HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Այժմ բեմը Քաշաթաղն է` նոր գույներով ու շերտերով

Աշոտ Ճենթերեճյանի նախկին տարիների մեծ բեմերն այսօր փոխարինվել են Քաշաթաղ կոչվող բեմով` իր կիսավեր տներով ու ճանապարհներով, ոչ բարվոք, պատերազմի հետքերով... Հայտնի ջութակահարն այսօր ապրում է Քաշաթաղի շրջանի Բերձոր շրջկենտրոնում, որտեղ իր տարիների փորձն է կիսում փոքրիկ բերձորցիների հետ:

Աշոտ Ճենթերեճյանը ծնվել ու մեծացել է Երեւանում: Ավարտել է Երեւանի Չուխաջյանի անվան 7-ամյա, այնուհետեւ` Չայկովսկու անվան 10-ամյա երաժշտական դպրոցը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Այս ճանապարհն Աշոտ Ճենթերեճյանն անցել է եղբոր` Արմենի հետ: Զույգ եղբայրները, ինչպես Աշոտն է պատմում, 2-րդ դասարանից միասին էին նվագում, բայց վերջնական կողմնորոշումը` ջութակի դուետով հանդես գալու, եղավ կոնսերվատորիայի դիպլոմային աշխատանքի ժամանակ, երբ Կովկասում առաջին անգամ նվագեցին 2 ջութակի սոնատը: «Քննական հանձնաժողովի նախագահի` Պրոկոֆեւի լավագույն գիտակներից մեկի գնահատականը վերջնականապես որոշեց մեր անցնելիք ճանապարհը»,- հիշում է Աշոտ Ճենթերեճյանը: Եղբայրները 35 տարի շարունակ դուետով ելույթ են ունեցել աշխարհի տարբեր բեմերում: Արդեն 5 տարի է նրանք ելույթներ չեն ունենում, ապրում ու աշխատում են տարբեր երկրներում: Եղբորը` Արմեն Ճենթերեճյանին տարիներ առաջ հրավիրել են ղեկավարելու Սիրիայի Կանաչյան երաժշտանոցը, իսկ Աշոտին էլ` Արցախի պետական կամերային նվագախումբը: Նա Հայաստանից Ստեփանակերտ եկավ 15 հոգանոց խմբի հետ: «3 տարի աշխատեցի նվագախմբում, սակայն հետո հարաբերություններս լարվեցին դիրիժորի հետ եւ դուրս եկա նվագախմբից: Շատերն են դուրս եկել մեր ընկերներից, մնացել են մի քանի հոգի ընդամենը: Դրանից հետո որոշեցի տեղափոխվել Երեւան, սակայն Բերձորի երաժշտական դպրոցի տնօրենն առաջարկեց ջութակ դասավանդել դպրոցում: Առաջարկն ուրախությամբ ընդունեցի ու տեղափոխվեցի այստեղ»,- ասում է Աշոտը: Քաշաթաղը նրա համար «նոր գույն է, նոր շերտ»: «Նայում ես փլատակներին ու հանկարծ մի զիլ երեխա է դուրս գալիս այստեղից»,- այսպես է նկարագրում փոքրիկ բերձորցիներին Աշոտը: «Երեւանում նստած` բոլորը հայրենասիրությունից են խոսում, բայց իսկական հայրենասերներն այստեղ ապրողներն են»,- ասում է ջութակահարը: Նա հպարտանում է Քաշաթաղի մտավորականներով, ովքեր հավաքվել են քանդված քաղաքում ու ապագա են ստեղծում, «բնակիչների առաջ խնդիր դնում, աջակցում այդ խնդիրների լուծմանը»: «Արդեն երեք տարի է այստեղ եմ: Իմ երեխաներին արդեն հասցրել եմ ինչ-որ մակարդակի, բոլորն էլ կրթություն են ստացել ու իրենց տեղը գտել կյանքում: Մտածեցի, որ մի հայ երեխայի էլ ինչ-որ ճանապարհի վրա կանգնեցնեմ ու եկա»,-ասում է Արմենը: Նա Բերձորում մենակ է ապրում: Չնայած քաղաքի ոչ բարվոք ենթակառուցվածքներին ու պայմաններին` շարունակում է մնալ ու աշխատել այստեղ` ամեն օր գալով երաժշտական դպրոց, որտեղ իրեն սպասում են «զիլ փոքրիկները»: Բացի դասավանդելուց` Աշոտ Ճենթերեճյանը ղեկավարում է նաեւ Բերձորի ժողգործիքների` 8 տարի առաջ ստեղծված նվագախումբը: 10 աշակերտ ունի հիմա, որոնցից 3-ը, իր խոսքերով, խոստումնալից երեխաներ են, եւ եթե ծնողներն ավելի հետեւողական լինեն, ապա մեծ արդյունքի կհասնեն: Իսկ դպրոցից հետո մեծ ընտանիքում ապրած Աշոտն իր մենակությունը փորձում է լրացնել մի քանի հարեւանների եւ ընկերների հետ շփվելով: «Ճիշտ է, պրոբլեմները շատ են, բայց ամեն լույսը բացվելուն պես տեսնելով արդեն օպտիմիստի տարիքն անցած մարդկանց ժպիտները` նոր լիցք եմ ստանում»,- ասում է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter