HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր հարստությունը մեր 7 երեխաներն են»

Լոռու մարզի 500 բնակիչ ունեցող Մղարթ գյուղի գյուղամիջում կեսօրին շուրջ մեկ տասնյակ տղամարդիկ էին նստած: Մոտեցա նրանց, հարցրի ազատամարտիկ Աղասի Դանիելյանի տան տեղը: Ու մինչ ցույց կտային տունը, զրույցի բռնվեցինք: Խնդրեցին՝ «Եթե կարող եք, «Հետքում» գրեք, որ գազը հասել ա մեր գեղը, դպրոցի մոտ ա, Կառավարությունը թող մի բանով մեզ օգնի, ծրագիր-մրագիր տա, մեր տները գազ քաշենք:

Այ, դա գործ կլինի»: Խոստացա, որ անպայման կգրենք: Ցանկացա լուսանկարել, նրանք իրար խառնվեցին: «Այտա, թրաշված չենք»,- ասաց տղամարդկանցից մեկը: «Մեր գեղի մասին էնքան գրել են, մեր բիձա Լիթոն էլ է գրել, բան չի փոխվում»,- ասաց Գուրգեն Մոսինյանը: «Գեղըմը հարս չկա պառկող, րեխա չկա ծնվող: Մեր տղեքը գիշերը քնում են, ցերեկն ըշխատում»,- դժգոհեց տարեց Սամսոն Դալլաքյանը, եւ տղամարդիկ ծիծաղեցին: Նրանցից մեկն էլ ասաց, որ ամեն տարի խոպան է գնում, Սամսոնն էլ իսկույն ավելացրեց. «Այտա, դա ուզում ա գնա, ուզում ա` չէ: Դրա կնիկը րեխա բերողը չի, զավոդը փագել ա: Էս տարի գեղըմը մի երեխա ա ծնվել»: «Հեսա` 30 տարեկան մարդ ա, անկնիկ ման ա գալիս»,- կողքին կանգնած գյուղի ջահելներից մեկին` Ռոմանին նայելով՝ նախատեց Սամսոնը: Տղամարդիկ ցույց տվեցին ազատամարտիկի տունը: Մղարթցի 45-ամյա Աղասի Դանիելյանը կեսօրին տանը չէր, գնացել էր ուրիշի դաշտում կարտոֆիլ հավաքելու: Նրա 14-ամյա որդին` Սաքոն, բջջային հեռախոսով կապվեց հոր հետ, եւ նա դաշտից հեռախոսով պատասխանեց հարցերիս: «Ղարաբաղում կռվել եմ 1992-1994 թթ.-ին, կռվել եմ Մարտունիում, Մոնթե Մելքոնյանի զորամասում, Մոսիի ջոկատում: Լոռու պոստում եմ կռվել: Թուրքերը վերցրել էին մեր պոստը: Մարտունիի 12 պոստերի մեջ լոռեցիների պոստը աջ թեւում էր»: Աղասին պատմեց, որ 1994 թ.-ի փետրվարի 17-ին մասնակցել է Լոռու պոստի ետգրավման կռիվներին: «Կողքիս կռվի թեժ պահին զոհվել են վանաձորցի 5 ազատամարտիկներ, ես նրանց չեմ կարողանում մոռանալ»,- ասաց Աղասին: Ազատամարտիկն այսօր գտնվում է նյութական ծանր վիճակում, հազիվ է կերակրում 9 անձից բաղկացած իր ընտանիքը: «Ասում եք՝ ինչպե՞ս եմ գնահատում ընտանիքիս ապրելակերպը, այնպես եմ գնահատում, որ 7 երեխաներիցս 5-ը տանն են ծնվել, միջոցներ չեմ ունեցել կնոջս ծննդատուն տանելու ու գինեկոլոգների ծախսերը փակելու: Գինեկոլոգն էլ ես եմ եղել: Ծնվելուց հետո եմ երեխաներին մեկ օրով տարել ծննդատուն, այն էլ՝ ծննդական ստանալու համար, այ այդպես եմ ապրել»,- ասաց Աղասի Դանիելյանը:

 7 երեխաներից մեծը 20 տարեկան է, փոքրը` 2: «3 տղա եւ 4 աղջիկ ունեմ»,-ասաց երեխաների մայրը՝ Եվգենյան եւ սկսեց թվարկել նրանց անունները` Նինա, Սիլվա, Սարգիս, Մարիամ, Գեւորգ, Գիսանե, Արգամ»: Մոր կողքին կանգնած ու երբեմն մեր զրույցին անհարկի խառնվող 14-ամյա Սաքոյի մասին մայրն ասաց. «8-րդ դասարանը նոր է ավարտել, գնալու էր Ալավերդու ուսումնարանում սովորելու, բայց հագուկապ չունենալու պատճառով չգնաց: Կոշիկ, շոր չունի: Կոշիկ ունի, ուղղակի քաղաքի չի»: Երբ ուզում էի նկարել Սաքոյին, նրա 4-ամյա քույրը` Գիսանեն, վազելով բերեց ու Սաքոյի ոտքերի մոտ դրեց նրա փոքր-ինչ հնամաշ կոշիկները, որ Սաքոն ներկայանալի կոշիկներով նկարվի: «Հիմա որ գնաք, պետք է մեզ հարցնի, թե ինչու՞ ասեցիք, որ կոշիկ ու շոր չունենք, մեզնից պետք է նեղանա»,- ծիծաղելով՝ Գիսանեի մասին ասաց մայրը: Գիսանեն մանկապարտեզ չի գնում, որովհետեւ Մղարթ գյուղում մանկապարտեզ չունի: ««Վոլդ Վիժն»-ի կողմից գյուղում կազմակերպված երեխաների 4-ժամյա ճամբարն է գնում»,- բացատրեց մայրը: Թե ինչպես են կերակրում 7 երեխաներին՝ Եվգենյան ասաց. «Ամուսինս էլ է կարտոֆիլ հավաքելու գնում, ես էլ եմ գնում, որպեսզի երեխեքին կարողանանք ծերը ծերին հասցնենք: Էդ գործում մեզ օգնում է նաեւ 20 տարեկան աղջիկս, մի օր հոր հետ ես եմ գնում կարտոֆիլ հավաքելու, մի օր՝ աղջիկս: Նա միջնակարգ կրթություն է ստացել»: Եվգենյան ասաց, որ ինչպես ազատամարտիկ ամուսինը, այնպես էլ իրենց բազմանդամ ընտանիքը որեւէ արտոնությունից չի օգտվել: Եվգենյային հարցրի՝ ինչ է պատրաստելու ընթրիքի համար, ժպտալով պատասխանեց. «Թթու կդնեմ, ճաշ կեփեմ, կարտոֆիլով սուպ եմ եփելու: Հա, դե միս էլ պատահական, հո ամեն օր միս չենք ուտում: Շաբաթական, եթե լինում ա, հա: Մեր ուլիկներից էինք մորթել, 4 ուլիկ ունենք, մեկը մորթել ենք: Բացի այդ էլ, միսը գյուղի խանութից ապառիկով ենք վերցնում: Նպաստի 49 հազարը այնքան փող չի, որ ես 10 կգ-ով միս վերցնեմ: Երբ երեխաներից մեկի ծնունդն է լինում, ուզում եմ մի բան արած լինեմ, որ ուրախանան»: Ու մինչ մայրը պատմում էր տան հոգսերից, 14-ամյա Սաքոն, ձեռքն ինձ պարզելով, ցույց տվեց թեւին կապած ժամացույցը. «Պապային նվեր էին տվել, էն էլ պապաս բերեց ինձ տվեց»: «Ժամացույցը ամուսինս սարում աշխատելիս է նվեր ստացել, որպես լավ աշխատող են իրեն նվիրել»,- ավելացրեց մայրը: «Երկու հատ էլ հեռախոս էին տվել հայրիկիս, մեկը քրոջս ձեռքին ա, մեկն էլ իրա ձեռքին ա: Էլի սարումն են նվիրել»,- հորով կրկին պարծեցավ Սաքոն: Եվգենյան ասաց, որ գյուղի խանութին 100 հազար դրամ պարտք ունեն: «Հիմա ո՞վ է լիարժեք ապրում, մեր գյուղում ոչ ոք էլ լիարժեք չի ապրում»,- արդարացավ Եվգենյան ու դժգոհեց գյուղի կյանքից: Ինքը «քաղաքի ապրած է ու չի հաշտվում գյուղի հետ»: Եվգենյան պատմեց, որ 1-ին դասարան գնացող իր երեխայի համար նախատեսված 25 հազար դրամը չի կարողացել ստանալ, որովհետեւ ժամանակին չի իմացել դրա մասին, մի քանի օր առաջ գնացել է «Փարոս»-ից երեխայի հասանելիք նպաստը ստանալու, աշխատակից Մհերն իրեն տեղեկացրել է, որ ուշ է դիմում եւ չի կարող օգտվել նպաստից: «Բայց ես չէի իմացել, պետք է վերադասները կազմակերպեին, դպրոցի ղեկավարը պետք է մեզ տեղեկացներ, էդ էլ չստացանք: 49 հազար դրամ նպաստ ենք ստանում, տունը հազիվ 60 հազար դրամ է մտնում: Եկամուտը ընտանիքիս բավարարում է մի 15 օր: Մնացած օրերին պարտք ենք անում: Հիմա որս հասցնում ենք՝ կարտոֆիլ հավաքելու ենք գնում, Սաքոն էլ անտառից ցախ է հավաքում, որ տունը տաքացնենք»: «Էս էլ չեն թողնում բերենք, էս քանի օր ա չեմ կարողանում ցախ բերել, կացինս վերցրել ա մեր գյուղի անտառապետը»,- միջամտեց Սաքոն: Բազմազավակ մայրը նաեւ տեղեկացրեց, որ ինչպես «Երկրապահ» կամավորական միության Ալավերդու կազմակերպությունը, որտեղ գրանցված է ամուսինը, այնպես էլ Մղարթի համայնքապետարանը որեւէ աջակցություն ցույց չեն տվել իրենց բազմանդամ ընտանիքին: «Երկրապահները ամեն տարի գալիս են ստեղ հավաքվում, հայրիկիս չեն կանչում»,- երկրապահներից իր վիրավորանքը հայտնեց Սաքոն: «Գյուղում 2 ազատամարտիկ կա, ամուսինս եւ իր հորեղբոր տղան, հորեղբոր տղային կանչում են, մենք նրանց գնալուց հետո ենք իմանում, որ եկել են: Իմ ամուսինը կռվել ա, որ թիկունքում մնացած մոլորյալ ոչխարներին պաշտպանի»,- դժգոհեց Եվգենյան: Թե ովքե՞ր են մոլորյալ ոչխարները, նա բացատրեց. «Մոլորյալ ոչխարները նրանք են, ովքեր ասում են` Ձեզ խնդրե՞լ ենք, որ գնաք կռվեք: Քեզ ով ղրգեր Ղարաբաղ կռվելու, էդպիսիններին ես մոլորյալ ոչխարներ եմ համարում: Մինչդեռ ամուսինս պատերազմից վերադարձել է անառողջ վիճակում, իսկ մեր հարստությունը մեր 7 երեխաներն են: Ունեցվածքներս էլ` 3 հատ այծ է ու մի հատ էշ»,- ասաց ազատամարտիկի կինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter