն հիվանդների կարծիքներից: Նրանց ասելով` հայկական դեղերը չեն ազդում, դեղը խմած-չխմած` մի հաշիվ է: Մի հիվանդ էլ ունեմ, բողոքում է, թե հայկական դեղը ջրի նման է ու օգուտ չի տալիս»,- ավելացրեց հոգեբույժը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել