«Իշխող վարչախումբը պարբերաբար քաղաքական հաշվեհարդար է տեսնում անցանկալի գործիչների հետ»
Ոստիկանության Անձնագրային և Վիզաների վարչության Իջևանի բաժանմունքը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանին տրամադրել տեղեկանք` վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում մշտապես բնակվելու մասին: Այս առնչությամբ «Նոր Ժամանակներ» կուսակցության Վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ.
«Հայկական քաղաքական դաշտում հերթական անգամ ականատես ենք լինում մի երևույթի, երբ մինչև կոկորդը կրիմինալի մեջ թաթախված իշխող վարչախումբը իր հերթական հանցագործության կատարող է ընտրում ՀՀ իրավապահ համակարգի վերոնշյալ կառույցը:
Սա հետևանք է այն երևույթի, որ ոստիկանական այդ ստորաբաժանման թեթև ձեռքով «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը նախ 2003 թ.-ին զրկվեց ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածուի գրանցումից, այնուհետև, 2007 թ.-ին` անհեթեթ ձևակերպումով, գրությամբ նրան մշտական բնակության մասին տեղեկանք չտրամադրեցին, ինչի արդյունքում Արամ Կարապետյանը չգրանցվեց ՀՀ Նախագահի թեկնածու:
Գնահատելով ստեղծված իրավիճակի լրջությունը «Նոր Ժամանակներ» կուսակցության Վարչությունը հայտարարում է.
1. Իշխող վարչախումբը ՀՀ Ոստիկանության Անձնագրային և Վիզաների վարչությունն իր համապատասխան ստորաբաժանումների հետ միասին դարձրել է ձեռքի գործիք և պարբերաբար քաղաքական հաշվեհարդար է տեսնում իշխանության համար անցանկալի քաղաքական գործիչների հետ, զրկելով նրանց ընտրվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր կամ ՀՀ Նախագահ:
2. Իրավապահ համակարգի այդ կառույցի հակաօրինական գործունեության հետևանքով փաստորեն լուրջ հարված է հասցվում մեր պետական անվտանգությանը, հատկապես, երբ նրա կողմից տրամադրվող փաստաթղթերը կարող են առաջացնել լուրջ խնդիրներ այլ երկրների հետ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել